Ալիեւը խորհրդակցու՞մ է Էրդողանի հետ

Ալիեւը խորհրդակցու՞մ է Էրդողանի հետ

Նախօրեին Անկարայում Թուրքիայի նախագահ Էրդողանն ընդունել է Ադրբեջանի երկու հատուկ ծառայության՝ պետական անվտանգության եւ արտաքին հետախուզության ղեկավարներին: Պաշտոնապես նրանք Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության նոր նստավայրի բացման առիթով էին մեկնել Անկարա, բայց տարածաշրջանում ստեղծված իրավիճակի համատեքստում Էրդողանի հանդիպումն Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների հետ ստանում է բոլորովին այլ իմաստ:

Մանավանդ որ Թուրքիայի նախագահն իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ հանդես է եկել բավական կոշտ հայտարարությամբ, իսկ Իրանի նախագահն Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում բարձրացրել է հակաամերիկյան կոալիցիա կազմելու խնդիրը: Ըստ երեւույթին, Ալիեւի համար բավական դժվար է կողմնորոշվել ստեղծված իրավիճակում եւ նա հատուկ ծառայությունների ղեկավարների միջոցով Թուրքիայի հետ խորհրդակցություններ սկսելու փորձ է ձեռնարկել: Հնարավոր է՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների ղեկավարները Թուրքիայում նաեւ ավելի գործնական խնդիրներ են քննարկել: Ադրբեջանական մամուլի հրապարակումներից մեկում բավական ակնհայտ կերպով սպառնալիք է հնչել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին: Այն իմաստով, որ գեներալ Սոլեյմանիի սպանությունը ճանապարհ է հարթում «ղարաբաղյան ահաբեկիչների նշանակետային ոչնչացման համար»: 

Բացառված չէ, որ Ալիեւի բանագնացներն Էրդողանի հետ քննարկած լինեն նման քայլի համար Թուրքիայից ապահովության երաշխիքներ ստանալու հնարավորությունը: Այլապես ինչու՞ հենց ադրբեջանական հատուկ ծառայությունների ղեկավարների Թուրքիա այցից հետո է մամուլն արծարծում նման մի չափազանց նուրբ թեմա: Ըստ երեւույթին հարկ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկների ու, թերեւս, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ուշադրությունը հրավիրել ադրբեջանական կողմի տեղեկատվական ճնշման վրա: Այն դեպքում, երբ ԼՂ կարգավորման ուղղությամբ ջանքեր են գործադրվում ամրապնդելու հարաբերական կայունությունը, իրականացնելու հումանիտար միջոցառումներ՝ ի շահ առարկայան քննարկումների համար բարենպաստ մթնոլորտի ձեւավորման, Ադրբեջանում բաց քննարկվում է Արցախի նախագահի դեմ ահաբեկչություն իրականացնելու հավանականությունը: Ընդ որում՝ դա հիմնավորելով ԱՄՆ կողմից իրանցի գեներալի սպանության փաստով: Կարելի է, իհարկե, ասել, որ եթե նման հարց արծարծվում է մամուլում, ապա դրան չպետք է լուրջ վերաբերվել: Ոչ մի երկրի հատուկ ծառայություն իր գործողությունների մասին նախօրոք հակառակորդին մամուլով չի զգուշացնում: Դա իրոք այդպես է, բայց իրավիճակն այնպիսին է, որ ոչ մի մանրուք ուշադրությունից դուրս չպետք է մնա: