Համաձայնության կառավարությունը մանիպուլյացիա է՝ այս իշխանության գոյությունը երկարաձգելու համար

Հարցազրույց Արցախի հերոս Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Մարսել Պետրոսյանի հետ
- Ձեր կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի Արցախում համաձայնության իշխանություն ձեւավորելու վերաբերյալ։ Վիտալի Բալասանյանը նշանակվեց ԱԱԽ քարտուղար, մինչ այդ հայտարարություն արեց, որից կարելի է ենթադրել, որ Արցախի դե ֆակտո ղեկավարումն ինքն է իրականացնելու։
- Մենք մեր դիրքորոշումն արդեն արտահայտել ենք հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո՝ ԱԺ 4 ուժերի համատեղ հայտարարությամբ, որով պահանջում էինք Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
- Պահանջն առնվազն մեկ ուժի մասով խախտված է, դուք շարունակելո՞ւ եք պնդել։
- Գիտեք, ամբողջ խնդիրն այն է, որ այս պատերազմի ընթացքում նախ ամորձատվեց, ապա ջլատվեց ողջ Ղարաբաղը, դրա համար պետք է պատասխան տրվի։ Փոխանակ այսօր մենք մտահոգվենք մեր վաղվա օրով, այն փախստականների, ունեզրկվածների, անօթեւանների համար, ովքեր թափառում են Ստեփանակերտի կամ Հայաստանի այլ քաղաքների փողոցներում, այսօր ոմանք ինչ-որ համաձայնության, համերաշխության կառավարություն են ձեւավորում։ Չեմ կարծում, թե Ղարաբաղն այս պահին համաձայնության կամ համերաշխության կարիք ունի։
- Իսկ ինչի՞ կարիք ունի, ասում են՝ միայն այդպես է հնարավոր դուրս գալ այս իրավիճակից։
- Չեմ կարծում, որ դա կլինի համաձայնության կառավարություն, դա ավելի շուտ մանիպուլյացիա է՝ այս իշխանության գոյությունը երկարաձգելու համար։ Ղարաբաղն այսօր մի բուռ է դարձել, եւ այդ շրջանում նախարարներ ունենալը մի տեսակ ե՛ւ զավեշտալի է, ե՛ւ ողբերգական, ե՛ւ սարսափելի։
- Դուք ի՞նչ եք առաջարկում՝ լուծարե՞լ պետական ինստիտուտները։
- Մենք առաջարկում ենք ստեղծել փրկության կոմիտե կամ ճգնաժամային կառավարման մարմին, որին կփոխանցվեն կառավարման բոլոր լծակները, եւ այն պետք է փորձի լուծել բոլոր խնդիրները։ Այ, դրա մասին է պետք խոսել, ոչ թե մեկին պաշտոն են տալիս, մյուսին՝ զրկում պաշտոնից։ Ի վերջո, հարցը պաշտոնով չի լուծվում, այսօր տվել են, վաղը կազատեն, իսկ խնդիրները կմնան անլուծելի։
- Դուք կարծում եք, որ գործա՞րք է կայացել Վիտալի Բալասանյանի եւ Արայիկ Հարությունյանի միջեւ։
- Եթե ԱԺ 4 խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջով, որ ԱՀ նախագահը հրաժարական տա, կամ առնվազն անվստահություն են հայտնել, ինձ համար անհասկանալի ու անըմբռնելի է, որ այսօր այդ խմբակցությունները՝ բացառությամբ «Միասնական հայրենիքի», պատրաստ են գործարքի մեջ մտնել, համենայնդեպս, ես դա նորմալ երեւույթ չեմ համարում ու կարծում եմ, որ նման մանիպուլյացիաներով ղարաբաղյան խնդիր չեն կարգավորում, ընդհակառակը՝ ավելի են կխորացնեն ճգնաժամը, որովհետեւ մենք այսօր գործնական քայլեր չենք տեսնում․ չնայած տնտեսության ոլորտում էլեկտրաէներգիա, գազամատակարարում եւ այլն, ինչ-որ բաներ կարգավորվել են, սակայն դա վերջնական կարգավորում չէ։ Հադրութցիները պետք է վերադառնան Հադրութ։
- Ինչպե՞ս։
- Ես չգիտեմ ինչպես։ Համենայնդեպս, համաձայնության մեջ գրված է, որ պետք է փախստականները, տեղահանվածները վերադառնան իրենց բնակավայրերը․ սա է հարցերի հարցը, երկրորդական են մնացյալ հարցերը։
- Գուցե Արայիկ Հարությունյանը՝ որպես պարտված ղեկավար, չի կարող դա անել, դրա համար էլ Վիտալի Բալասանյա՞նն է օգնության հասնում։
- Ես չգիտեմ՝ ով ինչ է անելու, բայց ով էլ դա չանի, անելիք չունի այնտեղ։
- Ասացիք՝ բոլորը, ձեզնից բացի, համաձայն են միասնական կառավարմանը։
- Վստահ չգիտեմ, բայց կարծում եմ՝ իրենց համաձայնությունը կտան։
- Ստեղծված իրավիճակի համար Դուք մեղադրում եք գործող իշխանություններին, բայց դուք պատասխանատվություն եք կիսում իշխանության հետ, հուշագիր ունեք ստորագրած՝ թե՛ կառավարությունում, թե՛ ԱԺ-ում, միայն պատերազմից հետո Սամվել Բաբայանը հրաժարական տվեց։
- Այո, մենք պատրաստակամություն էինք հայտնել պատասխանատվություն կիսելու, բայց երբ առանց մեզ զգուշացնելու, առանց տեղեկացնելու, բացատրելու այս կամ այն խնդրի կարեւորությունը, փաստորեն, միակողմանի, միանձնյա հարցեր էին լուծում, ըստ այդմ էլ հանգել ենք հետեւության, որ անիմաստ է այդ հուշագիրը թողնել ուժի մեջ, որովհետեւ այն, փաստորեն, կրել է ձեւական բնույթ։ Եթե չի էլ կրել, համենայնդեպս, մեզ զգուշացրել են, որ ամեն ինչ օքեյ է, սակայն վերջում պարզվել է, որ դա ընդամենը շիրմա է եղել՝ իրենց քայլերն առաջ տանելու համար։
- Ո՞ր հարցերում տեղեկացված չեք եղել․ օրինակ, Սամվել Բաբայանի՝ ԱԽ նիստում հայտնի ձայնագրությունը հրապարակվեց, որից պարզ դարձավ, թե ինչ դիրքորոշում է ունեցել պատերազմական օրերին․․․
- ԱԽ նիստում ելույթ են ունեցել բազմաթիվ անդամներ, նախ՝ դա դռնփակ նիստ է եղել, եւ ոչ ոք իրավունք չուներ որեւէ բան հրապարակել։
- Դա հարցի մյուս կողմն է։
- Ինչո՞ւ միայն Բաբայանի խոսքը եւ ինչո՞ւ մնացածների նվաստացուցիչ արտահայտությունները մնացին վարագույրի ետեւում, եւ այսօր Բաբայանը միայն պետք է պատասխան տա իր ելույթի համար։
- Ո՞ւմ մասին եք ասում։
- Կներեք, չեմ կարող ասել։
- Բայց Մովսես Հակոբյանն էլ բացահայտեց, որ Սամվել Բաբայանը հրամանատարական բունկերում Փաշինյանի կնոջ հետ պատերազմն է վարել։
- Դուք իմ մասին բարձր կարծիքի եք տեղեկացվածության առումով․ ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, չգիտեմ՝ շտաբում ինչ է տեղի ունեցել։ Կարող եք խոսել այդ մարդկանց հետ։
- Հիմա պնդում եք, որ ձեր պատասխանատվությունը չկա։
- Գիտեք, ցանկացած ղեկավար, անկախ ամեն ինչից, պատասխանատվություն է կրում, եթե ես ինչ-որ հարցերում բարձրաձայնել եմ, բայց ինձ չեն լսել, դա ոչինչ չի նշանակում, ես նույնպես պատասխանատու եմ, որովհետեւ այս երկրի քաղաքացին եմ, այստեղ եմ ապրում, իմ ընտանիքը՝ եւս, ինձ հիմա մի հարց է հետաքրքրում՝ իմ սերնդի օրը։
- Բայց խոսվում էր, որ Սամվել Բաբայանը ճիշտ ժամանակին տարանջատվեց իշխանություններից՝ ցույց տալով, որ պատասխանատվություն չի կրում, եւ պատրաստվում էր հայաստանյան իշխանությունների աջակցությամբ Արցախում իշխանության գալ։ Գուցե Արայիկ Հարությունյանը համաձայնության կառավարությամբ փորձում է կանխե՞լ այդ սցենարը։
- Գիտեք, դա մեր դեմ էր ուղղված, թե ոչ, ինձ ամենեւին չի անհանգստացնում․․․ Ինչ վերաբերում է պարոն Բաբայանին, Դուք այդ հարցը կարող եք իրեն ուղղել։ Իսկ ես կարող եմ ասել, որ մեր խմբակցությունը ճանապարհային քարտեզ է պատրաստել, որը շուտով կհրապարակի, ես ավելին ասել չեմ կարող։ Միայն կասեմ, որ համաձայնության իշխանություն ստեղծելու փոխարեն անհրաժեշտ էր ստեղծել ճանապարհային քարտեզ եւ ցույց տալ՝ ինչ ենք անելու մենք վաղը, մյուս օրը, մեկ ամիս հետո, ինչպես ենք պատկերացնում մեր ապագան, եթե չենք անում, դառնում է պարապ վախտի խաղալիք։
- Հիմա վերադառնանք Վիտալի Բալասանյանին․ մինչ իր նշանակումը նա նախապայման էր առաջարկել, որ պետք է փոխվի ԱԺ նախագահը, հանձնաժողովի նախագահները, այլ փոփոխություններ, միայն այդ ժամանակ ինքը կհամաձայնի համագործակցել։ Հիմա, ըստ էության, Արցախում դե ֆակտո ինքն է իշխանությունը ստանձնում․ հնարավո՞ր է, որ Սահմանադրությունը փոխվի, ԱԱԽ քարտուղարը դառնա պետության գլուխը։
- Ես չեմ կարող ասել, չգիտեմ այդ մասին։ Բայց եթե Ղարաբաղում կա մեկ անձնավորություն, ով պատրաստակամ է իր ուսերին ստանձնել ապագայի խնդիրը եւ ունի ճանապարհային քարտեզ, մենք կծանոթանանք քարտեզին եւ պատրաստ ենք իր կողքին կանգնել եւ պաշտպանել։
- Վիտալի Բալասանյանն ունա՞կ է։
- Ես չգիտեմ՝ ինչ է մտածել, ինչպես է որոշվել, ինչպես է փոխում։ ԱԺ նախագահի փոփոխությամբ ի՞նչ պետք է փոխվի, գումարելիների տեղափոխությամբ գումարը չի փոխվում։ Մեզ հետ ոչ մեկը չի հանդիպել, որեւէ քննարկման չենք մասնակցել։
- Երբ ասում եք, որ նախագահի անվստահության պահանջ եք ներկայացրել, առաջիկա 1 տարում հնարավոր համարո՞ւմ եք նոր ընտրություններ, բացի այն, որ նախագահին պաշտոնավարումից մեկ տարի անց միայն կարող են իմպիչմենտ ներկայացնել, բայց Արցախում նոր ընտրություն հնարավո՞ր է կազմակերպել։
- Ոչ, չեմ պատկերացնում, մենք ոչ թե հրաժարական ենք պահանջել, որ Ղարաբաղն առանց իշխանության մնա, այլ որպեսզի ստեղծվի մի մարմին, լիազորություններ տրամադրվեն նրան, եւ բոլոր որոշումները պարտադիր լինեն գործադիրի համար, մարմնում պետք է ներգրավվեին խորհրդարանական եւ արտախորհրդարանական տարբեր ուժերի ներկայացուցիչներ։
Կարծիքներ