Կստեղծվեն արվեստի եւ սպայական կրթության ավագ դպրոցներ

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Արվեստի եւ սպայական կրթության մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցների ստեղծման հայեցակարգերը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետությունում չկան արվեստի եւ սպայական կրթության ծրագրերով տարբեր ուղղություններով մասնագիտացված ավագ դպրոցներ, առաջարկվում է ստեղծել արվեստի եւ սպայական կրթության ծրագրեր իրականացնող ավագ դպրոցներ՝ արդիական կրթական ծրագրերով, նորակառույց ենթակառուցվածքներով, գերժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած շենքային պայմաններում։
Հանրակրթության ավագ աստիճանում արվեստի ուղղությամբ ուսումնական ծրագրեր ներկայում իրականացվում են Պ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված դպրոցում, Երեւանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցում եւ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում։ Երեւանի Պարարվեստի պետական ուսումնարանի 4-9-րդ դասարանների աշակերտները հիմնական կրթությունից հետո այն շարունակում են նախնական մասնագիտական կրթության օղակում՝ ուսումնարանում։
Արվեստի մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցը ներկայացնում է «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի ակադեմիական կլաստերներից կազմավորված «Արվեստների կլաստերը»: Արվեստների կլաստերում կգործի արվեստի ավագ դպրոցը, որտեղ սովորողին կմատուցվի արվեստների խորացված ուղղվածությամբ կրթական ծրագիր, ինչպես նաեւ հասանելի կլինեն կլաստերի բոլոր ենթակառուցվածքները։ Արվեստի ավագ դպրոցում պետական պարտադիր հիմնական առարկաների եւ մասնագիտական առարկաների նպատակային ծրագրերով ուսուցմանը զուգահեռ կրթությունը կազմակերպվելու է հետազոտական աշխատանքների եւ ուսումնական խմբակների իրականացման միջոցով։
Արվեստի մասնագիտացված ավագ դպրոցի գործունեության ուղղությունները կդասակարգվեն հետեւյալ կերպ՝ թատրոն եւ կինո, գրական ստեղծագործություն, կերպարվեստ (կերպարվեստ եւ կիրառական արվեստ), երաժշտություն (դաշնամուրային, լարային, փողային, հարվածային գործիքներ, վոկալ՝ դասական, ազգային եւ ջազ-փոփ), պար (դասական, ժողովրդական, մոդեռն)։
Կարծիքներ