Բարոյական չէ պարտությունը փաթաթել ժողովրդի վզին

Բարոյական չէ պարտությունը փաթաթել ժողովրդի վզին

Վահան Բադասյանի «զրույցը հայի հետ»՝ սկզբունքից հրաժարվելու եւ հայրենիքին ծառայելու, ավելի ճիշտ՝ հայրենիքը փրկելու մասին ելույթին որոշեցի արձագանքել եւ ողջունել, որովհետեւ պետական քաղաքական գործչի գործունեության վերջնանպատակը պետք է լինի հայրենիքի բարգավաճմանը ծառայելը, իսկ մեր դեպքում՝ վերահաս ավելի մեծ աղետը կանխելը, ինչը եւ Վահանը փորձում է անել։

Արձանագրենք, որ եթե այդպիսի ընտրություն կատարեր Բաղրամյան պողոտայի հայրենիքի «փրկիչների» մի մասը, ապա մենք հիմա այլ իրավիճակ կունենայինք, մասնավորապես՝ 1995 թվականից Արցախից հեռացած հազարավոր հայերի վերադարձը եւ նրանց հնարավորությունների ներդրումն Արցախի եւ Սյունիքի անվտանգության ապահովմանը, ինչն այսօր օդուջրի նման անհրաժեշտ է։

Օրակարգային են վերջին երկու տասնամյակում բոլոր իշխանությունների թալանը վերադարձնելը եւ բանակի վերազինման համար ներդնելը, ինչի մասին երեք տարի Նիկոլ Փաշինյանն օդ է տատանում։ Եթե Վահան Բադասյանի, Մանե Թանդիլյանի, Հայկ Խանումյանի եւ այլոց որոշումները ողջունելի են, ապա նույնը չես կարող ասել նմանատիպ քայլերին Հայաստանի դեպքում։

Խայտառակ պարտությունից հետո բոլոր նրանք, որոնք պաշտոն են ստանում կամ համագործակցում են իշխանությունների հետ, դառնում են մասնակից, հանցակից հայրենակորստի եւ հազարավոր զոհերի համար։ Բնական հարց է առաջանում, թե որն է Արցախի եւ Հայաստանի դեպքում տրամագծորեն հակառակ մոտեցումների տրամաբանությունը։ Հայաստանի իշխանությունները հիմնական պատասխանատուն են ու մեղավորը խայտառակ պարտության համար, նրանց իշխանավարման ամեն օրն էլ ավելի է խորացնում ճգնաժամը եւ քաոսը, ուրեմն ոչ մի համագործակցություն նրանց հետ չի կարող արդարացում ունենալ։

Ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանի անելիքը հետեւյալն է․ նա պետք է ուժ գտնի իր մեջ եւ հրաժարվի ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ ներկայացնելուց, կազմակերպի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցնցում անցկացումը, իսկ եթե որոշի անձամբ մասնակցել ընտրություններին, ապա նա այստեղ եւս նմանվում է նախկիններին, որոնք, լավագույնս իրազեկված լինելով, որ ժողովրդի կողմից մերժված են, այնուամենայնիվ, յուրաքանչյուր ընտրության ժամանակ տարբեր հակաօրինական ճանապարհով, այդ թվում՝ վարչական ռեսուրսներով, ընտրակաշառքով ու թվանկարչությամբ, արձանագրում էին իրենց «հաղթանակը» եւ ամեն անգամ երկիրը տանում ցնցումների։

Հիմա նույնը փորձում են անել օրվա իշխանությունները․ երկիրը պարտության տարած առաջնորդը, ընտրության քողի տակ, փորձում է ժողովրդի վզին փաթաթել պարտության պատասխանատվությունը։ Այն ընտրազանգվածը, որը քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին, դառնում է ստեղծված աղետալի վիճակի պատասխանատուն ու մեղսակիցը, ինչը նշանակում է պարտության արդարացում։ Իշխանությունները եթե քրեաօլիգարխիայի համար նախատեսված ընտրական օրենսգրքով որոշակի «արդյունք» արձանագրեն, ապա դա նշանակում է, որ ազգային արժանապատվությունից այդչափ զրկված ժողովուրդ ունենք։ Նիկոլը դեռեւս ընտրության հնարավորություն ունի։

ՀԳ․ Նիկոլ Փաշինյանն իր իշխանավարման շուրջ 3 տարիների ընթացքում, բառի ուղղակի իմաստով, շարունակեց նախկինների գործելաոճը՝ ոչնչացնել եւ լուսանցք մղել բոլոր պայքարող եւ ազգային քաղաքական ուժերին ու գործիչներին, որոնց մեծ մասը նաեւ իր երբեմնի գործընկերներն են։ Եվ դա արվել է ծրագրավորված, որպեսզի լավրովյան պլանն իրագործելիս փողոցը վերցնեն նախկինները, որի դեպքում ժողովուրդը մասնակցություն չի ունենա, եւ ստեղծված վիճակի մեղավորները ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվի, այլեւ կշարունակեն իշխանությունը պահել եւ մտածել արտահերթ ընտրություններին մասնակցելու, նույնիսկ հաղթանակի մասին բարբաջել, ինչն ուղղակի նշանակում է կապիտուլյացիայի արդյունքների լեգիտիմացում, եւ պարտության պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա։

Պետրոս  Մակեյան 
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ