Ամուսնա-ընտանեկան հարաբերությունները Կիլիկիան Հայաստանում

Ամուսնա-ընտանեկան հարաբերությունները  Կիլիկիան Հայաստանում

Սմբատ սպարապետի «Դատաստանագրքի» կարևորագույն բաղադրիչներից էր ամուսնա-ընտանեկան իրավունքը: Հեղինակն ավելի շատ ուշադրություն է դարձրել ապահարզանի հիմնախնդրին և ամենայն մանրամասնությամբ դիտարկել է դրա բոլոր հնարավոր հանգամանքներն ու պատճառները՝ փորձելով տալ համապատասխան իրավական լուծումներ:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ ի տարբերություն Մխիթար Գոշի, Սմբատը աշխարհիկ իրավունքը բերում է առաջնային պլան, չնայած այն հանգամանքին, որ նրա «Դատաստանագրքի» հիմնական աղբյուրը հենց Գոշի «Դատաստանագիրքն» էր: Ասվածի համատեքստում պետք է նկատել, որ ամուսնա-ընտանեկան փոխհարաբերություններին, ապահարզանի ինստիտուտին վերաբերող իրավական լուծումները դիտարկված են աշխարհիկ իրավունքի համատեքստում՝ եկեղեցուն թողնելով հիմնականում ծիսական ընթացակարգերը:

Նա օգտվել է մինչ այդ աշխարհում գոյություն ունեցող գրեթե բոլոր հեղինակավոր իրավական փաստաթղթերից՝ ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա: Թալմուդ, հռոմեական իրավունք, ասորական իրավական փաստաթղթեր, բյուզանդական իրավունք, Անտիոքի ասիզներ և այլն, իսկ հայկական իրավական փաստաթղթերից՝ գերազանցապես Գոշի «Դատաստանագրքից», ինչպես նաև՝ հարյուրամյակների ընթացքում ստեղծված բոլոր հնարավոր աղբյուրներից՝ Սահակի կանոններից մինչև սովորութային իրավունք: Հատկապես մեծ էր Անտիոքի ասիզների՝ նորմանդական իրավունքի ազդեցությունը, որը մինչև «Դատաստանագրքի» ի հայտ գալը ներդրվել ու գործածվում էր Կիլիկիան Հայաստանում: 

Հատկապես հետաքրքրական է քննարկել հակակրանքի և ատելության հիմքի վրա գոյություն ունեցող ընտանիքների ճակատագրերը Սմբատի Դատաստանագրքի իրավական լուծումների համաձայն: Եթե հակակրանքից ելնելով ամուսինը պահանջում է ապահարզան, ապա նա պետք է կնոջը վերադարձնի նրա ամբողջ գույքը: Այդ դեպքում կինն ունի երկրորդ անգամ ամուսնանալու իրավունք, իսկ ամուսինը ոչ՝ քանի դեռ կինը ողջ է:

Ամուսինը պարտավոր է վերադարձնել ոչ միայն օժիտն ու ընծաները, այլ նաև տուգանք վճարել, եթե իհարկե կնոջը վերցրել է անարատ վիճակում՝ որպես՝ կուսության գին: Եթե մինչ ամուսնությունը կինը կույս չի եղել, ապա ամուսինը պարտավոր չէ տուգանք վճարել: Ի դեպ Գոշի ու Սմբատի մոտեցումները տարբեր են: Առաջինը կարծում է, որ անկախ ամեն ինչից տուգանք պետք է վճարվի, որովհետև ամուսինը խախտել է ընտանեկան խաղաղ կյանքը:

Եթե ապահարզանի մեղավորը տղամարդն է, ապա երեխաները մնում են մոր մոտ: Նա կարող է ամուսնանալ միայն կնոջ թույլտվությամբ: Եթե կինն է վերոհիշյալ խնդրից ելնելով ապահարզան պահանջում, ապա ամուսինը իրավունք ունի չվերադարձնել օժիտն ու ընծաները: Ամուսինը իրավունք ունի ամուսնանալու, իսկ կինը՝ ոչ: Կնոջ մեղավորության դեպքում երեխաները մնում են հոր մոտ: Նա կարող է ամուսնանալ ամուսնու մահվանից հետո կամ էլ՝ թույլտվությամբ: Ի դեպ երկու դեպքում էլ կողմերը կարող են ամուսնանալ, երբ թույլտվություն ստանան եպիսկոպոսից և միմյանցից:

Ինչ վերաբերում է ամուսնական անհավատարմության խնդրին, ապա ամուսինն այդ դեպքում կարող է բաժանվել, իսկ կինը՝ ոչ: Վերջինս այդպիսի իրավունք կարող է ստանալ միայն այն դեպքում, երբ ամուսինը նրան պատշաճ ուշադրություն չի դարձնում, չի ապահովում ընտանիքի բարեկեցությունը և այլն:

Բռնության մասին. «Ապա թէ ի յայրկանն գէշ բարուցն լինի, նա հայնց տուգնէն զայրիկն, թէ զիր կնիկն անպատեհ ծեծէ կամ քշտէ, զէդ երբ զաւտար կին ծեծէ՝ նա ծեծեն ու զնդանեն...»։ Այսինքն, կնոջը ծեծելու դեպքում տղամարդուն տուգանք է հասնում: Ուրիշ կնոջը ծեծելու դեպքում՝ ծեծ ու ձերբակալություն:

Հիշեցնենք, որ սրանք 13-րդ դարի իրավական նորմեր են: Այսինքն չի կարելի դիտարկել այժմեական իրավական աշխարհայացքով, այլ հասկանալ, որ ընտանեկան բռնությունը նույնիսկ միջնադարում ընդունված պրակտիկա չի եղել: