1998-2008 թթ. որքա՞ն է կազմել Քոչարյանի աշխատավարձը. Փաշինյանի ներկայացուցիչը` Ալումյանին

1998-2008 թթ. որքա՞ն է կազմել Քոչարյանի աշխատավարձը. Փաշինյանի ներկայացուցիչը` Ալումյանին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռի նստավայրում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայցի քննությունը։ Այսօրվա նիստին Փաշինյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը հարց տվեց հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանին, թե ընդունո՞ւմ է, որ թե հայցվոր, թե պատասխանող կողմը քաղաքական գործիչներ են։ Ալումյանը պատասխանեց՝ ասելով, թե իր վստահորդը քաղաքական գործիչ է, իսկ Փաշինյանի մասով նշեց՝ հավանաբար, ապա ավելացրեց, որ Քոչարյանի մասով արտահայտություններ արել է արձակուրդի ընթացքում՝ որպես մասնավոր անձ։

Դատարանը հարց հնչեցրեց՝ կա՞ն հաշտության եզրեր, ինչին Փաշինյանի ներկայացուցիչը արձագանքեց, որ իր վստահորդից չունի նման ցուցում։

Գեւորգ Գյոզալյանը նաեւ նշեց, որ իր հարցերը վերաբերում են ժողովրդից թալանվածի կոնտեքստում ներկայացված իր վստահորդի արտահայտություններին։ Դատավորը ընդհատեց՝ ասելով, թե դատաքննության փուլում չեն։

Ապա հարց հնչեցրեց՝ որքա՞ն է կազմել Ռ. Քոչարյանի միջին ամսական աշխատավարձը 1998-2008 թթ.։ Ալումյանն արձագանքեց՝ այդ տվյալները բաց են բոլորի համար. «Ես եկել եմ այստեղ, որպեսզի ցույց տամ, որ Ձեր վստահորդը այս մտքերը արտահայտելիս որեւէ փաստական հիմք չի ունեցել»։ 

Դատավորը խնդրեց ըստ էության հարցեր տալ՝ հայց առարկայի շրջանակում։

Դատարանը Գյոզալյանի մի քանի հարցեր հանեց, ինչի համար փաստաբանը առարկեց դատարանի գործողությունների դեմ։

Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու եւ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

Նշենք, որ ըստ հայցվոր կողմի՝ զրպարտություն են համարվել այդ ժամանակահատվածում արձակուրդում գտնված Նիկոլ Փաշինյանի կողմից արված հետեւյալ երեք հայտարարությունները։

Փաշինյանը սահմանադրական փոփոխություններ իրականացնելու քարոզարշավի ընթացքում` 2020 թվականի մարտի 11-ին, Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Ասում եմ անվանական, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Արամ Հարությունյան, եվրոպացիների փեշերի տակ չեք պախկվի, ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պիտի բերեք, բանակի զարգացման եւ Արցախի ինքնորոշման պահպանման գործին դնեք: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերել, չբերեք՝ բերման կենթարկենք։ Նրանք Հայաստանում քաղաքական գործունեություն վարելու հնարավորություն չունեն՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, նրանք հիմա միայն մի՛ բան ունեն անելու՝ կամավոր, թալանվածը կոպեկ-կոպեկ վերադարձնել բանակին, Զինված ուժերին, Արցախին, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի ժողովրդին եւ Հայաստանի ժողովրդին, եւ ժողովուրդը կքննարկի՝ ների՞ նրանց, թե՞ չների»։

Նիկոլ Փաշինյանի կողմից արված երրորդ հայտարարությունը, որը հայցվոր կողմը զրպարտչական բնույթի է համարել, հետեւյալն է. «Այդ փողերը Սերժ Սարգսյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի մոտ են եւ նրա ընտանիքի եւ մյուսների: Թող բերեն ու վերադարձնեն»։