Առանց պատմուճանի դատավորը․ ՀԿ-ն դիմելու է ԲԴԽ-ին

Առանց պատմուճանի դատավորը․ ՀԿ-ն դիմելու է ԲԴԽ-ին

«Մարդու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպությունը պարաստվում է դիմել Բարձրագույն դատական խորհրդին՝ առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանի վերաբերյալ։ Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ դատավորը դատական նիստերից մեկին դատավորների համար նախատեսված պատմուճանով չի եղել։

ՀԿ-ի խորհրդի անդամ Գայանե Դավթյանը մեզ փոխանցեց, որ դատավորը պարտավոր է նիստերը վարել հատուկ հանդերձանքով․ «Ուղիղ եթերի ընթացքում մենք ֆիքսեցինք, որ դատավորը հարցնում է կողմերին՝ եթե չեք առարկում, ապա ես առանց հանդերձանքի վարեմ։ Նման տրամաբանությամբ դատավորը կարող է ուրիշ գործողություններ էլ խախտումների տեսքով ցուցաբերի, որը կբերի նրան, որ այդ կանոնները կարժեզրկվեն»։

Նա նաեւ նշեց, որ բացի այս դեպքից, իրենց են դիմել քաղաքացիները եւ դժգոհել Բալայանից․ «Դատավորը անպարկեշտ արտահայտություն  է թույլ տվել, որի արդյունքում դատախազի հետ հեգնել է փաստաբանի միջնորդությունը եւ նրա գործողությունները։ Միեւնույն  ժամանակ բարձրաձայնել է դատավորը, թե պետք է առաջարկեմ ամբաստանյալին հրաժարվի փաստաբանից, քանի որ միջնորդությունների պատճառով հետաձգում է դատական նիստերը։ Ամբաստանյալի հարազատների մոտ կասկած կա, որ դատավորը միտված է մեղադրական վճիռ տալու։ Սրա հետ կապված մենք արդեն դիմել ենք ԲԴԽ»։

Մեզ հետ զրույցում Դավիթ Բալայանն ասաց, որ ինքը մեկնաբանություն կտա, երբ վարույթ հարուցվի, առայժմ ձեռնպահ է մնում կարծիք հայտնելուց։

Նշենք, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) գործով դատական նիստին է դատավորը հանել իր պատմուճանը՝ պայմանավորված եղանակային ոչ հաճելի պայմաններով։