Փաշինյանները մնացել են կասկածելի ծագում ունեցող խմբերի և «էռատոների» հույսին

Փաշինյանները մնացել են կասկածելի ծագում ունեցող խմբերի և «էռատոների» հույսին

Նախագահի և Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից մերժվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցայտնոտի մեջ։

Ինչպես հայտնի է, փետրվարի 25-ին Հայաստանի սահմանների և տարածքային ամբողջականության պաշտպանությամբ զբաղվող հայկական բանակը՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջեց, Արցախը և Հայաստանը կապիտուլյացիայի և վտանգավոր ցնցումների տարած, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Վերջինս էլ նախագահ Արմեն Սարգսյանին միջնորդագիր փոխանցեց՝ Գասպարյանին պաշտոնանանկ անելու առաջարկությամբ։ Սահմանադրության երաշխավոր Արմեն Սարգսյանը մերժեց այն՝ այսօր ևս մեկ անգամ իր աշխատակազմի անունից հայտարարություն տարածելով ու վերահաստատելով իր այդ դիրքորոշումը։

Ուժային կառույցներից մեկի՝ բանակի նկատմամբ վերահսկողությունը կորցնելուց հետո իմքայլական վարչապետը շաբաթ օրը հայտարարեց այսօր հանրահավաք անելու մտադրության մասին։ Փաշինյանի կողմից Ազգային անվտնագության ծառայության և ոստիկանության նկատմամբ վերահսկողությունը դարձել է բավականին հեղհեղուկ, և նրա հույսը մնացել են կասկածելի ծագում ունեցող խմբերը, որոնց միջոցով էլ կատարվում են մարդկանց վերահսկման մեջ պահելու գործողությունները։

Այդ խմբերն ընդգրկում է նաև 2018 թվականի իշխանափոխությունից հետո ստեղծված «Հեղափոխության պահապաններ» խմբավորումը, որի անդամներն աչքի են ընկնում բավականին ագրեսիվ պահվածքով ու քայլերով։ Կան նաև այլ փոքրիկ կազմավորումներ, որոնք, ըստ էության, «Հեղափոխության պահապաններ»-ի ավելի փոքր տեսակներն են։ Չի բացառվում, որ հենց այս խմբերի միջոցով իմքայլականները դիմեն տարբեր սադրանքների՝ ավելի հրահրելով ու խորացնելով առկա քաղաքական ճգնաժամը։

Այս կասկածելի ծագում ունեցող խմբերը, որոնք շրջում են նաև զինվորական համազգեստներով ու դրանց նմանությամբ հագուստներով, հայտնվել են թե՛ 2020 թվականի նոյեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում իշխանականների կազմակերպած փոքրաթիվ հավաքին, թե՛ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին փաշինյանականների՝ Եռաբլուր կատարած այցին, որի ընթացքում բախումներ եղան, թե՛ 2021-ի փետրվարի 25-ին՝ իմքայլական վարչապետի կոչով Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքին, որի ընթացքում նույնպես բախումներ եղան։

Փետրվարի 25-ին՝ Փաշինյանի, նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի, նրանց դստեր Մարիամ Փաշինյանի մասնակցությամբ երթին, նրանց և նրանց շրջապատող իմքայլականներին ուղեկցում էր բազմաշերտ պաշտպանություն, որը սովորաբար կազմված է լինում իմքայլական վարչապետին հավատարիմ խմբերից։

Պետք է արձանագրել, որ արդեն իսկ  վարչապետի աթոռը կորցնելուց այդքան վախեցող Նիկոլ Փաշինյանն այլևս նախկին «դուխովը» չէ և հույսը դրել է այսպիսի խմբավորումների վրա՝ վստահ չլինելով նաև ԱԱԾ-ի և ոստիկանության վրա։  Կասկածելի ծագում ունեցող խմբերից է նաև Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ժամանակ ձևավորված «Էռատո» խումբը՝ Աննա Հակոբյանի գլխավորությամբ, որը պատերազմի օրերին աչքի ընկավ լայնալիճ ժպիտների համադրմամբ ֆոտոսեսիաներով, թանկարաժեք և անհրաժեշտ զինվորական լրակազմով (սաղավարտ, զրահաբաճկոն, համազգեստ), այն դեպքում երբ արյունալի պատերազմի օրերին թուրք-ադրբեջանական ագրեսիային ու «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերին դիմագրավող մեր զինվորներն սաղավարտի ու զրահաբաճկոնի կարիք ունեին։

«ԱԱԾ-ն չէ այն կառույցը, որից պետք է զգուշանալ», - ասում են թեմային ծանոթ աղբյուրները։