Հանրաքվե՞, իսկ հարցը մտածե՞լ եք

Հանրաքվե՞, իսկ հարցը մտածե՞լ եք

Հանրաքվե կազմակերպելն ու անցկացնելը դժվար չէ, բայց կա մի նրբություն: Հանրաքվե կազմակերպողն առնվազն պետք է իմանա, թե ինչի շուրջ է այդ հանրաքվեն: Ես այն տպավորությունը չունեմ, որ Փաշինյանի թիմն այս պահին գիտակցում է, թե ինչի շուրջ է «սպասվող» հանրաքվեն: Փաշինյանի պատվի հա՞րցն է, Հրայր Թովմասյանի ա՞նձը, ՀՀ Սահմանադրության անկատարությո՞ւնը, Սահմանադրական դատարանի իրավունքների սահմանափակո՞ւմը, վարչապետի իրավունքների շրջանակի ընդլայնո՞ւմը, Հայաստանի ներկան ու ապագա՞ն: Ո՞րն է հարցադրումը, առհասարակ, ի՞նչ հարց են դնելու ՀՀ քաղաքացու առաջ, քաղաքացին ինչի՞ն պետք է ասի «Այո», ինչին՝ «ՈՉ»:

Որ այս ամենը քաղաքական «կապրիզ» է, կարծում եմ՝ բոլորն են հասկանում: Հիշո՞ւմ եք՝ ինչից սկսվեցին ՍԴ-ի դեմ հալածանքները: Այո, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքի կապակցությամբ ՍԴ տված եզրակացությունից, որին հաջորդեց Արցախի նախագահների միջնորդությամբ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխությունը: Փաշինյանին հանկարծ պարզ դարձավ, որ իր կողմից արդեն իսկ զավթված գործադիր եւ օրենսդիր իշխանություններից բացի կա եւս մեկ իշխանություն՝ դատականը, որի վրա ինքը միահեծան իշխանություն չունի, պարզվեց, որ Հայաստանում, այնուամենայնիվ, կան դատավորներ, որ կարող են իր թելադրանքով չշարժվել:
Դատարաններն իրեն ենթարկելու, դատավորներին վախեցնելու 2019թ. մայիսի 20-ի հիրավի պատմական ակցիան ոչ ոք չի մոռացել, այդ թվում եւ միջազգային կառույցները, որոնք այն ժամանակ եւս դատապարտեցին վարչապետ Փաշինյանի՝ «դաշտային հրամանատարին» հատուկ այդ պահվածքը: Ես իրավաբան չեմ, բայց կարող եմ ասել, որ փողոցի աջակցությամբ դատարանների վրա գրոհելն առնվազն «քրեական ենթամշակույթի» դրսեւորում է: Դա նույնիսկ սովորական խուլիգանություն չէր, այլ դատական իշխանությունը հանցավոր եղանակով, այն է՝ պաշտոնեական դիրքի չարաշահումով եւ բռնությամբ յուրացնելու փորձ: Վախենալով քննադատություններից՝ Փաշինյանը մի պահ դադար վերցրեց եւ խաղարկեց արդեն Վահե Գրիգորյանին ՍԴ մտցնելու տարբերակը: Նպատակը նույնն էր՝ ամեն կերպ հասնել ՍԴ-ի յուրացմանը: Չստացվեց, ինչից հետո էլ գործի դրվեցին ուժային կառույցներն ու մանավանդ դրանց էլիտար թեւը՝ ԱԱԾ-ն, որն ուղղորդված գործողություններ սկսեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա ընտանիքի անդամների դեմ: Զուգահեռաբար արծարծվում էր նաեւ «բլիթի» թեման՝ գնացեք թոշակի, բարձր թոշակ կտանք եւ այլն: Չաշխատեց: Ուժային կառույցների ղեկավարները, բարեբախտաբար, շատ արագ հասկացան, թե ինչ է կատարվում, եւ հրաժարականներ տվեցին: Նրանց հետ բերելու Փաշինյանի բոլոր փորձերն ի դերեւ ելան, եւ նա իր ողջ զայրույթը թափեց պետական բյուջեի վրա՝ է՛լ նոր «Մերսեդես», է՛լ նոր ինքնաթիռ, է՛լ միլիոնների հասնող պարգեւատրումներ, է՛լ առանձնատան շքեղ նորոգում… Այդ ողջ ընթացքում Փաշինյանը մեկ րոպե անգամ չի դադարել մտածել ՍԴ-ից եւ ՍԴ նախագահից ազատվելու մասին: Միջազգային կազմակերպությունները, սակայն, նրան նախազգուշացնում էին գործադիր եւ դատական իշխանությունների հակադրությունները սրելու անթույլատրելիության մասին, հորդորում հարցը կարգավորել բացառապես Սահմանադրության շրջանակներում:

Մի պահ թվաց, թե Փաշինյանը ելքը գտել է, այն է՝ գործը գլուխ բերել ԱԺ իշխանական մեծամասնության ուժերով եւ ՀՀ նախագահին հակասահմանադրական գործարքի մեջ քաշելով: Ի դեպ՝ մեկ օր առաջ «Ադեկվադ» օրդենի անդամներին ասֆալտին փռելը, հաջորդ օրը երեկոյան Նիկոլ Փաշինյանի այցն Արմեն Սարգսյանին, այս նույն օպերայից են: Ըստ երեւույթին, Արմեն Սարգսյանը չէր համաձայնել երկու ոտքով թալակն ընկնել, եւ Նիկոլ Փաշինյանը, իրավաբան-իրավագետների հզոր ճնշման ներքո, սկսեց հետուառաջ անել նախապես պատրաստված սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որն իր հաշվարկներով պետք է օրենքի ուժ ստանար ԱԺ-ում ընդունվելուց եւ ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո, այսինքն՝ շրջանցելով ՍԴ-ն:
Թե հետո ինչ տեղի ունեցավ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, ինչպիսի ելույթներ եղան, ԱԺ-ում ինչպես իրեն պահեց վարչապետ Փաշինյանը, հայտնի է բոլորին: Չանդրադառնալով իմքայլականների՝ անտեղյակություն ճառագող ելույթներին՝ նշեմ միայն, որ որոշվեց սահմանադրական փոփոխությունների հարցը դնել հանրաքվեի, որպեսզի ժողովուրդը որոշի՝ փոխե՞լ ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետներին վերաբերող կետը, թե՞ չփոխել: Սա, իհարկե, շատ ավելի անշառ տարբերակ է, քան նախորդը, որ Փաշինյանն ուզում էր անցկացնել մոտ 4 տասնյակ յուրայիններին փուռը տալով: Չի բացառվում նաեւ, որ փոփոխությունները հանրաքվեով կատարելու գաղափարն իրենց հանդիպման ժամանակ Փաշինյանին հուշել է հենց Արմեն Սարգսյանը: Եթե ես սխալվում եմ, ապա Փաշինյանը թող պատասխանի մի հարցի՝ ինչի՞ համար էր ՍԴ-ի շուրջ խաղարկված այս մեծ կլոունադան, եթե նա գիտեր, որ կարելի է հանրաքվեով լուծել հարցը:

Նորից գանք ապագա հանրաքվեի հարցադրմանը: Եվ ուրեմն՝ ի՞նչ են գրելու հարցաթերթիկի (քվեաթերթիկի) վրա: Խոսքն այն չոր եւ հստակ հարցադրման մասին է, որին ՀՀ քաղաքացին պետք է պատասխանի՝ «Այո» կամ «Ոչ»: Ես սիրով իմ օգնությունը կառաջարկեի Փաշինյանին այս հարցում, բայց նա իմ գլխում ամեն ինչ խառնել է իրար: Էս գլխով ես ի՞նչ հարցադրում մտածեմ, որ տարընթերցումների տեղիք չտա: Հարցերի մի քանի տարբերակ եմ գրել, բայց հավանականությունը փոքր է, որ «Իմ քայլի» դպրոցականներին հաճելի լինեն դրանք: Նշեմ դրանցից մեկ-երկուսը: Եվ այսպես՝

1. Համաձա՞յն եք, որ երկրում օրենսդիր, գործադիր, դատական եւ չորրորդ (մամուլ) իշխանությունները պատկանեն Նիկոլ Փաշինյանին: Այո-Ոչ:

2. Համաձա՞յն եք, որ դատավորները վճիռ կայացնեն բացառապես Փաշինյանի ասելով:

3. Համաձա՞յն եք, որ ՍԴ-ն Փաշինյանի ցուցումով հավանություն տա այն բոլոր ստամբուլյան կոնվենցիաներին, որոնք հավանության կարժանանան ԱԺ-ում:

4. Համաձա՞յն եք, որ ՍԴ-ն միշտ պատրաստ ռեժիմով, որ նույնն է՝ Փաշինյանի մատի շարժումով, Սահմանադրությանը չհակասող ճանաչի Արցախի ու Հայաստանի ճակատագրի հետ առնչվող՝ ՄԽ համանախագահների որոշումները: 

5. Համաձա՞յն եք, որ Հրայր Թովմասյանի փոխարեն ՍԴ նախագահ դառնա Վահե Գրիգորյանը:
Գլուխս խախանդվի՝ մի քանի առաջարկներ էլ կտամ: Օրինակ, սա էլ լավն է. «Համաձա՞յն եք, որ Փաշինյանն ու իր թիմը շարունակեն միմոսությունների շքերթը»: