Ադրբեջանցիները խոստովանում են` 1992-ին Ադրբեջանը նման էր այսօրվա Հայաստանին 

Ադրբեջանցիները խոստովանում են` 1992-ին Ադրբեջանը նման էր այսօրվա Հայաստանին 

Ադրբեջանական հանրույթը մեծ ցնծության մեջ է Բերձորի եւ Աղավնոյի՝ Լաչինի միջանցքի հայաթափմամբ, օկուպացմամբ: Ադրբեջանական մեդիադաշտը ողողված է Ալիեւի փառաբանմամբ, քանի որ նա կարողացավ իրականություն դարձնել «հեքիաթը եւ օկուպացիայից ազատել ադրբեջանական հողերը», որոնք, ըստ ադրբեջանական հանրույթի մեջ տարածված համոզման, եղել են ադրբեջանական, սակայն .«1992 թ-ին թաքնվելով մարդասիրական նպատակների ետևում՝ ղարաբաղցի անջատողականները հայկական կանոնավոր բանակի հետ միասին, ինչպես նաև ռուսական ռազմական կազմավորումների աջակցությամբ, Շուշայի գրավումից անմիջապես հետո հասան Լաչինի շրջանի անեքսիայի»: Ադրբեջանցիները քաջ գիտակցում են, թե ինչ ռազմավարական կարեւոր նշանակություն է ունեցել Արցախի համար Լաչինի մարդասիրական միջանցքը: Ըստ ադրբեջանական մեդիայի.

«Լեռնային Ղարաբաղի անկլավը Հայաստանի հետ կապի միայն մեկ երթուղի ուներ՝ Ադրբեջանի սահմանամերձ Լաչին քաղաքով։ Հայաստանը ուղիղ միջանցք ստացավ դեպի Ղարաբաղի լեռնային հատված և սկսեց ազատորեն օգտագործել այս անցուղին՝ անջատողականների կանոնավոր ստորաբաժանումներին զենք, պաշարներ և զինամթերք հասցնելու համար»։ Ալիեւն ինքն է պնդում, որ Հայաստանի նախկին նախագահները ամեն ինչ արել են, որ Քարվաճառը եւ Լաչինը ադրբեջանականացնելու հեռանկար անգամ չծագի: Բոլոր բանակցություններում այս երկու շրջանը դիտարկվել է առանձին: Հայկական կողմի համար դա չքննարկվող հարց է եղել եւ հեքիաթ: Ու քանի որ Ալիեւի օրոք այն դառնում է իրականություն, ադրբեջանական մամուլը նրան հերոսացնում է.«Հայկական բանակը ջարդուփշուր անելով, ինչպես նաև ոչնչացնելով Հայաստանի ողջ ռազմական ենթակառուցվածքը, Իլհամ Ալիևը առաջ քաշեց Լաչինի վերադարձ: Անպատկերացնելի, հեռահար, առասպելական... 

Ալիևը իրականություն դարձրեց հերթական հեքիաթը. Սա նրա հաղթանակն Է: Ալիևը Լաչինի մարտիկ է…. 

Ադրբեջանի նախագահը շտապում էր. Նա քաջ գիտակցում էր միջազգային առանց այն էլ անորոշ իրավիճակի անորոշությունը, նոր տարածաշրջանային համակարգի մարտահրավերների վտանգը, բուն Հայաստանում ռեւանշիստական ​​ուժերի կողմից ներքաղաքական հաշվեհարդարի հավանականությունը։ Բառացիորեն մի քանի օր անց ազատագրող նախագահը հանդիսավոր կերպով կմտնի Լաչին քաղաք»։ 

Ինչպես տեսնում ենք, Ալիեւը անհանգստացած է Հայաստանում հնարավոր իշխանափոխությամբ: Որքան էլ Փաշինյանը խաղաղություն է մուրում Ադրբեջանից եւ արժանապատվությունը կորցրած տան տղամարդու նման ադրբեջանցիներին առաջարկում է տուն մտնել ու դուրս գալ ոնց ուզում են, իսկ ինքը պատրաստ է ապահովել նրանց անվտանգությունը, ադրբեջանական թե իշխանությունների, թե հանրության մոտ նա հարգանք չի վայելում. ոխերիմ թշնամուն կարելի է ատել, պայքարել, ոչնչացնել, բայց ոչ՝ հարգել: Իսկ հարգում են արժանապատիվ պահվածքի համար: Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որն արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս մոռանում է արժանապատվության մասին:  Ադրբեջանական մամուլը գրում է. «Այս միջնաբերդը ժամանակին հանձնվել է միջակ ֆրոնտիստ պանկերի կողմից Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի տապալումից անմիջապես հետո։ Սկզբում առանց կռվի կորցրեցին Շուշան, հետո, թողնելով զինտեխնիկան, փախան Լաչինից... 1992-ին Ադրբեջանը նման էր այսօրվա Հայաստանին, և ոչ միայն «մորուքով», թեև շատ բաներում մեղավոր էին փշոտ մորուքավոր իշխանությունները. և մնացածը՝ նույնպես»:

Փաշինյանի մասին ադրբեջանական մեդիան նաեւ գրում է. «Մանիպուլյացիայի և շահարկումների անվան տակ Հայաստանին, թեկուզև Ղարաբաղին, դատապարտեց կյանքի նոր դժվարությունների: Հանուն չբավարարված ամբիցիաների և մեկ քաղաքական գործչի վիրավորված «էգոյի»՝ հայերը ստիպված են լինելու Երևան կամ Էջմիածին հասնել գրունտային ճանապարհով»։