«Փարոսի» պետը աշխատակցուհու «գլխին սարքո՞ւմ» էր

«Փարոսի» պետը աշխատակցուհու «գլխին սարքո՞ւմ» էր

Մասիսի տարածքային սոցիալական ծառայությունում վերջին շրջանում աղմկահարույց դեպքերն անպակաս են: Ծառայության գլխավոր հաշվապահ եւ գլխավոր մասնագետ Լիանա Դալլաքյանը հաղորդում է տվել դատախազություն՝ ընդդեմ ծառայության պետի նորանշանակ ԺՊ Մուրադ Մարտիրոսյանի: Ըստ «Հրապարակի» աղբյուրի, աշխատանքային ժամին բնակիչներից մեկը մոտեցել է Լիանա Դալլաքյանին, եւ մինչ վերջինս զբաղված է եղել, նրա աշխատամատյանի մեջ գումար է դրել: Հետո, երբ միջադեպին ներկա գործընկերներից մեկի հորդորով Դալլաքյանը բացել եւ ստուգել է մատյանը, այնտեղ գտել է 11 հազար դրամ գումար: Նա մոտեցել եւ պարզաբանում է պահանջել կնոջից, թե ինչու է իր մատյանի մեջ գումար դրել:

Բնակչուհին պատասխանել է, թե պետի կողմից երեկոյան իրենց տուն մարդիկ են եկել, իրեն տվել գումար եւ ասել, որ այդ գումարը հաջորդ օրը տա Լիանային: Լիանան աղմուկ է բարձրացրել, մտել է պետի մոտ՝ պարզաբանելու, թե այս ինչ է իր «գլխին սարքվում»: Վերջինս, ըստ մեր աղբյուրի, հորդորել է Լիանային, որ դիմում գրի եւ աշխատանքից ազատվի, քանի որ իրենք միմյանց չեն վստահում եւ չեն կարող իրար հետ աշխատել: Լիանան հրաժարվել է դիմում գրել եւ ասել է, որ եթե Մարտիրոսյանը չի կարող իր հետ աշխատել, ապա թող ի՛նքը դիմում գրի եւ դուրս գա աշխատանքից: Դալլաքյանը միջադեպի հետ կապված հաղորդում է տվել դատախազություն: Ըստ մեր աղբյուրի, Մուրադ Մարտիրոսյանի ԺՊ դառնալուց հետո Մասիսի սոցիալական ծառայությունում անառողջ մթնոլորտ է, նա առիթ է փնտրում նախկին փորձառու աշխատակիցներից ազատվելու եւ իր մտերիմներին աշխատանքի ընդունելու համար: 

Մեր հարցին, թե համոզվա՞ծ է, որ իր անմիջական ղեկավարը ցանկացել է իր «գլխին գործ սարքել», Լիանա Դալլաքյանը պատասխանեց, որ այդ գործի հետ կապված՝ ինքը դիմել է դատախազություն, եւ ընթանում է նախաքննություն, ուստի մանրամասներ պատմել չի կարող: Իսկ հարցին, թե ինչ նպատակ կարող է ունենալ ծառայության պետի ԺՊ-ի նմանօրինակ գործողությունը, Դալլաքյանն ասաց, որ նպատակ ունի ազատվելու նախկին կադրերից եւ իր մարդկանց աշխատանքի ընդունելու: «Իսկ ես պայքարելու եմ մինչեւ վերջ եւ թույլ չեմ տա, որ որեւէ մեկն ինձ դարձնի իր կամայականության զոհը»,- ասաց Դալլաքյանը: 

Միջադեպի հետ կապված՝ հրաժարվեց մեկնաբանություն տալ նաեւ Մուրադ Մարտիրոսյանը. «Դա Լիանայի կարծիքն է, նման բան չկա՝ բնակչին գումար տալու: Գործ է հարուցված, համապատասխան մարմինները զբաղվում են այդ գործով, ուրիշ բան հիմա չեմ կարող ասել»:
Ծառայությունում ասում են, որ Մարտիրոսյանը չունի համապատասխան ոլորտի փորձառություն: Այդ հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Ես տարբեր ոլորտներում եմ աշխատել»:

Ճշգրտող հարցին՝ նաեւ սոցիալակա՞ն, պատասխանեց. «Ո՛չ, սոցիալական ոլորտի փորձ չունեմ, դա չի պահանջվում կոնկրետ պաշտոնի համար»: Հարկ է նշել, որ իշխանափոխությունից հետո, երբ մարզային նոր իշխանավորները ցանկանում էին իրենց մարդկանցով փոխարինել սոցիալական ծառայությունների նախկին պետերին, չէին կարողանում համապատասխան չափորոշիչներին համապատասխան մարդիկ գտնել, օրեսդրորեն համապատասխան փոփոխություն կատարվեց, որ այդ պաշտոններում կարող է ընտրվել ցանկացած մարդ՝ առանց որեւէ չափորոշիչների համապատասխանության: 
Նշենք, որ Մուրադ Մարտիրոսյանին աշխատանքի է ընդունել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի բարեկամուհի Լիլիթ Միրզախանյանը, ով ձեւակերպված է որպես մարզպետի օգնական, բայց փաստացի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն ու գլխավոր «ասողն» է: Իսկ նրան միջնորդել է իր մտերիմներից մեկը՝ Շենգավիթի փոխթաղապետ Հովիկ Ղալեչյանը: