Պետական գումարն անիմաստ չենք վատնում, միայն այն դեպքում, եթե գումար է գեներացնելու

Պետական գումարն անիմաստ չենք վատնում, միայն այն դեպքում, եթե գումար է գեներացնելու

Տարեսկզբին տեղի ունեցավ Մարզահամերգային համալիրի տնօրենի մրցույթը, որին թեեւ ի սկզբանե հայտ էր ներկայացրել 24 հոգի, բայց հաղթող էր ճանաչվել «Շարմ հոլդինգի» նախագահ, պրոդյուսեր Կարեն Ղազարյանը, ում նշանակումը միանշանակ չընդունվեց հանրության կողմից, քանի որ, շրջանառվող լուրերի համաձայն, նա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հովանավորյալն էր։  

Կարեն Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այլեւս չի զբաղեցնում «Շարմ հոլդինգի» նախագահի պաշտոնը եւ նախաձեռնել է համալիրը ՊՈԱԿ-ի կարգավիճակից ՓԲԸ դարձնելու գործընթացը։ Դա, ըստ նրա, հնարավորություն կտա համալիրին զբաղվել կոմերցիոն գործունեությամբ։ «Այնպիսի աշխատանքներով, որոնք շահույթ են հետապնդում, եւ այդ շահույթների հաշվին հնարավոր կլինի ավելի լավ պահել Մարզահամերգային համալիրը։ ՊՈԱԿ-ի կարգավիճակը խոչընդոտում էր դրան, որովհետեւ ՊՈԱԿ-ն ինքն իրենով պետական ոչ առեւտրային կազմակերպություն է, որը շահույթ չի հետապնդում, իսկ եթե դու շահույթ չես հետապնդում, ուրեմն ցանկացած գործունեություն, որից շահույթ պետք է ստանաս, մինչեւ դա անելը, պետք է բազմաթիվ թղթաբանական միջոցների դիմես, որը քեզ հետ է գցելու աշխատանքի մեջ, քանի որ չես կարողանում արագ լուծումներ տաս»,-ասում է Ղազարյանն ու հավելում, որ այդ փոփոխությունից հետո բազմաթիվ ծրագրեր ունեն նախանշած, որոնք ամբողջանալուն պես տեղյակ կպահեն հանրությանը։    

Տարվա առաջին եռամսյակում Մարզահամերգային համալիրը նաեւ ֆինանսական ծանր բեռի տակ էր հայտնվել՝ կուտակելով մի քանի տասնյակ միլիոն դրամի պարտք, քանի որ պետական բյուջեով նախատեսված ավելի քան 182 միլիոն դրամ տարեկան ֆինանսական հատկացումը չէր արվել։ Բայց նախօրեին խնդիրը լուծվել է, պետությունը գումարը հատկացրել է, նոր պայմանագիր է կնքվել։ Արդյունքում փակել են նաեւ շենքի էլեկտրա-գազասպառման պարտքերը։

Այն, որ փոխանցումը չի արվել, որովհետեւ պետության կողմից ֆինանսավորվող միջոցառումները չեն անցկացվել համալիրում, Ղազարյանը նշեց, որ նման բան չկա, ուղղակի պայմանագրի մեջ վրիպում է եղել․ «Սխալ բան էին ձեւակերպել, նախորդ տարիներից դրել՝ քոփի փեստ էին արել, որը հիմիկվա հետ չի համապատասխանում, դրա համար ձգձգվեց պայմանագիրը»։ 

Պետության կողմից հատկացվող 182 մլն դրամը միայն շենքի պահպանման գումարն է՝ նկատում է նորանշանակ տնօրենը։ Ի՞նչ խնդիրներ կան այսօր շենքի պահպանման հետ կապված, ժամանակին ահազանգվեց, որ տանիքը վատ վիճակում է, կաթում է, եւ վերանորոգման անհրաժեշտություն կա։ «Ցանկացած շինություն, նույնիսկ բնակարանը, որտեղ մարդն ապրում է, մաշվելու հատկություն ունի, եւ ժամանակի ընթացքում ցանկացած տեղում ցանկացած խնդիր է ծագում, որը պետք է ընթացիկ լուծում ստանա։ Պատկերացնո՞ւմ եք համալիրը, ահռելի մեծ շինություն, անհնար է, որ այնտեղ պրոբլեմներ չլինեն, միշտ ինչ-որ բան պետք է սարքվի, վերանորոգվի, այսինքն՝ ոչ մի տրագիկ բան չկա այստեղ, նորմալ ընթացք է։ Բայց, իհարկե, այո, կան տանիքի հետ կապված խնդիրներ, որոնք ընթացքում լուծվում են»։  

Այս պահին համալիրը ֆինանսական ի՞նչ միջոցների հաշվին է գոյատեւում, եթե պետության կողմից հատկացված գումարը գնում է միայն շենքի պահպանությանը։ Կարեն Ղազարյանն ասաց․ «Ձեռնարկատիրական գործունեության հաշվին՝ համերգների, միջոցառումների հաշվին»։ 
Համալիրին շահույթ ապահովող նախագծերից էր նաեւ սահադաշտը, որն այս պահին չի գործում, որովհետեւ սառույց արտադրող սարքերը չեն աշխատում, խափանվել են։ «Հիմա ձեռնամուխ ենք եղել սառույց արտադրող նոր սարքեր ձեռք բերել, եւ հուսով եմ, որ մինչեւ տարեվերջ այդ խնդիրը լուծած կլինենք։ Եթե շահույթ չբերեր, ինչի՞ պիտի ուզեինք նորը ձեռք բերել։ Մենք պետական գումարն անիմաստ չենք վատնում, միայն այն դեպքում, եթե այն գումար է գեներացնելու»,- ընդգծեց Ղազարյանը։