Ես էս վարչական շրջանը հետս չեմ տանելու

Ես էս վարչական շրջանը հետս չեմ տանելու
Արամ Դանիելյան

Հարցազրույց Արաբկիր վարչական շրջանի թաղապետ Արամ Դանիելյանի հետ։   

- Աշխատակիցներին հասկանալի չէ, թե ինչ սկզբունքով եք որոշում պարգեւատրումների չափը։ Ինչո՞ւ Ձեզ՝ 100, Ձեր վարորդին էլ՝ 100։

- Ես ինձ չեմ ներկայացրել, ներկայացրել եմ «0», բայց քաղաքապետարանից որոշել են, որ մենք էլ պետք է մյուս թաղապետերի նման պարգեւատրվենք։ Սա առաջին անգամ է, որ ամբողջ կազմով եռամսյակային պարգեւավճար են ստանում, ու ես սպասում էի բուռն արձագանք։ Մարդիկ մինչեւ հիմա բոլորը ստացել են 13-րդ աշխատավարձի պես։ Բայց այդ գործիքը պետք է մոտիվացնող դեր խաղա, ոչ թե լինի բոլորի համար հավասար։ Հետեւյալ մոտեցումն եմ փորձել որդեգրել՝ որ բաժնի պետերը նախ պարգեւատրման ներկայացնեն լավագույններին՝ 30 տոկոսին, որոնք կստանան 100 տոկոս, հետո 2-րդ շկալայի մարդկանց՝ 70 տոկոս, իսկ վերջին շկալան կստանա 30-50 տոկոս։ Ես հասկանում էի, որ 100 տոկոսանոց օբյեկտիվություն չէի կարող ապահովել։

- Գույքահարկի բաժնի աշխատակիցներին ինչպե՞ս եք պարգեւատրել։ 

- Շատ եւ քիչ հավաքած աշխատողներին նույն պրեմիան չպետք է տալ։ Պետք է լինի տարբերակված մոտեցում։ Ես բաժնի պետերին առաջարկել եմ, որ իրենք մշակեն չափանիշներ, եւ մայիսին բաժանենք այն ֆոնդը, որը դեռ չենք բաժանել։ Ես կարող եմ, չէ՞, մտածել՝ գլխացավանքի տակ չընկնեմ, բաժանեմ բոլորին 100 տոկոս։

- Դժգոհում են, որ Ձեր վարորդին, որը Ձեր բարեկամն է, 100 տոկոս եք տվել։

- Նա իմ միակ բարեկամն է, իրականում։ Այն աշխատանքը, որը վարորդը պետք է անի, նա շատ ավելի երկար է աշխատում։ 6-ին մարդիկ պետք է գնան տուն, բայց քանի որ ես մինչեւ գիշերվա 11-ը մնում եմ, նա ստիպված է ինձ հետ մնալ։ Ես սա չեմ էլ համարում պրեմիա։ Ես համարում եմ իր դեպքում արտաժամ աշխատանքի ոչ լրիվ փոխհատուցում։ Ավելին ասեմ, նա նախկինում աշխատում էր 280 հազար աշխատավարձով։ Այո, իմ աներձագն է, եւ դրա համար եմ կարողացել նրան խնդրել, որ մտնի իմ դրության մեջ, աշխատի ինձ հետ, որովհետեւ որոշակի վստահության խնդիր պետք է լինի։ 

- Դուք որ նոր էիք նշանակվել թաղապետ, ասում էիք, որ ճոխ սեղանը պետք է հանեք, որ ավտոմեքենան պետք է ծառայի ոչ միայն թաղապետին, այլեւ բոլորին։ Հանեցի՞ք սեղանը։ Ավտոն բոլորի՞ն է ծառայում։

- Ես օր առաջ ուզել եմ հանել ոչ միայն սեղանը, այլեւ հսկա ու մեծ, շքեղ ժամացույցը։ Կարող եք իմ մեղքը համարել, որ ես չգիտեի, որ յուրաքանչյուր իր օտարելու կամ նվիրելու համար պետք է ավագանու որոշում։ Ես որոշել էի ժամացույցը թանգարանին նվիրել։ Բայց այս էտապում, երբ որ ավագանին հազիվ հասցնում է արտահերթ նիստեր անելով աշխատել, նաեւ դրանով զբաղվի։

- Իսկ նախկին թաղապետի բաղնիքը քանդեցի՞ք-դարձրիք աշխատասենյակ։ 

- Ոչ, այս պահին ունենք սենյակներ։ Ես չեմ մոռացել իմ ասածը։ Այդ բաղնիքը կա։ Չեմ քանդել։ Այդ բաղնիքում ընդամենը երկու անգամ հասցրել եմ սափրվել, երբ լրագրողներ էին եկել հարցազրույցի։ Բաղնիքն այս պահին կես տարի է՝ ինձ լողանալու համար պետք չի եկել։ Եթե հետո էլ չլինի, կգնամ իմ տուն՝ Ծարավ Աղբյուրի փողոց, իմ բաղնիքի կարիքները կհոգամ ու կգամ։

- Ինչո՞ւ Ձեր աշխատողներն իրենց անունները չեն ասում։ Մտածում են, որ կազատե՞ք նրանց աշխատանքից։ 

- Ես հենց սկզբից ասել եմ, որ ոչ մեկին չեմ ազատելու, որ մի քանի ամիս աշխատեն, ես հետո կզգամ՝ իրենց աշխատանքը պե՞տք է, թե՞ պետք չէ։ Ու այս ընթացքում մարդիկ վախվորած, ծանոթներ ուղարկելով՝ խնդրում էին, որ իրենց չհանեն։ Ինձ համար սա աշխատելու տեղ է, այլ ակնկալիք ես գոնե չունեմ։ Ասում եք՝ ձեր բարեկամին եք նշանակել կանաչապատման ՓԲԸ-ում, բայց նա իրեն որպես գերազանց աշխատող է դրսեւորել դեռ նախկինում, երբ զբաղվում էր փողոցային առեւտրի դեմ պայքարով՝ ապօրինի սիգի վաճառքի մասով, բայց այս ամենի մասին ես չեմ խոսում, համարում եմ, որ սա շատ քիչ է։ Իրականում, ես իմ բարեկամների նկատմամբ ավելի խիստ եմ։ Հասկանում եմ, որ հին մարդիկ ադապտացման շրջան պետք է անցնեն։ Ես էս վարչական շրջանը հետս ո՛չ տանելու եմ, ո՛չ էլ խնդիր եմ դրել թիմ փոխել։