Կեղծել է Իտալիայի դեսպանության վիզաները

Կեղծել է Իտալիայի դեսպանության վիզաները
Վիզա

Երևան քաղաքի դատարանում այսօր նշանակված է նաև Գայանե Աշոտի Հախինյանի դատաքննությունը, որը, ըստ մեղադրանքի, 3 ՀՀ քաղաքացիների մուտքի կեղծ արտոնագրեր է տվել։ Ըստ մեղադրական եզրակացության՝ նա շահադիտական նպատակով` 2.186.080 ՀՀ դրամին համարժեք 4000 եվրո գումարի դիմաց, 2016թ. ստանձնել է կազմակերպել ՀՀ քաղաքացիներ Սարգիս Մանուկյանի, Լիզա Պողոսյանի և Տիգրան Մանուկյանի անօրինական միգրացիան դեպի Հունաստան, ինչի համար նշված քաղաքացիներին տեղափոխել է ՌԴ, վերցրել է նրանց ՀՀ քաղաքացու անձնագրերը և վերջիններիս Հունաստանի Հանրապետության մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու համար ներկայացնելու նպատակով մի քանի օր անց նրանց է հանձնել վերջիններիս անձնագրերը` ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան կողմից տրված «Շենգենյան վիզայի»՝ մուտքի կեղծ արտոնագրերով:

Այնուհետև, Սարգիս Մանուկյանը, Լիզա Պողոսյանը և Տիգրան Մանուկյանը նշված կեղծ արտոնագրերով մեկնել են Հունաստան, սակայն մուտքի արտոնագրերի կեղծ լինելու հանգամանքը հայտնաբերվել է Հունաստանի ոստիկանության անվտանգության վարչության Աթենքի միջազգային օդանավակայանի անձնագրային ստուգման բաժնի կողմից, և վերջիններս Աթենք-Մոսկվա-Երևան չվերթով արտաքսվել են ՀՀ: