Լրագրային շանսոն. ՔՊ-ն գնում էր Արցախ

Լրագրային շանսոն. ՔՊ-ն գնում էր Արցախ

-Ախչի, Լուլո՛ւ, Լուլո՛ւ…
-Ի՞նչա, տիկին Նազարյան…
-Ախչի մի գնա Նիկոլին, Ալենին, մյուսներին կանչի…
-Ի՞նչ է պատահել, տիկին Նազարյան:
-Ի՞նչ պետք է պատահեր, Արթուր Թովմասյանից խառը հեռագիր ա էկել, սիրտս վատ բան ա գուշակում, գնա տղերքին կանչիր…
-Արթուր Թովմասյանն ո՞վ ա, տիկին Նազարյան:
-Ո՞նց թե ով ա… Արցախի Ալեն Սիմոնյանն ա, Լուլու, էդ էլ չգիտե՞ս, ախչի: Դե շուտ արա, գնա տղերքին կանչի:

Լուլուն արագ իջավ Կասկադ, առաջինն Ալենին տեսավ՝ Աշոտիկի մոտ գարեջուր ըմպելիս, ապա աճապարեց կառավարության շենք՝ Նիկոլին հավար դնելու:

Լուրն արագ տարածվեց Ազգային Ժողովում: Քիչ անց ՔՊ ֆրակցիայի սենյակում ասեղ գցելու տեղ չկար:

-Տիկին Նազայան, տվեք, տեսնեմ այդ ի՞նչ հեռագիր է,- ԱԺ փոխխոսնակի իրավունքով հարցրեց Ռուբինյանը:
-Չէ, չէ, տվեք, թող Վլադիմիր Վարդանյանը կարդա,- միջամտեց Կոնջորյանը:
-Թող կարդա,- նեղացավ Ռուբինյանը:

Վլադիմիր Վարդանյանը Լենա Նազարյանից վախվխելով վերցրեց թուղթը և սկսեց.

- Уважаемый Никол Воваевич и госпожа Анна
Все вопросы, связанные с празднованием 30-летия независимости Республики Арцах, решены. Пожалуйста, приходите и благословляйте эти церемонии.
-Վա՛յ, տունս քանդվեց,- չոքերին տվեց Նազարյան Լենան:
-Ինչո՞ւ, տիկին Նազարյան, այստեղ ամեն ինչ պարզ գրված է՝ все решено, пожалуйста, приходите и благословляйте эти церемонии,- Լենային փորձեց հանգստացնել Ռուստամ Բաքոյանը:
-Չէ, չէ, էդ ի՞նչն է все решено, էդ ո՞նց են լուծել, առանց Նիկոլի՞… Չէ, սիրտս վատ բան է գուշակում,- շարունակեց ծնկներին տալ Լենան:

Այս իրարանցման մեջ Նիկոլն ու Ալենը ներս մտան: Նիկոլը հեռախոսով էր խոսում և, դիմելով հավաքվածներին, մատը դրեց շուրթերին՝ սսսսս…

-Այո, պարոն Նախագահ, հեռագիրն ստացել ենք, իհարկե հրավիրում են… Չէ, դեռ չենք որոշել, քննարկում ենք, այո ամբողջ ֆրակցիայով… Ի՞նչ, Դուք չե՞ք միանա մեզ, ինչո՞ւ… Հաաա, Մոզամբիկ, հետո էլ Քե՞նիա… Ինչ արած, մենք էլ քննարկենք՝ տեսնենք ինչ ենք անում:
-Պարոն վարչապետ, մենք արդեն ծանոթ ենք տեքստին՝ մեզ հրավիրում են մասնակցելու Արցախի անկախության 30-ամյակի միջոցառումներին,- զեկուցեց Կոնջորյանը,- մի 10 հոգով չգնա՞նք, որ ամեն ինչ շքեղ լինի:
-Է՛, ի՞նչ 10 հոգի, բյուջեն առանց այն էլ ճեղքվածք է տվել,- միջամտեց Ալեն Սիմոնյանը,- պարոն վարչապետը կգնա և վերջ:
-Ինչպե՞ս թե պարոն վարչապետը, բա տիկին Աննա՞ն,- նեղսրտեց Ռուբինյանը:
-Որ ասում եմ պարոն վարչապետը, Աննան էլ հետն ա, չեք հասկանո՞ւմ:
-Ոչ, հարգելի գործընկերներ, ես չեմ կարող գնալ, որովհետև կարճատև արձակուրդ եմ մեկնում,- հայտարարեց Փաշինյանը:
-Իսկ տիկին Աննա՞ն, դարձյալ նեղսրտեց Ռուբինյանը:
-Ռուբեն, երբ ասում եմ՝ ես, Աննան էլ հետս ա…
-Այո, պարոն վարչապետ, բայց ի՞նչ է ստացվում, առանց Ձեզ ենք գնալո՞ւ:
-Ի՞նչ կա, որ, Ալենը կառաջնորդի ձեզ:
-Ես գործուղման եմ, չեմ կարող: Ռուբեն, հենց քեզ էլ նշանակում եմ պատվիրակության ղեկավար,- խոսեց Ալեն Սիմոնյանը:
-Շտապում եք, պարոն Սիմոնյան,- լսվեց Անդրանիկ Քոչարյանի ձայնը,- ես որքան հասկանում եմ, էս գործում խելքը գլխին մարդ է պետք: Էդ ձեր Ռուբեն Ռուբինյանը սեղան նստող ա՛, կենաց ասող ա՛… Բա արցախցիք չեն ասի՞ էս ում եք բերել…
-Պարոն Քոչարյան, խնդրում եմ առանց վիրավորանքների, Ռուբեն, իսկ դու՝ հանգիստ,- միջամտեց Ալեն Սիմոնյանը:
-Ոչ, սպասեք, պարոն Սիմոնյան, ես դրա պատասխանը պետք է տամ… Չափահաս մարդու հետ, որ այդպիսի արգահատելի վերաբերմունք ունի երիտասարդ գործիչնեչի հանդեպ, ես ճամփա չեմ գնա:
-Է մի գնա,- նետեց Քոչարյան Անդոն:
-Դե որ այդպես է՝ հակառակ քեզ պիտի գնամ և պատվիրակությունն էլ ես պիտի գլխավորեմ:
Կրկին աղմուկ բարձրացավ ՔՊ ֆրակցիայի սենյակում: Քոչարյան Անդոն չէր հանգստանում: Նա մատը թափահարեց Ռուբեն Ռուբինյանի ուղղությամբ.
-Հորդ ասելու եմ՝ ականջներդ կտրի…

Ալեն Սիմոնյանը ստիպված էր միջամտել.
-Պարոն Քոչարյան, պարոն Քոչարյան, մենք արդեն որոշել ենք, վերջ տվեք, պարոն Քոչարյան… Անջատեք պարոն Քոչարյանի բարձրախոսը… Պարոն Քոչարյան, մինչև քննարկման ավարտը ես Ձեզ զրկում եմ խոսքի իրավունքից… Է՛, դե չեղավ, չէ՞… Ներս եմ հրավիրում անվտանգության ուժերին: Դուրս տարեք պարոն Անդրանիկ Քոչարյանին: Սպասեք, այդ ի՞նչ եք անում, ես ասացի Անդրանիկ Քոչարյանին, ոչ թե Ռուստամ Բաքոյանին… Ընդմիջում 20 րոպե:
Ընդմիջումից հետո խոսեց Նիկոլ Փաշինյանը, որը նախ ներողություն խնդրեց իր գործընկերներից տհաճ միջադեպի համար և ապա, դեմքին լուրջ արտահայտություն տալով, շարունակեց.
-Ձեզ լուրջ փորձություն է սպասվում Արցախում…
-Մեզ չէ, Ձեզ, պարոն վարչապետ…
-Ես ասացի, որ Արցախ չեմ գնա, արձակուրդում եմ լինելու: Եվ ուրեմն՝ ձեզ է լուրջ փորձություն սպասվում: Արցախի մեր հայրենակիցներն այնքան են կարոտել ձեզ, որ հաստատ չեք կարողանա աննկատ մնալ: Ձեզ շնորհքով կպահեք: Պարոն Քոչարյան, Դուք էլ այն կողմերում չկատաղեք: Արցախում դա սխալ կհասկանան: Պատվիրակության ղեկավարը կլինի Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբեն, մի կարճ ելույթ գրի իմ ուղերձի մոտիվներով: Շեշտը կդնես զոհվածների վրա, կասես, որ շատ ենք ցավում:
-Բա որ չծափահարե՞ն, պարոն վարչապետ:
-Ոչինչ, հանգիստ կիջնես ամբիոնից ու կնստես տեղդ, իմացա՞ր: Պատվիրակության կազմում կլինեն՝ Անդրանիկ Քոչարյանը՝ որպես Արցախյան առաջին պատերազմի վետերան, Հայկ Կոնջորյանը՝ որպես ՔՊ ֆրակցիայի նախագահ, Վլադիմիր Վարդանյանը՝ որպես լավ կենաց ասող, Ռուստամ Բաքոյանը՝ որպես ՔՊ-ի խաղաղության աղավնի… Վերջ, այսքանդ բավական եք:
-Ուրեմն ես, որ Սյունիքի ճամփեքը 5 մատիս պես գիտեմ, չեմ գնալո՞ւ,- խոսակցության մեջ մտավ Արմեն Խաչատրյանը:
-Լավ, պարոն Խաչատրյան, Դուք էլ կգնաք որպես Սյունիքի գրունտային ճանապարհները լավ իմացող մարդ: Պրծա՞նք:
-Պարոն վարչապետ, չհասկացա, ուրեմն Քոչարյան Անդոն ճանապարհ գնալ չգիտի՝ Արմենը պետք է նրան ճանապարհ ցույց տա՞: Ես որ Մախաչկալան, Վլադիկավկազը, ոտի տակ էի տալիս, Արմենը ո՞ր էր, հը՞…
Նորից աղմուկ բարձրացավ…
-Դե վերջ տվեք, այնտեղ էլ եք ձեզ այսպես պահելո՞ւ, թե՞ ուզում եք էս ազիզ օրով բերանս բացեմ,- զայրացավ Փաշինյանը:
Լռություն տիրեց: Նա շարունակեց.
-Իրար ջան ասելով կգնաք, ջան ասելով կգաք: Ես ձեզ տալիս եմ 3 օր ժամանակ: 3-րդ օրը երեկոյան, սեղանները գցած, ձեզ եմ սպասում… Բայց սպասեք, ո՞ւր է Ալեն Սիմոնյանը… Արդեն գործուղում գնա՞ց: Այ քեզ բան, չսպասեց էլ գնաս բարով անենք…

Նիստի ավարտին Լուլուն մտել էր Նազարյան Լենայի ականջը.

-Տեսար չէ՞, հետո էլ ասում են կնոջ ու տղամարդու հավասարություն է: Մենք արժան չէի՞նք այդ պատվիրակության կազմում մի քիչ օդափոխվելու…