Ռուբեն Հայրապետյանը պատրաստ է քննարկել «Բջնին» վերադարձնելու հարցը

Ռուբեն Հայրապետյանը պատրաստ է քննարկել «Բջնին» վերադարձնելու հարցը

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ ձեռնարկված միջոցառումները՝ քրեական գործ, այսօր բնակարանում խուզարկություն, նրա մերձավորները բացատրում են երկու հանգամանքով։ Մեկը՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններն են՝ դեկտեմբերի 23-ին, որտեղ 3 թեկնածու է առաջադրվել՝ Խորեն Հովհաննիսյան, ՀՖՖ նախագահի տեղակալ Արմեն Մելիքբեկյան եւ «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյան։ Իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում Արմեն Մելիքբեկյանին անցկացնելու համար։ Չար լեզուներն ասում են, որ անգամ ուժայիններին են գործի դրել, որ ակումբների ղեկավարների նկատմամբ ճնշում գործադրեն եւ ստիպեն, որ իշխանական թեկնածուին ընտրեն։

Բացի այդ, Թովմաս Գրիգորյանի դեմ փիառը կառուցում են այն տեղեկատվության վրա, որ նա Ռուբեն Հայրապետյանի մտերիմն է։ Եւ Նեմեցի ուժն ու ազդեցությունը նվազեցնելու համար էլ նախաձեռնված է քրեական հետապնդումների շղթան՝ կարծում են մտերիմները։ Ի դեպ, Թովմաս Գրիգորյանին աջակցում է նաեւ ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը։

Եւ երկրորդ թեման, որը Հայրապետյանի մերձավորների կարծիքով դեր է խաղացել՝ Խաչատուր Սուքիասյանի թեման է։ Հիշեցնենք, որ վերջինս իշխանափոխությունից հետո բարձրացրել է ժամանակին իրեն պատկանող «Բջնի» գործարանը հետ ստանալու հարցը, որը նրանից խլվել էր 2008 թվականի դեպքերից հետո։ Այս թեմայով եւս կա քրեաիրավական գործընթաց, սակայն այն կամ հնարավոր չէ հասցնել տրամաբանական ավարտին, կամ՝ երկար պրոցես է եւ հիմա Հայրապետյանի դեմ ձեռնարկված քայլերը, ըստ մտերիմների, ուղղված են այդ պրոցեսն արագացնելուն։

Ի դեպ, մեր հավաստի տեղեկություններով, Ռուբեն Հայրապետյանը 2 ամիս առաջ Սուքիասյաններին մերձ անձանց առաջարկել է կամովին վերադարձնել «Բջնին» Սուքիասյաններին՝ իր տարիներ առաջ կատարած ծախսերը եւ ժամանակին իր վճարած գումարը վերադարձնելու դեպքում։ Մեզ չհաջողվեց երեկ մեկնաբանություն ստանալ Ռ․Հայրապետյանից՝ հասկանալի պատճառներով։