Ինչո՞ւ Սիրիա հումանիտար կոնտինգենտ ուղարկեցին խոտոր ճանապարհով 

Ինչո՞ւ Սիրիա հումանիտար կոնտինգենտ ուղարկեցին խոտոր ճանապարհով 

 Սիրիա հումանիտար առաքելություն իրականացնելու գործընթացի վերաբերյալ ՊՆ բացատրությունը, թե սա տեղի է ունեցել 2001-2002 թթ․ ՀՀ նախագահի կողմից վավերացված ՀՀ եւ Սիրիայի  Հանրապետության կառավարությունների միջեւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրով, այնուհետեւ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հայտարարությունը ավելի շատ հարցականներ են առաջացնում, քան տալիս պատասխաններ։

Հանրության ու լրագրողների կողմից հարց է բարձրացվում, թե ինչու 88 հոգանոց «Իմ քայլը» դաշինքը գնաց 17 տարվա համաձայնագրին կասկածելի մեկնաբանություն տալու խոտոր ճանապարհով։ Մասնավորապես, այս հարցը մեզ հետ զրույցում տվեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ու չբացառեց, որ գուցե կար նաեւ ՌԴ-Արեւմուտք հակամարտության ֆոնին ծածկադմփոց անելու խնդիր, որպեսզի ԱԺ-ում չտրվեին հարցեր, չհնչեին ելույթներ, իսկ հանրության համառ հարցերից հետո հետին թվով ինչ-որ վկայակոչումներ չարվեին։ 

«Լիքը հարցեր կարող էին ծագել, անշուշտ, նաեւ ընդդիմության կողմից։ Հարց էր ծագելու՝ ի՞նչ ժամկետով են գնում, ինչի՞ համար են գնում, ի՞նչ շահերի բավարարման համար։ Ի վերջո, 82 հոգով տեղի հայության անվտանգությունն ապահովել հնարավոր չէ, այն էլ՝ ոչ ռազմական կոնտինգենտով․ բժիշկներն ու սակրավորները հաստատապես տեղի հայությանը չեն կարող պաշտպանել։ Անգամ մեծ ցանկության դեպքում։ Համենայնդեպս, որպես նախադեպ, ողջունելի չէ, կառավարությունը պետք է գիտակցի դա, որովհետեւ պատշաճ ընթացակարգերը պահանջում են նման առաքելությունների գործուղման կապակցությամբ ԱԺ հավանությունը»,- ասում է Ստյոպա Սաֆարյանն ու ավելացնում՝ «առավել եւս՝ խորհրդարանական կառավարման երկրում»։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին մի պատգամավոր շատ պարզ բացատրություն ուներ, թե ինչու քաղաքական մեծամասնությունն իրավապայմանագրային հիմք որպես նշեց նման վաղեմության ու մեկնաբանությունների առումով կասկածելի համաձայնագիրը։ «Քաղաքական որոշում է կայացել, վերջ, ասել ենք՝ գնացեք, իրավաբաննե՛ր, տեսեք, մտածե՛ք, հիմնավորե՛ք՝ ինչի հիմա վրա կարող ենք գնալ»,- նշեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ նույն հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը գրել է, որ Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների միջեւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը (27 օգոստոսի 2001 թ., Դամասկոս) չէր կարող հիմք հանդիսանալ ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումը Սիրիա ուղարկելու համար, որովհետեւ այն  վավերացվել է 2002 թվականին, ՀՀ նախագահի կողմից, չի անցել Սահմանադրական դատարանում՝ եզրակացության եւ Ազգային ժողովում՝ վավերացման գործընթացներ այն պարզ պատճառով, որ համաձայնագրի տեքստը, այդ պահին գործող «Միջազգային պայմանագրերի» մասին ՀՀ օրենքի համաձայն, ենթակա չէր Հայաստանի Ազգային ժողովի կողմից վավերացման: Մասնավորապես, համաձայնագրում չկային Հայաստանի կողմից ֆինանսական պարտավորությունների եւ զինված ուժերի ստորաբաժանումներ գործուղելու դրույթներ:

Հետեւաբար, նշված համաձայնագրի վերաբերյալ գործող իշխանությունների մեկնաբանությունները, ըստ Աշոտյանի,  կամայական են։ Իսկ կառավարության կողմից բերվող անհիմն բացատրությունները ստեղծում են վտանգավոր նախադեպեր։ Ըստ Արմեն Աշոտյանի, եթե հիմք ընդունվի վկայակոչվող բացատրությունը, ապա հետայսու Հայաստանը կարող է զորք ուղարկել ցանկացած երկիր, որի հետ ունի ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր՝ անկախ նրանից, որ այդ համաձայնագրերը չեն նախատեսում նման գործարք:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն էլ ասում է․ «Որպես միջազգային իրավունքի մասնագետ՝ կարող եմ ասել, որ երբ կայացվում են քաղաքական որոշումներ, շատ հաճախ միջազգային իրավունքը ծառայեցնում են այդ քաղաքական որոշումներին։ Եվ այս առումով, միջազգային իրավունքը դարձել է քաղաքականության բաղկացուցիչ զենքերից մեկը, եւ դա վերջին 10 տարիներին առավել շատ է կիրառվել, մասնավորապես, գերտերությունների կողմից եւ կիրառվել է թեկուզ հենց ՄԱԿ-ի բանաձեւերի մակարդակում։ Եթե Հայաստանը քաղաքական որոշում է կայացրել, որ հումանիտար առաքելություն պետք է գնա Սիրիա, դա նշանակում է, որ տարբեր հիմնավորումներ կարող են գտնել թե՛ ներպետական, թե՛ միջազգային իրավունքին հղում տալով»։ Այնպես որ, նա անշնորհակալ գործ է համարում այս հարցում իրավական դիսկուրսի մեջ մտնելը։ 

Ստյոպա Սաֆարյանն ավելացնում է․ «Թերեւս, ամենակարեւորն այն է, որ չստեղծեն ռիսկեր այնտեղ մնացած հայության փոքր հատվածի համար։ Երկրորդ՝ չստեղծեն ռիսկեր Հայաստանի միջազգային գործընկերների համար, որովհետեւ երկու կողմում մեր համար կարեւորագույն նշանակություն ունեցող պետություններ են։ ԱՄՆ, որի դիրքորոշումներն էապես տարբերվում են Սիրիայի հարցում ՌԴ դիրքորոշումներից եւ իրականացրած քայլերից, եւ, վերջապես, այլ ռիսկեր, որոնք կարող են առաջանալ հետագայում ռազմական կոնտինգենտ ունենալու առումով», իսկ Սիրիան ճահիճ է, որում ոչ մեկին խորհուրդ չի տրվում ներքաշվել։