Բացառված չէ, որ «MՕ TV»-ն զրկվի լիցենզիայից․ ՀՌՀ-ն քայլեր կձեռնարկի

Բացառված չէ, որ «MՕ TV»-ն զրկվի լիցենզիայից․ ՀՌՀ-ն քայլեր կձեռնարկի

«MՕ TV» հեռուստաալիքի հետ կապված՝ տարօրինակ իրադարձություններ են տեղի ունենում։ Ընդամենը մի քանի ամիս առաջ ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3-ին հայկական եթերում փոխարինեց «MՕ TV» հեռուստաընկերությունը։ Խոստումներ էին հնչում, որ այն թարմացված աշխատակազմով եւ նոր բովանդակությամբ ու ձեւաչափով է ներկայանալու հեռուստադիտողին։ Հետո հայտնի դարձավ, որ այն գնել է «Արմենիա Թի Վի»-ի նախկին տեր ու հիմնադիր Բագրատ Սարգսյանը։ Իսկ երեկ վստահելի աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը պատրաստվում է MՕ TV-ին զրկել լիցենզիայից։ Պատճառը հեռուստաընկերության կողմից թույլ տրված խախտումներն են։ Պարզաբանումների համար դիմեցինք ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին։

- Մեզ լուր է հասել, որ ՀՌՀ-ն պատրաստվում է լիցենզիայից զրկել «MO TV» հեռուստաընկերությանը: Որքանո՞վ են դրանք հավաստի։

- Այս տեսակի լուրերը, ինչպես հաճախ է լինում, աղավաղված են ու չափազանցված: Հանձնաժողովը լիցենզիայից զրկելու իրավասություններ չունի, լիցենզիայից զրկելու որոշումը կայացնում է դատարանը: Այլ խնդիր է՝ կա՞ն արդյոք հիմքեր՝ լիցենզիայից զրկելու հայցով դիմելու դատարան:

-  Եվ կա՞ն նման հիմքեր։  

- Եթե կարճ ասեմ, այդ հեռուստաընկերությունը հանրային թվային մուլտիպլեքսում գործող ամենապրոբլեմային հեռարձակողն է: Հեղինակային իրավունքի մշտական խախտումներ, որի պատճառով 9 ամսում MO TV-ն գրավոր նկատողություն է ստացել եւ տուգանվել, օրենքում ամրագրված թեմատիկ ուղղվածության կանոնների անտեսում․ բոլորը չթվարկեմ: Հեռուստաընկերությունում պարբերաբար փոխվում է ղեկավարությունը։ Նոր տնօրենը գալիս է, խոստանում է վերացնել թերությունները, պատկերավոր ասած՝ «մեղքերի թողություն» է ստանում հանձնաժողովից, իսկ ընկերությունը շարունակում է աշխատել օրենսդրության խախտման եզրին: Ավելին այս պահին չեմ ասի։

- Լուրեր են պտտվում, որ MO TV-ն պատրաստվում են գնել Սարգսյան եղբայրները:

- Այո, տեղյակ եմ, երկու կողմն էլ նպատակահարմար է գտել տեղեկացնել ինձ իրենց մտադրությունների մասին դեռ հունիսին: Բայց կարող էին եւ չտեղեկացնել, քանի որ սեփականատերերի փոփոխության հետ կապված խնդիրները, լուծումները ՀՌՀ իրավասություններից դուրս են: Հեռարձակողները պետք է կատարեն իրենց պարտավորությունները՝ անկախ սեփականատերերի փոփոխությունից: Իսկ MO TV-ի ղեկավարությունը, պարզվում է, այդպես չի կարծում, եւ առքուվաճառքի այս երկար տեւող ժամանակահատվածում բարձիթողի վիճակում է թողել հեռուստատեսությունը: Եթե մտադիր ես վաճառել՝ նույնիսկ խանութ, դա չի նշանակում, որ իրավունք ունես ժամկետանց ապրանք վաճառել կամ չկատարել քո հարկային պարտավորությունները: Իսկ այստեղ խանութ չէ, այլ հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստածրագիր: Հանձնաժողովի իրավաբանական վարչությունն օրերս 3 հարցում է ուղարկել MO TV, եւ պատասխաններից հետո միայն հանձնաժողովը կարող է որոշում կայացնել, թե ինչ քայլեր կձեռնարկի:

- Այսինքն՝ ՀՌՀ-ն կդիմի դատարան:

- Բացառված չէ, բայց դա ամենաանցանկալի ճանապարհն է: Հույս ունեմ՝ դրան չի հասնի:

- Կասկածներ կարող են առաջանալ, որ հանձնաժողովը պատրաստվում է հեռուստաընկերությունը զրկել լիցենզիայից, որպեսզի ազատված հաճախականության համար հայտարարված մրցույթում մասնակցի եւ հաղթի Սարգսյան եղբայրներին պատկանող ընկերությունը: Այս դեպքում Սարգսյանները էլ փող չեն տա, ու վաճառք չի լինի։ Եվ կատարվածը կարելի կլինի որակել որպես բիզնեսի խլում։

- Ֆանտաստիկայի ժանրից է: Նախ, եթե նույնիսկ դիմենք դատարան, ապա այս կարգի դատական պրոցեսը կտեւի լավագույն դեպքում մեկ տարուց ոչ պակաս։ Օրինակ, «Տավուշ Թի Վի»-ին լիցենզիայից զրկելու գործընթացը տեւեց 2 տարուց ավելի: Իսկ հաջորդ տարվա հուլիսին արդեն հայտարարվելու է բոլոր կապուղիների համար նոր մրցույթ: Որեւէ տրամաբանություն չկա այդպիսի դավադիր նպատակներով դատարան դիմել։ Անիմաստ է: Եվ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ով կհաղթի հայտարարված մրցույթներում: Այս տրամաբանությամբ, նաեւ MO TV-ի գնորդը կարող է կասկածներ ունենալ, որ վարույթներ բացելով՝ ՀՌՀ-ն չի ցանկանում, որպեսզի առքուվաճառքը կայանա, քանի որ, եթե օգտագործենք բանկային տերմինաբանությունը, հեռուստաընկերության վատ «վարկային պատմությունն» անցնում է նոր սեփականատերերին՝ իր բոլոր անցանկալի հետեւանքներով: Խարդավանք մի փնտրեք, ՀՌՀ-ն գործում է իր լիազորությունների սահմաններում:

ՀԳ․ Հիշեցնենք, որ «MՕ TV» հեռուստաընկերությունը պատկանում է «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերությանը, որի տնօրենը Հեղինե Բիշարյանի որդին է՝ Կարեն Սարգսյանը։