Ջունգլիների օրենքով

Ջունգլիների օրենքով

Համացանցում ահռելի չափերի հասած հայհոյախոսության, չարության, «միսկրծոցիի» դեմ պետք է համակարգված պայքար սկսել։ Եվ այդ պայքարը պետք է իշխանությունը սկսի։ Այս ախտը, որը մեր կյանք մտավ հեղափոխության օրերին եւ օր օրի նվազելու փոխարեն ծաղկում է ապրում, սպառնում է վերածվել իրական չարիքի, համազգային աղետ առաջացնել եւ մեր անվտանգության հիմքերը խարխլել՝ ոչնչացնելով ադեկվատության, կառուցողականության, բարության եւ հանրային համերաշխության վերջին նշույլները։

Սոցցանցերը եւ հատկապես մեր կողմից այդքան սիրված Ֆեյսբուքը պարզապես մի մեծ  ու անվերահսկելի «աղբանոցի» են վերածվում, որտեղ հայհոյանքն ու վիրավորանքը դարձել են կենսակերպ։ Ամենացավալին այն է, որ իրենց գրագետ ու մտավորական համարող մարդիկ էլ զերծ չեն մնում այդ լեքսիկոնից եւ ատելություն տարածելուց։

Առհասարակ՝ մարդուն ոչնչացնելու, նրա արտահայտած մտքի, նրա կատարած փոքրիկ սխալի համար լինչի դատաստան կազմակերպելու օրեր են։ Եվ եթե մամուլի ու լրագրողների կողմից քննադատությունն անհրաժեշտ ու օգտակար է, ապա այս հանրույթի կողմից ձեռնարկվող արշավները միջնադարյան ինկվիզիցիաներ են հիշեցնում, «շերխանների» հարձակումներ ոհմակի սայթաքած անդամի նկատմամբ։

Օրեր շարունակ համացանցը քննարկում ու դատափետում էր Արարատ Միրզոյանին, ապա՝ նրա կնոջը։ Նախօրեին թիրախի դերում ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էր, ով անզգուշություն էր ունեցել «թթու խոսք» ասել Լեւոն Զուրաբյանի հասցեին եւ հայտնվել էր ժամանակին իրեն դեմոկրատիայի հենարան հռչակած քաղաքական ուժի՝ ՀԱԿ-ի «մարտիկների» թիրախում։ Բանը հասել էր այնտեղ, որ տեր-պետրոսյանականները կոչ էին անում մանդատը վերցնել նրա ձեռքից։

Մարդիկ, ովքեր ժամանակին իրենք էին հալածվում, այժմ վենդետայի կոչեր են անում։