ԱՄՆ Մուտքի Արտոնագրեր. 10 Տարվա Վիզան 10 Տարվա Բնակության Իրավունք Չի Տալիս

ԱՄՆ Մուտքի Արտոնագրեր. 10 Տարվա Վիզան 10 Տարվա Բնակության Իրավունք Չի Տալիս

Սիրելի ընթերցող, շարունակելով ԱՄՆ ներգաղթային օրենսդրության և այդ ոլորտի հնարավորությունների վերաբերյալ Լոս Անջելեսի «Alexanyan Law Group» APLC փաստաբանական գրասենյակի և հայազգի մի խումբ իրավաբանների նախաձեռնած օնլայն տեղեկատվական իրավախորհրդատվությունների շարքը, այս անգամ մեր թվով 3-րդ հոդվածը կնվիրենք ԱՄՆ ոչ ներգաղթային և զբոսաշրջության նպատակով տրվող մուտքի վիզաներին՝ արտոնագրերին, դրանց տեսակներին ու առանձնահատկություններին:
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ մուտքի վիզաները լինում են 3 կատեգորիայի.
    1. Ներգաղթային/էմիգրացիոն 
    2. Ոչ միգրանտային՝ զբոսաշրջային
3.  Փախստականներ
Նախորդ հոդվածում մենք արդեն իսկ անդրադարձել ենք ներգաղթային /էմիգրացիոն նպատակներով տրվող մուտքի վիզաներին, որոնք որքան էլ տարբեր են իրենց ձևով, բայց ունեն գրեթե միևնույն ընդհանրական, հիմնական նպատակը՝ մշտական և օրինական բնակության հաստատում ԱՄՆ-ում: 

Ի տարբերություն ներգաղթային վիզա ակնկալողների, ոչ միգրանտները՝ գիտնականներն ու արվեստի գործիչները, զբոսաշրջիկները կամ ուսանողները, քաղաքացիներն առհասարակ, ցանկանում են մուտք գործել Միացյալ Նահանգներ ժամանակավոր այցելության նպատակով և ենթադրվում է, որ չունեն ԱՄՆ-ում մշտապես ապրելու նպատակ: 
Սակայն, չնայած նույնիսկ այս հանգամանքին, ԱՄՆ ներգաղթի մասին օրենսդրությունը և ԱՄՆ «Ներգաղթի և Ազգության Մասին Ակտը» (the Immigration and Nationality Act (INA) գործում է այն կանխակալ ենթադրությամբ և սահմանում է այն միտքը, որ բոլոր անձինք, ովքեր ցանկանում են մուտք գործել Միացյալ Նահանգներ, նույնիսկ ոչ էմիգրացիոն նպատակներով՝ ոչ մշտական բնակության արտոնություն տվող վիզաներով, միևնույնն է, նրանց նույնպես  պետք է դիտարկել որպես առաջիկայում պոտենցիալ մշտապես բնակություն հաստատել ցանկացողների և նման իրավունք հայցողների (Lawful Permanent Resident (LPR):

Ահա սա է այն հիմնական պատճառներից մեկը, որ ԱՄՆ հյուպատոսական ծառայությունները բավականին մանրակրկիտ ուսումնասիրում են յուրաքանչյուր անհատի ներկայացրած նույնիսկ ոչ ներգաղթային մուտքի արտոնագրի դիմումը և ժամանակավոր այցելության մուտքի վիզա հայցող անձը պարտավոր է հյուպատոսական բաժնի աշխատողին կարողանա հիմնավոր փաստեր ներկայացնի և ապացուցի, որ իր նախատեսած շրջագայության ծրագրերն ավարտելուց հետո ու նշված ժամկետներում նա միանշանակ լքելու է ԱՄՆ տարածքը:

Վաղուց բոլորն են տեղյակ, որ Միացյալ Նահանգներ ժամանակավորապես մուտք գործելու արտոնություն ստանալու համար նախ և առաջ անձը պետք է նախապես հարցազրույց անցնի իր երկրում գործող ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատողի հետ (ԱՄՆ Պետ.դեպարտամենտի՝ արտերկրում գործող գրասենյակի աշխատակից), ով յուրաքանչյուր դիմորդի մասով իրականացնում է նախնական և անհատական ուսումնասիրություններ, որից հետո հարցազրույցի ավարտին հայտնում է ԱՄՆ մուտքի թույլտվության արտոնագրի՝ վիզայի, տրամադրման կամ դրա մերժման վերաբերյալ: 

Ի դեպ, հաշվի առեք, որ ԱՄՆ օրենդրությամբ վիզայի հաստատումը և տրամադրումը, այնուամենայնիվ, անձին դեռևս չի տալիս վերջնական երաշխիք, որ նա մուտք կգործի Միացյալ Նահանգներ: Հյուպատոսարանի աշխատակցի կողմից մուտքի արտոնություն՝ վիզա տրամադրելը նշանակում է, որ անձը ստանում է իրավունք, թույլտվություն՝ այցելելու ԱՄՆ, սակայն արդյոք վիզա ունեցողը հնարավորություն  կունենա մուտք գործել ԱՄՆ պետական տարածք և թե որքան ժամանակ նա կարող է գտնվել այդ երկրում, դա արդեն որոշում է սահմանի վրա՝ օդանավակայանում, նավահանգստում կամ որևէ ճանապարհային սահմանային անցակետում գործող ԱՄՆ սահմանապահ ծառայության աշխատակիցը (Department of Homeland Security (DHS): Գրանցվել են դեպքեր, երբ մուտքի վիզա ունեցող որոշ անհատների ԱՄՆ սահմանապահ ծառայության աշխատակիցները ուղղակի օդանավակայանից կամ նավահանգստից արգելել են մուտք գործել երկիր և հետ են ուղարկել՝ հենց սահմանից: Դա պայմանավորված է հատուկ ծառայության բնույթից բխող հանգամանքներով, տվյալ անձի ոչ ցանկալի լինելով, ինչպես նաև երկրի անվտանգության նկատառումներով:

Անկախ անձի ունեցած վիզայի՝ մուտքի արտոնագրի տեսակից և նրա գործունեության ժամկետից (3 ամսից մինչև 10 տարի), ԱՄՆ-ում անհատի գտնվելու ժամանակի տևողությունը վերջնականապես որոշվում է սահման մուտք գործելու ժամանակ՝ օդանավակայանի կամ ծովային նավահանգստի տարածքում գործող սահմանապահ ծառայության պաշտոնատար անձի կողմից: Այսինքն, հնարավոր է, որ դուք ունենաք ԱՄՆ մուտք գործելու արտոնագիր՝ 10 տարի ժամանակով, սակայն ԱՄՆ մուտք գործելիս ԱՄՆ-ում ձեր մշտապես գտնվելու և բնակվելու իրավունքի ժամկետը կարող է սահմանափակվել 1 ամսից մինչև 6 ամիս ժամանակով: Եվ պետք է նկատի ունենալ, որ շատ կարևոր է երբեք չխախտել սահմանապահ ծառայության կողմից տրված վերջնաժամկետները և անհրաժեշտ է դուրս գալ ԱՄՆ տարածքից՝ այդ ժամկետի շրջանակում, իսկ որ ավելի նպատակահարմար է՝ մինչև դրա լրանալը: Այլապես դուք մեծ ռիսկի եք ենթարկում և խոցելի դարձնում ձեզ՝ ինքնաբերաբար կամ ձեր կամքից անկախ, ձեր կարգավիճակին հաղորդելով անօրինական ներգաղթյալի կարգավիճակ, որի պատճառով ձեր երկիր վերադառնալուց հետո երկար տարիներ ձեզ չի հաջողվի կրկին ձեռք բերել մուտքի վիզա, քանի որ ներառված կլինեք էմիգրացիոն, այսպես կոչված, «Սև ցուցակում»: 

Այս առումով կրկնենք․ եթե ԱՄՆ մուտքի վիզան ձեզ տալիս է իրավունք՝ ԱՄՆ մեկնելու, ապա սահմանապահ ծառայության աշխատակիցն է որոշում ԱՄՆ ձեր մուտք գործել – չգործելու հարցը, ինչպես նաև ԱՄՆ-ում ձեր գտնվելու թույլատրելի ժամկետը, որը չլրացած դուք պետք է երկրից մեկնեք: 10 տարվա մուտքի արտոնագիր (վիզա) ունենալը ընդամենը ազատում է ձեզ այդ ժամանակահատվածում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցների հետ այլ հարցազրույցներ ունենալու պարտականությունից և չի տալիս ԱՄՆ-ում 10 տարի անընդմեջ գտնվելու, ապրելու իրավունք:
Հիշեք, որ մուտքի արտոնագիր ստանալուց հետո դուք պետք է խստագույնս համապատասխանեք նրա բոլոր պահանջներին և պահպանեք այդ պահանջները` Միացյալ Նահանգների տարածքում գտնվելու ողջ ժամանակահատվածում:

Ավելորդ չէ նշել նաև, որ զբոսաշրջային և ոչ ներգաղթային մուտքի արտոնագրերի որոշ տեսակներ կան, որոնք թույլ չեն տալիս նրա տիրապետողներին Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում օրինական աշխատել և որևէ նյութական շահույթ հետապնդել: Ներկայումս քիչ չեն դեպքերը, երբ որոշ քաղաքացիներ ձեռք են բերում մուտքի արտոնագրեր և ԱՄՆ ժամանելուց հետո զբաղվում են շահույթ հետապնդող գործունեությամբ, առանց ուշադրություն դարձնելու այն հանգամանքին՝ արդյոք իրենց վիզայի տեսակը թույլատրո՞ւմ է իրենց զբաղվել ձեռնարկատիրությամբ, թե ոչ: Այս երևույթի հետ կապված դեռևս առերևույթ խիստ պատժամիջոցներ չեն ձեռնարկվել կամ ակտիվ պայքար չի մղվում, սակայն եթե որևէ հաղորդում ստացվի նման գործունեությամբ որևէ մեկի ներգրավվածության վերաբերյալ, կամ ձեզանից անկախ, այլ հանգամանքների բերումով դա սկսի հետաքրքրել պատկան մարմիններին, ապա դա կարող է վտանգել ԱՄՆ-ում ձեր կացության իրավական կարգավիճակը և հետագայում դուք խնդիրներ կունենաք նորոգելու ձեր մուտքի արտոնագիրը կամ նորը ձեռք բերելու ժամանակ:

Ոչ ներգաղթային վիզաները կարելի է առանձնացնել 6 խմբում, դրանցից յուրաքանչյուրն էլ իր հերթին ունի իր ենթախմբերը՝ համապատասխան արտոնագրերի տեսակներով՝ 
    (1) Զբոսաշրջային  (B-1 և B-2)
    (2) Կրթական (F-1 և J-1)
    (3) Ընտանեկան հատուկ կապերի հիման վրա (K-1 և V )
    (4) Աշխատանքային կամ բիզնես նպատակների (E-1, E -2, H-1B, H-1C, H-2A,  H-2B, H-3)
    (5) Կառավարական կամ միջկառավարական
    (6) Տարբեր նպատակների

Չցանկանալով ծանրաբեռնել ձեզ այս ոլորտի վերաբերյալ ահռելի և այս փուլում ձեզ համար ոչ այնքան կարևոր տեղեկատվությամբ, ուզում եմ ներկայացնել ոչ ներգաղթային վիզաների տեսակները, կատեգորիաները և դրանց տրվող պայմանական անունները, իսկ դրանց բովանդակությունն ու առանձնահատությունները կպարզաբանենք մեր հաջորդ հոդվածներից մեկում:

Եվ այսպես, Ոչ ներգաղթային վիզայի տարածված տեսակներն ու դրանց տրված պայմանական անուններն են.
Purpose of Travel
Ուղևորության նպատակը
Visa Category
Վիզայի Տեսակը

a) Athlete, amateur or professional (competing for prize) b) Business visitor, Domestic employee or nanny - must be accompanying a foreign national employer
ա) Մարզիկ, պրոֆեսիոնալ կամ սիրողական (մրցումների մասնակցության համար)
բ) Բիզնես հարցերով այցելուներ, Տնային աշխատող կամ դայակ - պետք է ուղեկցեն օտարերկրյա գործատուին

B-1

a)Tourism, vacation, pleasure visitor
b) Medical treatment visitor for

ա) Զբոսաշրջություն, արձակուրդ, զվարճանքի նպատակներով այցելու
բ) Բուժման նպատակներով այցելություն

B-2


Diplomat or foreign government official
Դիվանագիտական կամ օտարերկրյա կառավարման մարմինների ներկայացուցիչներ

A
 


Employee of a designated international organization or NATO
Նախանշված միջազգային կառույցի աշխատակից կամ NATO-ի ծրագրերի շրջանակներում գործող այցելու
G1-G5, NATO

Exchange visitor
Փոխանակման ծրագրերի այցելու

J

Foreign national with extraordinary ability in Sciences, Arts, Education, Business or Athletics
Գիտության, արվեստի, կրթության, բիզնեսի և սպորտի բնագավառում արտակարգ կարողությունների տեր օտարերկրյա քաղաքացու այցելություն


O


International cultural exchange visitor
Միջազգային միջմշակութային փոխանակման ծրագրին մասնակցող այցելու

Q


Media, journalist
Լրագրողներ, Մեդիայի ներկայացուցիչներ

I

Performing athlete, artist, entertainer
Միջոցառումներով հանդես եկող մարզիկ, դերասան, զվարճանքի ոլորտի մասնագետ այցելու

P

Physician
Բժիշկ

J , H-1B

Professor, scholar, teacher (exchange visitor)
Պրոֆեսոր, գիտնական, ուսուցիչ (փոխանակման ծրագրերի այցելու)

J

Religious worker
Կրոնական աշխատողներ

R

Specialty occupations in fields requiring highly specialized knowledge
Հատուկ մասնագիտություններ, որոնց ոլորտներում պահանջվում են բարձրակարգ մասնագիտացված գիտելիքներ

H-1B

Student: academic, vocational
Ուսանող՝ ակադեմիական, մասնագիտական

F, M


Training in a program not primarily for employment
Դասընթացներ և վերապատրաստումներ, որոնք հիմնականում նախատեսված չեն աշխատանք ձեռք բերելու համար
H-3

Treaty trader/treaty investor
Պայմանագրով վաճառող/ներդրող կողմ

E

Victim of Criminal Activity
Քրեական գործունեության զոհ

U

Victim of Human Trafficking
Մարդկային թրաֆիքինգի զոհ

T

Nonimmigrant (V) Visa for Spouse and Children of a Lawful Permanent Resident (LPR)
Ոչ ներգաղթային (V) վիզա՝ ԱՄՆ-ում օրինական մշտական բնակչի կնոջ/ամուսնու կամ երեխաների համար, ովքեր ԱՄՆ մշտական բնակիչներ չեն
V

Սիրելի ընթերցող, եթե հետաքրքրված եք ԱՄՆ ներգաղթային հնարավորություններով կամ այս ոլորտի իրավակարգավորումներով, ապա հետևեք մեր պարբերաբար հրապարակվող հոդվածներին, որտեղ դուք կգտնեք շատ հետաքրքիր փաստեր և նորություններ, ինչպես նաև միշտ կարող եք մեր էլ.հասցեին՝ [email protected], ուղղել այս ոլորտի վերաբերյալ ձեզ հուզող հարցերը: Բոլոր հարցերին կտրվեն սպառիչ պատասխաններ, անհրաժեշտության դեպքում նաև անմիջական կապ կհաստատենք ձեզ հետ: Եղեք իրազեկված և միշտ պաշտպանված կլինեք օրենքով սահմանված բոլոր միջոցներով:
Գևորգ Մանուկյան, Իրավաբան
Լոս Անջելես, Քալիֆորնիա