ՔՊ-ից մի հոգի էր մասնակցում Վալոդյա Գրիգորյանի երդմնակալությանը

ՔՊ-ից մի հոգի էր մասնակցում Վալոդյա Գրիգորյանի երդմնակալությանը

Շաբաթ օրը Փարաքարի մշակույթի պալատում տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ, «Ապրելու երկրի» թեկնածու Վալոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունը։ Լեփ լեցուն դահլիճում միայն մեկ ՔՊ-ական ավագանու անդամ կար` իշխանականները, ինչպես Գյումրիում, այստեղ էլ էին բոյկոտել համայնքի ղեկավարի երդմնակալության արարողությունը։ Ապրիլի 16-ին էլ նորընտիր ավագանու անդրանիկ նիստին ՔՊ-ն չէր եկել, չնայած վերցրել են ավագանու մանդատները, եւ մասնակցելու են Փարաքարի կառավարմանը` որպես ընդդիմադիր խմբակցություն։

Չմասնակցելու պատճառը պարզ է՝ իշխանությունը չի կարողանում մարսել հերթական պարտությունը։

Երդմնակալության արարողության ավարտից հետո ներկաները մոտեցան ֆուրշետի սեղանին` բաժակ բարձրացնելու եւ Վալոդյա Գրիգորյանին շնորհավորելու։ «Հրապարակը» նկատեց, որ ներկա էր ՔՊ-ի ավագանու անդամ Արմինե Հակոբյանը, թեեւ նա չցանկացավ խոսել տեսախցիկի առջեւ։ Նշենք, որ Ա. Հակոբյանն աշխատում է Թաիրովի բուժամբուլատորիայում։ Նշենք, որ Վալոդյա Գրիգորյանը մեզ հետ զրույցներում բազմիցս նշել է, որ չի պատրաստվում աշխատանքից ազատել նրանց, ովքեր իր դեմ են պայքարել՝ լինելով ՔՊ-ական։ «Համայնքապետարանում աշխատում են փարաքարցիներ, եւ ես չեմ պատրաստվում ազատել աշխատանքից այն մասնագետներին, ովքեր բարեխղճորեն կշարունակեն իրենց աշխատանքը»,-ասել էր նա։