Եվրոպացի դիտորդները՝ Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելու մասին

Եվրոպացի դիտորդները՝ Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելու մասին

Երեկ ՀՀԿ 3-րդ համար Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ սա ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ ընտրություններն են, քանի որ թեկնածուին քվեարկության օրվանից մի քանի օր առաջ հրավիրում են ԱԱԾ, ինչը իշխանությունների կողմից ճնշում է ընդդիմության վրա։ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ուրշուլա Գաչեկը պնդում է, որ իրենց դիմել են նման մեղադրանքներով, սակայն իրենք ապացույցներ են պահանջել։

Հարցին՝ մի՞թե ՀՀԿ-ն որևէ փաստական հիմք չի ներկայացրել, որը միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությանը համոզիչ կթվար, Գաչեկը պատասխանեց․ «Արդյոք կա՞ն հիմքեր, որպեսզի լինեն նման եզրակացություններ, և եթե լինեն նման հիմքեր, մենք անպայման դրանք կվկայակոչենք։ Խնդրում եմ ընդունեք, որ այն, ինչ մենք այսօր ներկայացնում ենք ձեզ, դա դեռ պատմության վերջը չէ, և հնարավոր է, որ մենք ստանանք բողոքներ, և այս ամենը մենք հաշվի կառնենք, խնդրում եմ՝ եղեք համբերատար։ Ես հասկանում եմ, որ բոլորը ուզում են, որ մենք ամեն ինչ լավ անենք և շատ արագ անենք, բայց խնդրում եմ համբերատար եղեք, ցանկացած մեղադրանք , ցանկացած հիմք, որը մենք կստանանք, մենք դրանք կդիտարկենք և կգնահատենք միանգամայն անկողմնակալ ձևով և, եթե անհրաժեշտ լինի, մենք դրանց կարձագանքնենք մեր վերջնական հաշվետվության մեջ մոտավորապես 6-8 շաբաթվա ընթացքում»,- ասաց Գաչեկը։

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ Պետեր Օսուսկին էլ նշեց, որ իրենց դիտարկումների արդյունքում եզրահանգել են, որ որևէ ճնշում այլ քաղաքական ուժի նկատմամբ չի եղել, որը կարող էր էականորեն ազդել ընտրությունների ընթացքի վրա կամ իշխանությանը օգնել, որ ավելի շատ քվե ստանա։

«Ընդհանուր առմամբ ես կասեի, որ որևէ թեկնածու պետության կողմից հարձակման չի ենթարկվել։ Արդարացված կամ անարդար հարձակումներ որևէ մեկի նկատմամբ տեղի չի ունեցել, չի եղել նման ճնշում, որը կարողանար ազդել ընտրությունների արդյունքների վրա, կամ որը ուրիշ կուսակցությանը կօգներ, որ նա քվեներ հավաքեր»։