Լավ է լինելու

Լավ է լինելու

Բառերը, ասում են, նյութականանալու հատկություն ունեն։ Երեկ աչքի էի անցկացնում 2019 թվականի մեր որոշ հրապարակումներ, եւ անցած տարեվերջի համարում գրածս խմբագրականն ինձ ուղղակի սարսափեցրեց, հիմա վախենում եմ առաջիկա տարվա հետ կապված բան ասել։ Իսկ 2019-ի վերջին գրել էի․ «Մի բանով այս տարին տարբերվում է բոլոր նախորդներից՝ հաջորդ տարվա հետ կապված լավատեսությունը մի տեսակ նվազել է։ Հույսը, որ մեզ առջեւում բարեկեցիկ, ներդաշնակ եւ մանավանդ՝ խաղաղ տարի է սպասվում, այնքան էլ վառ չէ։ Եվ դա պայմանավորված է ոչ թե նրանով, որ մենք՝ լրագրողներս, հոռետես ենք դարձել, այլ մեր շուրջը կատարվող իրադարձություններով, մեր իշխանությունների վարքուբարքով, մեր ընդդիմության որակով, մեր պետական ինստիտուտների ցաքուցրիվ վիճակով, մեր ժողովրդի շփոթվածությամբ, արտաքին աշխարհից եկող ազդակներով, աշխարհաքաղաքական իրողություններով։

Լավ կլիներ, որ 2020-ն իրոք տնտեսական վերելք ապահովեր մեր երկրի համար, սակայն դրա սաղմերը պետք է 2019-ին դրվեին, որ չեն դրվել։ Լավ կլիներ, որ Արցախի խնդրում բեկում արձանագրվեր, սակայն բանակցային գործընթացի այսօրվա իրողությունները դա չեն խոստանում։ Լավ կլիներ, որ մեր երկիրը դառնար իրական սոցիալական պետություն, սակայն սոցիալական քաղաքականության նշույլ անգամ չի նկատվում։ Եվ վերջապես՝ լավ կլիներ, որ մենք դառնայինք իրավական պետություն, սակայն այստեղ էլ, ցավոք, ունենք ահռելի հետընթաց»։ Չեմ ուզում սեւ ագռավի նման «կռռալ» մեր պետության եւ մեր վրա, ուստի որքան էլ լավատեսության հիմքեր չկան, ուզում եմ միայն լուսավոր բաներ գրել 2021-ի հետ կապված․ մենք ճեղքելու ենք այս սեւ օրերի շղթան եւ հաղթահարելու ենք այս ճգնաժամը։ Դժվար ու դժբախտ օրերին լուսավոր օրեր են հաջորդելու։ Մի վհատվեք։