«Վեոլիա ջրի» «շնորհիվ» Էջմիածինն էլ գետ ունեցավ

«Վեոլիա ջրի» «շնորհիվ» Էջմիածինն էլ գետ ունեցավ

Գրեթե երկու ամիս է՝ Էջմիածնի Մաշտոց 6 շենքի բակում գետ է գոյացել. խմելու ջրագիծը վնասվել է, ինչի հետևանքով ջուրը գիշեր-ցերեկ հոսում-թափվում է իրենով գոյացրած լճակը: Բնակիչների օրը սկսվում է «Վեոլիա ջուր» ընկերության Էջմիածնի տեղամաս ահազանգերով: Որպես կանոն՝զանգերին չեն պատասխանում, որովհետև, ըստ բնակիչների՝ այնքան են զանգել, որ իրենց հեռախոսահաամարներն անգիր են արել:

Մեկ անգամ, սակայն հաջողվել է «կապվել» ջրի մարդկանց հետ ու «բերման ենթարկել» նրանց: Եկել են, լճացած տարածքը ժապավենով ու չորացած ճյուղերով արգելափակել ու գնացել, թե՝ պիտի գան, որ գործ անեն:

Այդ օրվանից ավելի քան 20 օր էլ է անցել: Բնակիչները նորից են սկսել ահազանգել տեղամաս, նորից նույն լռությունը: Իսկ քաղցրահամ ջուրը շարունակում է արտահոսել՝ երբեմն մեծ,  երբեմն՝ փոքր ճնշումով: «Ոնց որ դիտավորյալ անեն»,-ասաց հավաքվածներից մեկը:

Ընկերության աշխատակիցների հանցավոր անտարբերության պատճառով վերջին երկու ամսում անհաշվելի ծավալի քաղցրահամ ջուր է մսխվել միայն Մաշտոց հասցեում: Ո՞վ է դրա համար պատասխան տալու: Բնակի՞չը, որ մի կողմից անհանգստանում է այդքան թանկ ռեսուրսն աննպատակ վատնելու, մյուս կողմից՝ դժվար կացության մեջ հայտնվելու համար, թե՝ «Վեոլիա ջուրը», որը թքած ունենալով կորուստների ու տեղաշարժը սահմանափակող անհարմարությունների վրա, մտածում է միայն ջրի սակագինը բարձրացնելու մասին:

Նկատենք, որ Մաշտոցը Էջմիածնի կենտրոնական փողոցն է, իսկ շենքը, որի նկուղներն էլ են արդեն ընկղմվել ջրի մեջ՝ հարևան է Կոմիտասի անվան հրապարակին: