Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն

Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն

1996-97թթ․ ներիշխանական հակասությունների արդյունքում իշխող «Հանրապետություն» միավորումից տասը պատգամավորներ դուրս եկան եւ ձեւավորեցին «Հայրենիք» պատգամավորական խումբը, 1998-ին  հիմնադրեցին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը։ 

2002թ․ կազմակերպվեց իմ հանդիպումը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, որի ընթացքում օդում զգացվում էր 1996-98թթ․ լարվածությունը։ 2002թ․ ՀՀՇ-ի տղաները փորձում էին  ինձ ուղղորդել, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ փորձեմ քննարկել 2003թ․ նախագահական ընտրություններում իր առաջադրվելու հարցը։ Հասկանալով ՀՀՇ-ի տղաների անտրամաբանական ցանկությունները, քանի որ դեռեւս մեծ էր հանրային բացասական տրամադրությունը, այնուամենայնիվ․ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի առիթով ասաց, որ իմաստ կունենար առաջադրվել, եթե ընդդիմադիր առաջնորդներից մեկը՝ Ստեփան Դեմիրճյանը կամ Արտաշես Գեղամյանը, պաշտպանեն իր թեկնածությունը։

Արդեն 2006թ․ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց իմ ու Բաբկեն Արարքցյանի  հանդիպումը, որի ժամանակ ներկայացվեցին հնարավոր քաղաքական  գործընթացներին մասնակցության իրենց պատկերացումները, արդյունքում նախաձեռնվեց «Այլընտրանք»  ՀՔ նախաձեռնությունը, որը լուրջ դերակատարում ունեցավ 2007թ․ ԱԺ ընտրություններում։ Իհարկե, տեսանելի էր, որ նախապատրաստվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի մուտքն ակտիվ  քաղաքականություն։

2007թ․ ԱԺ ընտրություններին «Ժողովրդավարական հայրենիք» եւ Պահպանողական կուսակցությունները մասնակցեցին «Իմպիչմենտ»  դաշինքով, հայտնի՝ «ո՛չ ռոբոտացմանը, ո՛չ դոդացմանը, ո՛չ սերժանտացմանը» կարգախոսով, ինչն էական ազդեցություն ունեցավ ձեւավորված վախի մթնոլորտը կոտրելու հարցում։ ԱԺ  ընտրությունների օրը մոտենալուն զուգահեռ, «Իմպիչմենտ» դաշինքը եւ մյուս ընդդիմադիր ուժերի համագործակցությունը լուրջ թափ էր հավաքում, հատկապես  տպավորիչ էին 2007թ․ մայիսի 9-ի վերջին համատեղ հանրահավաքը եւ երթը՝ Նալբանդյան փողոց-Ազգային անվտանգության ծառայության շենք, որտեղ տեղի ունեցավ լուրջ բախում ուժային կառույցների հետ, կային երկկողմանի բազմաթիվ տուժածներ, բայց քրեական գործեր չհարուցվեցին, եւ դա ոչ մի հետեւանք չունեցավ։ Նման բաները հենց այնպես չեն լինում։ 2007թ․ սեպտեմբերի 21-ին՝ անկախության օրը, Լեւոն Տեր-Պետրոսյանը նախաձեռնել էր իր համակիրների բազմամարդ հավաք, որտեղ կոշտ քննադատության ենթարկեց գործող ռեժիմին եւ հայտարարեց հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում հանրահավաք հրավիրելու մասին։ 

Պետք է արձանագրենք, որ հասարակությունը միանշանակ չէր ընդունում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն, բայց, հաշվի առնելով  ձեւավորված ատելությունն իշխող վերնախավի դեմ, հասարակության զգալի մասը  համոզված էր, որ եթե առաջին նախագահն առաջադրվելու է, ուրեմն հաղթելու  հնարավորությունը մեծ է։ Հետադարձ հայացք գցելով հասկանում ենք, որ այդ  ժամանակ եւս Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը համագործակցել են, եւ կանխորոշված էր՝ իշխանությունը պետք է հանձնվեր Ս․ Սարգսյանին։ Վերջինս, ի դեմս Արթուր Բաղդասարյանի, ձեւավորել էր երկրորդ ազդեցիկ գործիքը, որի աջակցությամբ էլ որոշվելու էր «հաղթողը»։

Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է մնար արդեն որպես հրապարակային քաղաքական օրակարգ թելադրող։ Եվ այդ ծրագիրը կյանքի կոչելու համար նրա մուտքը պետք է լիներ ազդեցիկ, որը եւ ապահովեց վարչապետ Սերժ Սարգսյանը։ 2007թ․ հոկտեմբերի  23-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներս իրականացնում էինք իրազեկման երթ, երբ Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում ոստիկանությունը սադրեց եւ հարձակվեց երթի մասնակիցների վրա, ուժի անհամաչափ կիրառմամբ մի քանի  տասնյակ մարդ բերման ենթարկվեց, քրեական գործեր հարուցվեցին լուսահոգի  Դավիթ Մաթեւոսյանի, Շողեր Մաթեւոսյանի, Նիկոլ Փաշինյանի, իմ ու կրտսեր որդուս դեմ։

Գիշերը Լեւոն Տեր-Պետրոսյանն առանց խոչընդոտի մուտք գործեց Կենտրոնի ոստիկանություն եւ հայտարարեց, որ ինքը դուրս չի գա, քանի դեռ մեկ մարդ մնում է  անազատության մեջ։ Ժամեր անց Լեւոն Տեր-Պետրոսյանը բոլորի հետ միասին  հաղթական դուրս եկավ ոստիկանությունից, ինչն ապահովեց երկու օր անց  մարդաշատ հանրահավաքի հնարավորությունը։

Լեւոն Տեր-Պետրոսյանը դարձավ Ս․ Սարգսյանի հիմնական մրցակիցը, բայց նրանք  ունեին քաղաքական զարգացումների ընթացքի փոխհամաձայնեցված տարբերակ, երեւի թե բացառություն էր պատերազմի՝ մեզ համար աղետալի ընթացքը, մասնավորապես՝  Շուշիի եւ Հադրութիի հանձնումը թշնամուն։

Սերժ Սարգսյանի իրավահաջորդի փնտրտուքը սկսվել էր շատ վաղուց, մասնավորապես․ 2008թ․ նախընտրական քարոզչության ու հետընտրական  հանրահավաքային շարժման ընթացքում արդեն անզեն աչքով երեւում էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ընտրությունը կատարված է, եւ դա Նիկոլ Փաշինյանն է։

Պետրոս Մակեյան