«Կարգին» լալու բան

«Կարգին» լալու բան

Որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարող է նշանակվել Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան՝ շատերի համար անշուշտ զարմանալի նորություն է, բայց ամբողջ ցավն այն է, որ այդ նորությունը կարող է նաեւ իրականություն դառնալ,  իսկ դա  մեր երկրի և պետության մեծագույն ամոթն ու խայտառակությունը կլինի։ 

Երբ ԱՄՆ-ում դեսպան է նշանակվում քաղաքականությունից և դիվանագիտությունից կատարելապես անտեղյակ մեկը, որի միակ առավելությունը անգլերենի լավ իմացությունն է և ՀՀ Ազգային ժողովում ՔՊ-ական «ուսապարկը» ժամանակին փակել-բացելու հմտությունը, դեռ տանելի է (թեև հասկանալի չէ, որքան էլ անունը դնեն «քաղաքական նշանակում»)։ 

Երբ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունում դեսպանի թեկնածու է մեկը, որը ժամանակին միջնորդավորված կերպով սպասարկել է մեր դարավոր ախոյանի՝ Թուրքիայի շահերը, այսօր էլ պատրաստ է «հանուն տարածաշրջանի խաղաղության և երջանիկ համակեցության» մոռանալ, թե ո՛վ է սկսել վերջին աղետաբեր պատերազմը, և ո՛ւմ պատմական հողն է Արցախը, անշուշտ դա նույնպես ընդունելի չէ, բայց նկատի ունեցած այն հանգամանքը, թե ո՛վ է մեր երկրում իշխող քաղաքական ուժը, «տրամաբանական» է։
Սակայն երբ եվրոպական մի երկրում դեսպան են ուզում նշանակել քաղաքական խառնակչին (հանրությունը սև ու սպիտակի բաժանելու թեզի տխրահռչակ «հեղինակը»), միջին կարգի ծաղրածուն և պարզապես ապիկար կառավարիչը, տրամաբանությունը նույնիսկ չակերտներից է դուրս ընկնում։ 

Որովհետև ցանկացած նորմալ երկրում դիվանագիտական աշխատանքը չի կարող նսեմացվել և թերագնահատվել այնքան, որ նրան վերաբերվեն խոպանչու մտածողությամբ։ Իսկ Հայկ Մարությանի հնարավոր նշանակումը հենց այդ մտածողության «նշաձողով» է․ նա Չեխիայում դեսպան է նշանակվում, որովհետև կինը․․․ չեխուհի է։

Ա՛յ քեզ բան։

Դեսպանը որևէ երկրի, պետության, ազգի ներկայացուցիչ դեմքն է այլ երկրներում, իր երկրի յուրատեսակ «նախագահը», «վարչապետը»․ իզուր չէ, որ նրանց ամենուր պատվում են «Ձերդ գերազանցություն» դիմելաձևով՝ նույն կերպ, ինչպես նախագահներին և վարչապետներին։

Հիմա պատկերացրեք իրավիճակ, երբ Մարությանին դիմում են՝ Ձերդ գերազանցություն․․․

Լալու բան է, այնպես չէ՞։ 

«Կարգին» լալու բան։