Երկու տարի անց հանրության սպասելիքներից մեկն իրականացված չէ

Երկու տարի անց հանրության սպասելիքներից մեկն իրականացված չէ

Այսօր՝ ապրիլի 23-ին, լրացավ երկրորդ տարին, ինչ ժողովուրդը ցնծությամբ հրաժեշտ տվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Կարողացա՞ն իշխանություններն արդարացնել մարդկանց հույսերն ու սպասումները, որտե՞ղ «քցեցին», որտե՞ղ խաբեցին մարդկանց… Այս եւ այլ հարցերի շուրջ լսեցինք «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանին։


- Երկու տարի է՝ իշխանության եք, կարողացա՞ք արդարացնել քաղաքացիների հույսերն ու սպասումները, այս ընթացքում ի՞նչ առանցքային փոփոխություններ են, Ձեր կարծիքով, տեղի ունեցել Հայաստանում։

- Խոստումների այն մասը, որը կարելի էր երկու տարվա ընթացքում իրականացնել, գրեթե իրականացվել է, մյուս մասերը ժամանակ են պահանջում, որոնք պետք է իրականացվեն առաջիկա տարիների ընթացքում։

- Մի քանի առանցքային փոփոխություն նշեք, որոնցով արդարացրիք հանրության ակնկալիքները, հիմնովին փոխեցիք մարդկանց կյանքը։

- Գնահատականը պետք է հանրությունը տա, ինքը խոսի փոփոխությունների մասին, ես չեմ կարող ինձ գնահատել։ Եթե սպասելիքների տեսանկյունից նայենք հարցին, ապա կարելի է ասել, որ այս պահին մեր հանրության սպասելիքներից մեկը դեռ իրականացված չէ, բայց դա սպասելիք է հանրության, ժողովրդի կողմից, ոչ թե մեր տված խոստումներն են, որոնք չենք կատարել։ Դա այն է, որ ժողովրդի կողմից տարիների ընթացքում թալանված հարստությունն այն ծավալներով, ինչ ծավալներով ակնկալվում էր, դեռ չի վերադարձվել։ Դրան սպասում է ժողովուրդը։ Այժմ գնում է օրենսդրական բազայի կարգավորման գործընթաց, առաջիկայում այդ սպասելիքներն էլ կիրականացվեն, խոսքն ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքին է վերաբերում, որն ընդունվեց վերջերս։ Այլ օրենքներ էլ կան եւ կընդունվեն,  դրանք կստեղծեն այն բազան, որը կապահովի հնարավորություն՝ ժողովրդի այդ սպասելիքն իրատեսական ժամանակահատվածում իրականացնելու համար։

- Ժողովուրդը ձեզնից սպասելիք ուներ, որ կլավանար իր կյանքը, կբարձրանային աշխատավարձերը, աշխատատեղեր կստեղծվեին, հիմա ինչ էլ որ վերադարձվել է բյուջե, հաշվարկներ էին ներկայացվում, որ դրանից մի քանի անգամ ավել տրամադրվել է ձեր պարգեւավճարներին։

- Պարգեւավճարների գումարն այնքան չնչին է, որ քննարկման առարկա էլ չէ։

- Տարեկան 25 միլիարդը չնչի՞ն է։

- Դուք նկատի ունեք ուսուցիչների, ՏԻՄ աշխատակիցների պարգեւավճարնե՞րը, թե՞ միայն բարձրաստիճան պաշտոնյաների, եթե միայն բարձրաստիճաններինը, ապա այն մեկ միլիարդի չափ է։ Եվ հետո՝ վերադարձված բյուջեն կապ չունի մեր պարգեւավճարների հետ։ Վաղը, մյուս օրը ավելի մեծ թվեր են վերադարձվելու, բայց դա չի նշանակում, որ մեր պարգեւավճարներն էլ պիտի մեծանան։

- Ասենք, մարդկանց խոստացե՞լ էիք, որ ձեր աշխատավարձերը պարգեւավճարի հաշվին 30, 100, նախարարների դեպքում 150 տոկոսով բարձրանալու էին, իսկ իրենցը՝ չնչին։

- Պարգեւավճար միշտ են ստացել, ի տարբերություն այլ տիպի պարգեւավճարների, մերը եղել է թափանցիկ եւ հաշվետվողական։

- Եթե անօրինական պարգեւավճարներ են տվել, ինչո՞ւ այսօր իրավապահները միջոցներ չեն ձեռնարկում։

- Դրա համար ենք ասում, որ օրենքներ են ընդունվում, որոնք վերաբերելու են նաեւ ներկա պաշտոնյաներին։

- Լավ, քանի որ ձեր ֆրակցիայի ամենաանկեղծ պատգամավորներից մեկն եք, եթե չասենք՝ ամենաանկեղծը, ապա խոստովանեք՝ որտե՞ղ եք «քցել» ժողովրդին, ի՞նչ հարցում եք խաբել։

- Հաստատ, երկու տարվա ընթացքում չենք «քցել» կամ խաբել, բայց որ սխալներ թույլ ենք տվել, անկասկած, եղել է։ Բայց ես գոհ եմ այս երկու տարիներից։ Անկեղծության իմաստով էլ, վստահեցնում եմ, ոչինչ չի փոխվել, ինչ երկու տարի առաջ էր։

- Գուցե միայն Ձեր դեպքում չի փոխվել։ Մի քանի օր է՝ հանրության ակտիվ շրջանակները խոսում են այն մասին, որ իշխանությունը թաքցրել է իրենից, բանակցել է Արցախի հարցով, բայց ասել՝ չենք բանակցում, այն էլ՝ փուլային տարբերակի շուրջ։

- Դե, ես իմ անունից եմ խոսում։

-  Փաստորեն, համաձայն եք, որ իշխանությունը գաղտնի բանակցում է։

- Ոչ, ես չգիտեմ։ Այն, ինչի մասին ես գիտեմ, այդ տարբերակն ինձ համար միանշանակ ընդունելի է, վարչապետն էլ մի քանի անգամ հայտարարել է այդ մասին, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի կողմից, եւ Արցախը պետք է որոշի։