Ի՞նչ կտա Հայաստանին Սերժ Սարգսյանի օրոք կնքված, 2021-ին ուժի մեջ մտած համաձայնագիրը

Ի՞նչ կտա Հայաստանին Սերժ Սարգսյանի օրոք կնքված, 2021-ին ուժի մեջ մտած համաձայնագիրը

2017 թվականի նոյեմբերի 24-ին Եվրոպական Միության կենտրոն Բրյուսելում Հայաստանի նախկին նախագահ (2008-18), ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի  և Եվրոպական խորհրդի նախկին նախագահ (2014-19), ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար (2008-18) Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախկին բարձր ներկայացուցիչ (2014-19) Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (EU-Armenia Comprehensive and Enhanced Partnership Agreement / CEPA)։

Համաձայնագիրը նախատեսված է ՀՀ-ԵՄ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար։ 

2021-ի փետրվարի 10-ին հայտնի դարձավ, որ ԵՄ-ն ծանուցել է Հայաստանին՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ վավերացման գործընթացի ավարտի մասին, և համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի այս տարվա մարտի 1-ից: «2021թ. փետրվարի 10-ին Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանի Հանրապետությանը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։ Համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի ս.թ. մարտի 1-ից», - հայտարարեց ԱԳ նախարարությունը։

«Հրապարակը» նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանից հետաքրքրվեց, թե այս համաձայնագիրն ի՞նչ նոր իրողություններ, հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։ «Նայեք, CEPA-ի հետ կապված առաջին գաղափարը, որտեղ ասում է, որ «Այ նայեք, վավերացվել ա», ունի իր մեջ քաղաքական մեսիջ, չէ՞, որ Հայաստանը Եվրամիության հետ ինչ-որ դրական բան է փորձել անել։ Հիմա նայում ենք ու ասում ենք, որ ամբողջովին մտել է ուժի մեջ։ Ինչը նշանակում է, որ 100 տոկոս կարող ենք այդ պայմանագիրն օգտագործել։ Բայց որ նայում ես իրականությանը, ապա պետք է ասել, որ 2018 թվականի հունիսից CEPA-ի պայմանագիրը 80 տոկոսով ուժի մեջ էր։ Արդյո՞ք 2018-ի հունիսից մինչև այսօր կամ մինչև մարտի 1-ը մենք այնպիսի օգտագործում ենք արել այդ CEPA-ից, որ կարելի  լիներ ասել. «Ա՜յ, ա՜յ խեղդվում էինք, հնար չկար, 80 տոկոսն անցել էինք, ուզում էինք ավել անեինք, տեղ չհասանք։ Լավ է, բախտներս բերեց, 100 տոկոսով վավերացրեցինք»։ Իրականության մեջ ամեն ինչ կապված է լինելու աշխատանքի որակից, որովհետև եվրոպացիները գնահատում են որակով, որի համար պետք ունենաս կառավարություն, որն ունակ է ինչ-որ ծրագրեր իրագործել», - նշեց Պողոսյանը։

Քաղաքական գործիչը, նայելով այսօրվա դրությամբ կաթվածահար եղած պետությանը, հույս չունի, որ այս համաձայնագիրն այնպիսի փոփոխությունների կբերի, որտեղ մենք բոլորս ուրախացած կզգանք։ 

«Որ ասենք․ «Այսինչ լավ բանը եղավ»։ Էլ չասեմ, որ դրա հետ միասին էլ բոլորիս համար միշտ մնալու է այն վերաբերմունքը, որ Եվրամիության երկրները և ինստիտուտներն ունեցան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Երբ համարյա չէինք լսում դատապարտող հայտարարություններ՝ մարդու իրավունքների հանդեպ խախտումների, հուշարձանների ավերման ու պղծման դեպքերի և այլ երևույթներ վերաբերյալ, որ եղել էին։ Ադրբեջանի կողմից օգտագործված մասսայական ոչնչացման զենքեր, էլ չեմ ասում քաղաքական բոլոր խնդիրները։ Այդ ամեն ինչը վերցնելով՝ պետք է ասել. «Դե լավ, տեղի է ունեցել», ի՞նչ ասեմ։ Բոլորը գիտեին՝ ուշ թե շուտ կյանքի էր կոչվելու և տեղ էր հասնելու։ Այնպես որ, ինձ համար զարմանալի չէ, որ դա տեղի ունեցավ հիմա, թե դա տեղի կունենար կես տարի հետո, թե դա տեղի կունենար կես տարի առաջ։ Քանի որ իր իմաստն ու բուն բովանդակությունն այն էր, որ այնպես պետք է անեինք, որ 2018-ի փոփոխություններից հետո կարողանայինք շատ արագ կապիտալիզացնել մեր հաջողությունները, որոնք չէինք արել այն ժամանակ», - նշեց նախագահի խորհրդականը։ 

Ըստ նրա՝ իշխանությունները կաշխատեն, ինչ-որ ծրագրեր կյանքի կկոչվեն, չեն աշխատի, այդպես էլ կմնա։ «Չմոռանանք, որ Եվրամիությունը միշտ ասել է. «Ավելին ավելինի համար»։ Իսկ քաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներից ելնելով՝ մենք էլ պետք է հասկանանք, որ այնպիսի իրավիճակ է ստացվել, որ այսօրվա իշխանություններն առանց Մոսկվայի «օքեյի» ոչ մի բան էլ չեն անելու։ Սա քաղաքական մեսիջ էր, հատկապես՝ հաշվի առնելով, որ սրա քաղաքական մեսիջի խնդիրը կարող էր դիտարկվել. «Դե, տղերք, հողերը կորցրեցինք, ա՛յ միանգամից վավերացրեցին, դե, մինչև այդ չէին անում», - եզրափակեց Թևան Պողոսյանը։

Կովկասի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանից հետաքրքրվեցինք, թե սա ինչ-որ նոր բան տալո՞ւ է Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերություններում։ «Դա ուղղակի այն քաղաքական գործընթացի ամփոփումն է, որը սկսվել է դեռ 2010 թվականից և այսպես ասած ամփոփվեց՝ ՍԵՊԱ-ի պայմանագիրը ստորագրելով։ Որոշակի առումով Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների մակարդակը կբարձրանա, ու նաև կտրվի հնարավորություն վիզայի դիալոգի վերսկսմանը։ Այսպիսով, որոշակի հնարավորություններ կլինեն, բայց ավելի շատ սիմվոլիկ բնույթ ունի», - ասաց քաղաքագետը։

Սիմվոլիկ բնույթ ասելով Միքայելյանը նկատի ուներ այն, որ 1999 թվականից գործում էր Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը (The Partnership and Cooperation Agreement, PCA-ն ստորագրվել է 1996-ին և ուժի մեջ է 1999-ից), որը մինչև հիմա գործել է, իսկ հիմա՝ ՀԸԳՀ-ն է։ «Որն ավելի ընդլայնված է, իր բնույթով այսպես կոչված ասոցացման քաղաքական մասն է ներկայացնում։ Եվրամիության հետ հարաբերվելիս Հայաստանի ղեկավարությունը գործելու այդքան էլ մեծ հնարավորություններ չունի, որովհետև իրականում ԵՄ-ն իր հնարավորություններով բավականին ծանրակշիռ է, և շատ բան անելու հնարավորություն չկա»

ԱԳ նախարարությունն իր հայտարարութան մեջ նշել էր, որ «Համաձայնագրի արդյունավետ կիրարկումը շոշափելի արդյունքներ կբերի մեր քաղաքացիներին՝ լայնածավալ բարեփոխումների միջոցով խթանելով ժողովրդավարության,  քաղաքական, տնտեսական և սոցիալական կայունության ամրապնդումը և ժամանակի ընթացքում իր ազդեցությունը կունենա մեր քաղաքացիների բարեկեցության և կենսակերպի վրա»։ 

Ըստ Միքայելյանի՝ այս համաձայնագիրը Հայաստանի պետական ինստիտուտները, օրենսդրության ԵՄ-ին ավելի մոտիկացնելու ձևն էր, որոշ առումով նմանեցնելու ձևն էր։ «Պետք է հաշվի առնել այն, որ բերեփոխումները, որոնք հարկավոր են CEPA-ի ընդունման համար, հիմնականում կատարվել են դեռ 2012 թվականին։ Եվ այստեղ առարկայական նոր բան չի լինելու։ Սա չի ենթադրում, որ ինչ-որ ոլորտներում շոշափելի առաջընթացներ են տեղի ունենալու։ Մեծ հաշվով CEPA-ի կիրառման համար հատուկ պայմաններ անհրաժեշտ չեն», - նշեց քաղաքագետը։ 

Դիտարկմանը, որ Հայաստանում անվտանգային առումով մեծացել է Ռուսաստանի ազդեցությունը, խոսվում է նոր ռազմաբազայի կամ մասնաճյուղի տեղակայման մասին երկրի արևելյան հատվածում (Սյունիքի Գորիսի համայնք), և հարցին՝ արդյո՞ք այս դեպքում համաձայնագիրը հնարավոր կլինի՞ ամբողջովին կիրառել՝ հաշվի առնելով այս ամենը, Միքայելյանը պատասխանեց, որ բանակցությունների ընթացքում հաշվի են առնվել ռուսական կողմի հետաքրքրությունները և շահերը։ «Մյուս կողմից, իհարկե, Ռուսաստանի տեսանկյունից այդքան էլ ողջունելի չէին՝ դեռ 2017-ին, երբ որ ստորագրվեց, և ոչ էլ հիմա՝ ամբողջովին դրական չի ընդունվելու։ Այս պահի դրությամբ Հայաստանը ոչինչ էլ չի արել, որովհետև արդեն արել էր, որովհետև մենք այստեղ խոսում ենք արդեն եվրոպական բյուրոկրատական գործընթացի ավարտի մասին, այլ ոչ թե Հայաստանի»,- եզրափակեց Կովկասի ինստիտուտի փորձագետը։