Մեծամիտ ու ինքնահավան

Մեծամիտ ու ինքնահավան

Մեծամտություն, ինքնահավանություն, իրենց քննադատողներին պիտակավորել,  հակառակորդներին մեղադրել ծախված լինելու մեջ, նրանց արժեքն ու քանակը նսեմացնել․ ահա այն որակները, որոնցով աչքի է ընկնում այսօրվա իշխանությունը։ Մի հսկա զանգված քննադատում է կրթական բարեփոխումները, ԿԳՄՍ նախարարը հայտարարում է․ «Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այս բարեփոխումների արդյունքում մենք ունենալու ենք մի սերունդ, որն այլեւս իրենց հենքը չի հանդիսանալու, լինելու է քննադատող, վերլուծող: Իսկ եթե վերլուծի այդ շրջանակների գործունեությունը, ապա միանգամից որոշում կկայացնի, որ երբեւէ որեւէ առիթով այդ շրջանակներին չի սատարելու: Տարբեր շղարշների տակ, կեղծ արժեքների անվան տակ պայքար իրականացնող խմբերն այլեւս զրկվելու են հասարակության մեջ որեւէ աջակցությունից: Հիմա էլ առանձնապես շատ քիչ աջակցություն ունեն: Այդ դեպքում ընդհանրապես չեն ունենալու»: Վարչապետին Ազգային ժողովում հարց են տալիս դիմակների համար տուգանքների, կորոնավիրուսի դեմ պայքարի մասին, ասում է․ «Մենք ամեն ինչ ճիշտ ենք արել», տուգանքները չեն վերադարձվելու, ոչ թե տուգանքներից խոսեք, այլ դիմակներ կրել պահանջեք այդ մարդկանցից։ Հարցնում են Վանաձորում բացված ու չաշխատող գործարանի մասին, ասում է՝ ես այդ գործարանի հետ կապ չունեմ, դրա բացմանը չեմ մասնակցել։

Իսկ առավոտյան մի ցնցող լուր էր տեղադրել Ֆեյսբուքում, որ 256 տոկոսով աճել է կենդանի ոչխարների ու այծերի արտահանումը Հայաստանից։ Նախորդ՝ մոշի ու հաղարջի «աննախադեպ» արտահանման լուրն արդեն հերքվել է, սա էլ կհերքվի։ Ի՞նչ է ստացվում՝ գործ ունենք մեծամիտ, քննադատություն չհանդուրժող, սեփական սխալները որպես վերին ճշմարտություն ներկայացնող մարդկանց հետ։