Եթե պայքարի ես դուրս եկել, մինչեւ վերջ պետք է գնաս

Եթե պայքարի ես դուրս եկել, մինչեւ վերջ պետք է գնաս

Զոհված զինծառայողների ծնողները մայիսի 23-ին հայտարարեցին, որ դադարեցնում են նստացույցը։ Ծնողներից Վահիդ Սահակյանն ընթերցեց կալանավորված Գայանե Հակոբյանի արդեն նախկին պաշտպանների հայտարարությունը, ըստ որի` իրավական հարթությունում պայքարն ավարտված է, եւ իրենք դադարեցնում են պաշտպանությունը, եւ նշեց, որ ծնողական համայնքը համակարծիք է դրան։ Չնայած այս ամենին՝ Սահակյանն ասում է, որ պայքարն ավարտված չէ: Ի՞նչ ասել է՝ պայքարն ավարտված չէ, ի՞նչ են առաջիկայում պատրաստվում անել որդեկորույս ծնողները։ Այս հարցն ենք ուղղել «Որդիների կանչ» ՀԿ նախագահ Վահիդ Սահակյանին եւ Հայկ Մելիքյանի մորը` Նաիրա Մելիքյանին: 

Նաիրա Մելիքյան - Ես նրանց կողմից կազմակերպված ցույցերին չեմ մասնակցում, չեմ ուզում շատ բան ասել, բայց կան խնդիրներ, ես չեմ մասնակցելու: Ես մշտապես ակցիաներից առաջ իրենց բոլորին զանգահարել կանչել եմ…. Չեմ ուզում երկար-բարակ այդ մասին խոսել: Ինձ համար ծնողական համայնքի դեմ խոսելը շատ դժար է, որովհետեւ այդ մարդիկ բոլորն էլ ցավ ունեն իրենց մեջ, բոլորն էլ զավակ են կորցրել, բայց կարծում եմ՝ եթե քեզ պայքարի առաջամարտիկ ես համարում, պայքարի ես դուրս եկել ու ասել ես, որ ոչ մի բանի առաջ չես կանգնելու, մինչեւ վերջ գնալու ես, այսպես պետք չէր…. Հասկանում եմ, որ սարսափելի ճնշումներ են եղել` բանտում մի քանի տարի անցկացնել եւ այլն, սակայն միեւնույն է, ես կարծում եմ, որ եթե նման հայտ ես ներկայացրել, պետք է մինչեւ վերջ գնալ: Պետք է նաեւ սա հաշվարկեին, որ հնարավոր են նաեւ այսպիսի զարգացումներ եւ անգամ բանտարկություն, եւ եթե պետք է նահանջեիր, ապա այս դաշտ մտնել պետք չէր: Շատ վատ եմ զգում, որ այսպես ստացվեց, բայց չգիտեմ՝ ով ինչ է մտածել: Չեմ կարող ոչ մեկի փոխարեն խոսել: Հրապարակում հայտարարվեց, որ նստացույցն է դադարեցվում, այլ ոչ թե պայքարը, հուսանք, որ հենց այդպես էլ կլինի: Ավարտված նստացույցն ինձ համար եւս անակնկալ էր, սակայն դա իրենց որոշումն է, ես չունեմ ոչ մի ազդեցություն: Բանտում անցկացնելու հեռանկարը պատկերացնելը բարդ է, սակայն չեմ կարծում, որ այս իշխանություններն այդքան մնալու են, որ կարողանան այդ քայլին գնալ: Իրավունք չունեմ ոչ մեկին դատել, պայքարը չի ավարտվում՝ հուսանք: Հուսանք, որ պայքարը կշարունակվի: Այժմ ես մտածում եմ ստորագրվելիք փաստաթղթերի մասին: Վստահ եմ, որ Մոսկվայում ոչինչ չի ստորագրվի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն Արեւմուտքի մարդն է, հետեւաբար, եթե փաստաթուղթ ստորագրվի, ստորագրվելու է Արեւմուտքում: Տեսնենք, թե հաջորդիվ ինչ է լինելու: 

Վահիդ Սահակյան - Մի քանի օր ընդմիջում ենք վերցրել ուղղակի, հետո կխորհրդակցենք եւ ըստ այդմ մեր աշխատանքը կշարունակենք: Ոչ մի բան դեռ որոշված չէ, ուղղակի այս պահին մեկ առաջնային հարց կա` ազատել Գայանեին: Որեւէ ճնշում չի եղել մեզ վրա, Գայանեն նույն Գայանեն է, որին Դուք տեսել եք: Ոչինչ չի փոխվել։