Թեստ՝ առավել ստրկամիտներին բացահայտելու համար 

Թեստ՝ առավել ստրկամիտներին բացահայտելու համար 

Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ միանում է ՔՊ-ական պատգամավորների` իր պաշտոնանկության պահանջով ստորագրահավաքին, որի ընթացքում գրեթե երեք տասնյակ պատգամավորներ միացել էին դրան: Մինասյանը պատճառաբանեց, որ չի կարող աշխատել նախարարի պաշտոնում, եթե թեկուզ մեկ պատգամավորի հետ խնդիր ունի: Տեսականորեն, նա կարող էր հրաժարական չներկայացնել՝ շարունակելով չնկատելու տալ, թե քանի ՔՊ-ական պատգամավոր է միացել իր պաշտոնանկությունը պահանջող ստորագրահավաքին, ի վերջո՝ ո՛չ Սահմանադրությամբ եւ ո՛չ էլ կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքով, որը կարգավորում է կառավարության ձեւավորման եւ գործունեության կարգը, ոչ մի խոսք չկա այն մասին, որ պատգամավորները` թեկուզ խորհրդարանական մեծամասնության, կարող են պահանջել կամ, առավել եւս՝ պաշտոնանկ անել առանձին վերցված մեկ նախարարի, եթե անգամ դժգոհ են նրա աշխատանքից: Այդ դեպքում ինչո՞ւ Գրիգոր Մինասյանը որոշեց հրաժարականի դիմում ներկայացնել Փաշինյանին կամ, ինչպես ինքն է ասում` միացավ իր պաշտոնանկության պահանջով ստորագրահավաքին:

Ամենապարզ բացատրությունն այն է, որ Մինասյանը, լինելով իշխանության ներսի մարդ եւ ծանոթ լինելով ներիշխանական հարաբերություններին, շատ լավ գիտեր, որ այդ ստորագրահավաքն ինքնաբուխ չէ, որ ՔՊ-ական պատգամավորներին նման ստորագրահավաք կազմակերպելու հրահանգ տվել է անձամբ Նիկոլ Փաշինյանը, եւ ստորագրած պատգամավորներն էլ դա արել են բացառապես նրա համաձայնությունը, ավելի ճիշտ` թույլտվությունը ստանալուց հետո միայն: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու է Փաշինյանը որոշել իր կառավարության անդամից ազատվել նման բարդ ընթացակարգով. նախ հրահանգ է տվել պաշտոնանկությունը պահանջող ստորագրահավաք սկսել, հետո ինչ-որ մարդկանց հրահանգել է միանալ այդ ստորագրահավաքին: Կարող էր, չէ՞, օգտվել նույն՝ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի` իրեն ընձեռած իրավունքից եւ Մինասյանին ազատել աշխատանքից: Ինչո՞ւ էր բեմադրվել այս ամբողջ ներկայացումը, ինչո՞ւ Փաշինյանը ցույց չտվեց, որ ինքն է որոշում՝ ով լինի նախարար, ով` ոչ: 

Ամենահավանական տարբերակն այն է, որ Փաշինյանը հերթական քննությունն է անցկացրել իր խմբակցությունում, դրա միջոցով ճշտելու, թե խմբակցության անդամներից ովքեր են իրեն առավել ստրկամտորեն ծառայում, իսկ ովքեր են փորձում ինքնուրույնություն դրսեւորել, որ ձեւավորվի իր հետագա վերաբերմունքն այդ մարդկանց նկատմամբ: Նրանք, ովքեր ստորագրահավաքի մասին տեղեկանալուց անմիջապես հետո կապ են հաստատել վարչապետի կամ նրա աշխատակազմի հետ եւ փորձել են կարգադրություն ստանալ իրենց հետագա գործողությունների մասին, այսինքն` առավել ստրկամիտները, հուսալի են: Նրանք, ովքեր համարել են, որ եթե իրենց որեւէ բան ասված չէ այդ ստորագրահավաքին միանալ-չմիանալու վերաբերյալ, իրենք ինչո՞ւ պետք է ավելորդ նախաձեռնություն դրսեւորեն, ավելորդ անգամ նվաստանան փաշինյանական աշխատակազմի առաջ՝ դրանով հանդերձ, իրենց հարաբերությունները փչացնելով գործող նախարարի հետ, որը, դեռ չգիտես՝ պաշտոնավարելու է, թե հեռացվելու է աշխատանքից: Եղան մարդիկ, ովքեր հրապարակայնորեն հայտարարեցին, որ դժգոհ չեն արդարադատության նախարարի աշխատանքից, ինչն արդեն ոչ թե վատ է, այլ՝ շատ վատ: Ափսոս, որ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկությանը միացածների ցուցակը չեն հրապարակում, որ մենք եւս իմանայինք, թե որտեղով է անցնում այս բաժանումը` առավել ստրկամիտների եւ պակաս ստրկամիտների միջեւ:

Բայց Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաքն ունի մեկ այլ հետաքրքիր ասպեկտ եւս, եւ այն կբացահայտվեր, եթե Մինասյանը համառեր եւ հրաժարական չտար: Մի պահ պատկերացնենք, որ այդ ստորագրահավաքին միացել է 35-40 ՔՊ-ական պատգամավոր, եւ ՔՊ-ի մեծամասնությունը կողմ է, որ Փաշինյանը նրան պաշտոնանկ անի, բայց Փաշինյանը չի կատարում իր խմբակցության անդամների պահանջը: Այդ դեպքում ստորագրահավաքին միացած ՔՊ-ականները երկու տարբերակ էին ունենալու. կա՛մ հայտարարելու էին, որ իրենք ստորագրահավաքով արտահայտել են իրենց վերաբերմունքը Մինասյանի գործունեությանը, եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է որոշի՝ ինչպես վարվել, այսպես ասած` «զադնի էին դնելու», կա՛մ էլ առաջ գնալու դեպքում պետք է պահանջեին վատ աշխատող նախարարին հովանավորղ վարչապետի հրաժարականը նույնպես: Այդ դեպքում բավարար կլիներ խմբակցության անդամների ընդամենը կեսի՝ 36-ի ստորագրությունը` նրա պաշտոնանկության հարցը խորհրդարանի օրակարգ բերելու համար։

Ըստ «Հրապարակի», Մինասյանի պաշտոնանկության պահանջին միացել էր 27 պատգամավոր: Սա, իհարկե, շատ ֆանտաստիկ բան է՝ նկատի ունենալով, թե ինչ տիպի կերպարներ են հավաքված ՔՊ-ում, բայց նույնիսկ ամենաֆանտաստիկ թվացող գաղափարների՝ մի օր իրականանալու հավանականությունը կա: Ցավոք, Գրիգոր Մինասյանն իր հրաժարականով մեզ զրկեց իրադարձությունների հետագա ընթացքին հետեւելու հնարավորությունից, որը կարող էր չափազանց դիտարժան լինել:

Իսկ ե՞րբ կբացահայտվի այն պատգամավորների ցանկը, ովքեր միացել էին Մինասյանի պաշտոնանկության պահանջին: Կարծում եմ՝ երբ հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ` հերթական թե արտահերթ, Փաշինյանը հրապարակի ՔՊ-ի նախընտրական ցուցակը, ցուցակի առաջին տեղերում կլինեն հենց նրանք, ովքեր միացել էին այս ստորագրահավաքին: