6000 գլուխ անասունը պատկանել է 30 ընտանիքի, որոնցից մեծ մասը վարկերի տակ է

6000 գլուխ անասունը պատկանել է 30 ընտանիքի, որոնցից մեծ մասը վարկերի տակ է

Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածի ուղղությամբ հրետակոծեցին հայկական դիրքերը և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Բացի այն, որ անխնա հրետակոծվում էր Հայաստանի սուվերեն տարածքը, մենք զոհեր ունեինք եւ գերիներ են տարել, ադրբեջանցի հրոսակները նաեւ  Ջերմուկի և Քարվաճառի սահմանի սարերից գողացել են շուրջ 6000 գլուխ անասուն։

«Հրապարակի» զրուցակիցն է Ներքին Խնձորեսկի համայնքապետ Երվանդ Մալունցը։
 

-Պարոն Մալունց, ինչպե՞ս թշնամուն հաջողվեց այդ կրակահերթի տակ այդքան անասուն գողանալ։

- Այդ սարերը մեր Ջերմուկ համայնքին են պատկանում, բայց պապական մեր Խնձորեսկին կցված են։ Առաջներում մեր պապերն էլ են էդ սարերում անասունները, ոչխար պահել։ Հիմա ամռանը Խնձորեսկից ոչխարների, անասունների մեծ մասը բարձրանում են էդ սահմանին մոտիկ նույն տեղերը, որտեղ մեր պապերն են տարել՝ արածացրել։ Այդ հատվածին կցված է եղել ոչխարաբուծական ֆերմա, դրանից մի քիչ ներքև էլ` խոշոր եղջերավորներն են` սահմանից 3-4կմ ներքև։

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, երբ սկսվեց հրետակոծությունը ֆերմաները պայմանավորվել էին, որ առավոտը լույսը բացվի գնան՝ սաղ տեղափոխեն, էն էլ   չհասցրեցին։ Լույսը բացվելու վրա մոտիկացել են վրաններին, սակայն թշնամին կրակ է բացել։ Հազիվ են կարողացել տղերքը առանց զենքի, բանի փախնել։

Ոչխարների ֆերմաները սահմանից գտնվել են 3_4 կմ հեռավորության վրա։ Սեպտեմբերի 13-ին` առավոտյան ժամը 7։00-ին, ֆերմաները եղել են արդեն ադրբեջանցիների ձեռքը։

- Քանի ընտանիքի պատկանող անասուն է եղել։

- Համարյա 29-30 ընտանիքի պատկանող անասուն է եղել, որից մի ընտանիքը Գորիսից է, մնացածը` խնձորեսկցի  են։ Ամեն մի ֆերմայում մի հոգի չէ տերը. բարեկամի, ընկերոջ, գյուղացու․․․ ի վերջո, հովիվներն էլ ունեին։

- Ինչու՞ այս օրերին որևէ մեկը, որևէ պաշտոնյա չի խոսում սրա մասին։ Բանակցություններ եղե՞լ են թշնամու հետ։

- Իրականում, մենք ենք այդպես ուզել։ Ճիշտն ասած, մի 2-3 օր գյուղացիներն էլ միացել էին անասնատերերին և ման էին գալիս։ Հեռվից տեսել էին ոչխարները, մտածել` հնարավոր կլինի հետ բերել, սակայն չեն կարողացել և հուսահատված հետ են եկել։
Հետո այս պահին մեր խնդիրը ոչխարները չեն։
Բոլորս հարազատներ ունենք կորցրած։ Բանակցությունների մասով ասեմ, որ տեղյակ եմ պահել պատկան մարմիններին։ Բանավոր ասել եմ, բոլորն էլ տեղյակ են։ Ոչ մի լուր դեռ չունեմ, ոչ մի արձագանք  չի եղել։

-Իսկ անասնապահների հետ հանդիպե՞լ է որևէ մի պաշտոնյա։

-Անասնապահներին ես եմ հրավիրել  ժողովի ու ցուցակագրում ենք արել` ով ինչ ու ինչքան է կորցրել։ Երկուշաբթի օրը արդեն թղթավարությունը թղթով կներկայացնեմ համապատասխան մարմնին։ Իրոք պատճառը, որ մինչև հիմա չենք բարձրաձայնել մարդկային կորուստներն են, որոնք մեր եղբայրներն են, ընկերները, հարազատները։

-Գյուղացու համար  ապրուստի միջոցի բավականին մեծ կորուստ է։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու իրավիճակը շտկելու համար։

- Այո, իրականում մեծ խնդիր է` ամբողջ Խնձորեսկում 6000 գլուխ անասունը ազդել է մարդկանց կյանքի որակի վրա։ Գյուղի մեծ մասը վարկեր ունի բանկերում, ժամանակը լրանում է։ Մարդիկ հնարավորություն չունեն վարկերը մարելու։

-Բացի անասուններից, այլ կորուստներ եղե՞լ են։

-Այո, այնտեղ տեխնիկա է մնացել` «Նիվա» մակնիշի մեքենա, «Բելառուս» է մնացել, «Զիլ», շարժական վրաններ և մարդկանց փաստաթղթերը անձնական։ Խոշոր եղջերավորներից էլ  հրետակոծության ժամանակ 6 անասուն է վիրավորվել։

-Խնձորեսկում և Ներքին Խնձորեսկում, ինչ վիճակ է այս օրերին, պարոն Մալունց, կրակոցներ եղե՞լ են։

-Ոչ, կրակոցներ չկան։

-Ծերերը, կանայք, երեխաները գյուղո՞ւմ են։

-Այո, Խնձորեսկում և Ներքին  Խնձորեսկում բոլորը տեղում են։ Մարդիկ իրենց գործերին են. շինարարություն են անում։ Հերթապահությունը նորմալ կազմակերպված է երկու գյուղի տղամարդկանց կողմից, անում ենք։ Մեզ էլ տեղ չունենք գնալու։

-Գյուղում  սննդի, դեղորայքի և այլ որևէ բանի խնդիր կա՞։

- Ամեն ինչ նորմալ է դեռ։