Բացատրություն եմ պահանջում

Բացատրություն եմ պահանջում
Սամվել Բաբայան

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարն ասում է, որ Ստեփանակերտում չի գտնվի մեկը, որ կվկայի, թե իր պաշտոնավարության տարիներին ենթարկվել է հետապնդումների եւ բռնությունների: (Տեսանյութում՝ 8:51 -9:06 րոպե) Այլոց համար պատասխանատու չեմ, կհիշեցնեմ միայն իմ պատմությունը: 1996թ. նոյեմբերն էր, ամսաթիվը չեմ հիշում:

Գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը նախընտրական հանդիպում էր ունենում ՊԲ սպայակազմի հետ: Ներկա էին վարչապետը, ՊԲ հրամանատարը: Քոչարյանի վստահված անձը ՊԲ շտաբի պետ Սեյրան Օհանյանն էր, որ ներկայացրեց թեկնածուին: Այնուհետեւ կարճ ելույթ ունեցավ Քոչարյանը եւ վերջում դիմեց ներկաներին՝ հարցեր կա՞ն: Շուրջ չորս հարյուր տեղանոց դահլիճում քար լռություն էր:

Քոչարյանը կրկնեց՝ հարցեր չունե՞ք: Եւ այդ ժամանակ ես ձայն խնդրեցի ու գործող նախագահ, նախագահի թեկնածու Քոչարյանին հարցրի՝ ինչպե՞ս է նայում հայ-թուրքական հարաբերությունների վերականգմանը եւ այդ համատեքստում՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարին: Նա մի-երկու ոչինչ չասող մտքեր հչեցրեց, հանդիպումը հապշտապ ավարտեցին:

Բայց երբ ներկաներս պատրաստվում էինք լքել դահլիճը, ՊԲ հրամանատարն անսպասելի վերադարձավ, շատ կոպիտ, հայհոյախառը կարգադրեց, որ հեռուստատեսությունն անջատի տեսախցիկները եւ հեռանա: Երբ  կարգադրությունն արդեն կատարված էր,  մոտեցավ ամբիոնին եւ ... Բառերով հնարավոր չէ փոխանցել, թե ինչ եւ ինչպես էր նա ասում: Պաշտպանական շրջաններից մեկի հրամանատարին նվաստացրեց ամենավերջին խոսքերով, թե ինչպե՞ս է համարձակվել ընդունել եւ թեյասեղանով պատվել Քոչարյանի մրցակից թեկնածուին, սպառնաց, որ Քոչարյանին չքվեարկողներն անցնելու են Շուշիի բանտով, լուտանքներ թափեց, հայհոյեց եւ վերջում ոտքի կանգնեցրեց ինձ՝ բանակային «Մարտիկ» թերթի խմբագրիս ու բառացիորեն հետեւյալն ասաց. «Տու սլիշկոմ պալիտիզիրովաննի խոխա ես, պագոններդ պուկ կտաս, կքինիս սեդմոյ աբարանիտելնումը օշդ կլոխդ կհվաքիս»: Չորս ամիս անցկացրի «Եղնիկներում» եւ ոչ մի լումա աշխատավարձ չստացա: Թե ինչերի եմ ականատես եղել այդ ամիսներին, պատմելու չէ: Զորամասը համարվում էր աքսորավայր, եւ դրանով ամեն ինչ ասված է: Այդպիսին էր ՊԲ հրամանատարի ստեղծած բանակը: Կատարում էի ուսումնական գումարտակի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալի պարտականությունները:

Ուսումնական շրջանն ավարտվեց, գումարտակը բարձրացավ դիրքեր, մնացի օդում: Եւ մի օր էլ որոշեցի ինքնակամ իջնել դիվիզիայի շտաբ՝ պարզելու, թե ի՞նչ եմ անելու այդուհետեւ: Դիվիզիայի շտաբի պետի տեղակալի մոտ պարզեցի, որ չորս ամիս է՝ հրամանագրված եմ որպես հրաձգային դասակի հրամանատար: Հասկացա, որ, ինչպես ասում են, կարող են «գլխիս սարքել»: Եթե դասակում արտակարգ պատահար տեղի ունենար, իրավաբանորեն պատասխանատուն ես էի: Նստեցի եւ հանգամանալի զեկուցագիր գրեցի դիվիզիայի հրամանատարին, վերջում ավելացրի, որ, հաշվի առնելով վիճակիս անորոշությունը, թողնում են ծառայության վայրը եւ մեկնում Ստեփանակերտ:

Նշեցի բնակության հասցես եւ իրոք վերադարձա Ստեփանակերտ: Մի քանի օրից տեղեկացրին, որ ներկայանամ ՊԲ շտապ՝ անձնակազմի հետ աշխատանքի գծով   տեղակալի մոտ: Այնտեղ ինձ ցույց տվեցին ՊԲ հրամանատարի ստորագրությամբ տասնօրյա կալանքի կարգադրագիր: Տասը օր մնացի ռազմական ոստիկանության կալանախցում, որտեղից դուրս եկա մարտի 26-ին:

Ծառայությունից ազատվել էի, իսկ քաղաքացիական աշխատանքի ոչ ոք չէր համարձակվում ընդունել: Ստիպված էի ընդունելություն խնդրել եւ հանդիպել վարչապետ Լեոնարդ Պետրոսյանին: Արդեն հունիս կամ հուլիս ամիսն էր: Վարչապետն ինձ գիտեր Շարժման տարիներից, բավական ջերմ հարաբերություններ էինք ունեցել, երբ ինքը Հատուկ ծրագրերի պետվարչության պետն էր, ես՝ Գերագույն խորհրդի պատգամավոր: Ուշադիր լսեց, ափսոսաց, որ տղայություն եմ արել՝ հանդիպմանը հարց ուղղելով Քոչարյանին, ապա կառավարական հեռախոսով զանգեց հանրապետական թերթի խմբագիր Մաքսիմ Հովհաննիսյանին եւ մտերմաբար խնդրեց ինձ որպես շարքային լրագրող վերցնել աշխատանքի: Ի պատիվ Մաքսիմ Հովհաննիսյանի, հաջորդ օրն արդեն աշխատանքի էի:

Անցավ երկու տարի, Արցախում ներքաղաքական լարվածության օրեր էին: Ես արդեն «Ազատություն» ռադիոյի թղթակիցն էի: Նախագահ Արկադի Ղուկասյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որ, բնականաբար, լուսաբանվել էր նաեւ իմ կողմից: Հաղորդումը նոր էր եթեր գնացել, երեկոյան ժամը 8-ին մոտ էր, երբ բնակարանի դուռն ուժեղ բախեցին: Տանը ես էի եւ տասներկումյա որդիս:Բացեցի: Երեք ավտոմատավոր ներխուժեցին եւ հրամայեցին, որ հետեւեմ իրենց: Դիմադրելն անիմաստ էր:

Իջանք բակ, որտեղ ՊԲ համարանիշերով «Նիվա» էր կանգնած: Ինձ տեղավորեցին երկուսի միջեւ,երրորդը նստեղ վարորքդի կողքին: Մտանք ՊԲ մասնաշենքի դարպասներից ներս: Ինձ տարան երկար, վատ լուսավորված միջանցքով, բարձրացրին աստիճաններով եւ կանգնեցրին ընդունարանում, որտեղ ՊԲ հրամանատարի օգնականն էր, թիկունքի  տեղակալը եւ քաղաքաշինության նախարարը: Օգնականը զեկուցեց, որ «Ազատության» թղթակցին բերման են ենթարկել: Մի քանի վայրկյան չանցած՝ ՊԲ հրամանատարը տառացիորեն դուրս թռավ առանձնասենյակից եւ ուղղակի հարձակվեց ինձ վրա:

Թիկնապահները զգաստ կանգնած՝ սպասում էին հրամանի: Եւ երեւի ջարդուփշուր կանեին, եթե թիկունքի գծով տեղակալը, որ ուսանողության տարիներից գիտեր ինձ, չմիջամտեր, չկանգնեցներ ՊԲ հրամանատարին: Բանն ավարտվեց սպառնալիքով, որ Երեւանից է գալիս, «աչկարիկի» (նախագահ Արկադի Ղուկասյանի) հարցերը լուծել է, մի քանի օրից «ս...իր ում անում, տու էլ եթե խելքդ չհվաքիս, կլոխդ կտրլանում»:

Ինձ հետ տեղի ունեցածը բռնությու՞ն է: Եթե՝ ոչ, ուրեմն օրենքի եւ օրինականության մասին ՊԲ հրամանատարի պատկերացումները պարզապես էկզոտիկ են: Ես գտնում եմ, որ ՊԲ հրամանատարի կողմից ենթարկվել եմ բռնության, հալածանքի եւ հետապնդման եւ  պահանջում եմ հրապարակային բացատրություն: