Գյումրիում ժամացույցը կանգ է առել 1988թ-ի վրա․ ջահել են, չեն ապրել, նախկինները գոնե ապրել էին, հիշում էին, գալիս էին․ Թումասյան

Գյումրիում ժամացույցը կանգ է առել 1988թ-ի վրա․ ջահել են, չեն ապրել, նախկինները գոնե ապրել էին, հիշում էին, գալիս էին․ Թումասյան

34 տարի է անցել Սպիտակի ավերիչ երկրաշարժիչ։ Արհավիրքն ընդգրկեց երկրի տարածքի ավելի քան 40%-ը, Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրու 80 տոկոսը ավերվեց։ Մինչ այսօր գյումրեցու վերքը չի սպիացել։

«Ասում ենք՝ 34 տարի, էդ թեմայով ավելի շատ խոսում ենք մեխանիկորեն։ Տնակներում, հանրակացարաններում ապրող մարդկանց մոտ նույն հոգեվիճակն է։ Էդպիսի մի խոսք կա՝ հայ ժողովրդի համար ժամացույցը կանգնել է ցեղասպանության տարեթվի՝ 1915թ-ի վրա, ես էլ ասում եմ, որ Գյումրիում ժամացույցը կանգ է առել 1988թ-ի վրա։ Մարդկանց հետ, որ խոսում ես, պատմում են այնպես, կարծես երեկ էր՝ եղավ երկրաշարժը, մինչդեռ երբ համեմատում ես երկրորդ համաշխարհայինի հետ, պատմում են այնպես, կարծես պատերազմից անցել է 100 տարից ավելի։ Գիտեք՝ ինչու։ Որովհետև պատերազմի հետևանքները չկան, իսկ Գյումրիում այս տնակների գոյությունը, փլված շենքերը, աշխատատեղերի բացակայությունը ստիպում է տառապանքը վերապրել ամեն օր, իսկ ամբողջ կյանքում տառապանքով ապրելը ողբերգություն է »,- hraparak.am-ի հետ զրույցում ասում է «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը, ով գործի բերումով ամեն օր է առնչվում տնակային թաղամասի բնակիչների հետ։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ այսօր գյումրեցիներն ապրում են երկու քաղաքում՝ երկու տարբեր Գյումրիներում, երկու տարբեր իրականությունում․« Մեկը տուրիստների համար քաղաքի կենտրոնն է, որտեղ միայն մեր պատմամշակույթային արժեքներն են ՝ հնից ժառանգած, խորթ աչքի համար չափազանց գեղեցիկ, իսկ մյուսը՝ 2700 տնակներն ու կիսավեր հանրակացարանային շենքերը։ Երբ դու ապրում ես փլված տան մեջ, բնականաբար կողքիդ դղյակներն աննկատելի են։ Հավատացեք, ինձ համար էլ մեր քաղաքի կենտրոնը խորթ է դարձել, որովհետև իմ ամենօրյա շփումները տնակների հետ ինձ այդ միջավայրում են պահում »,-նշում է Վահան Թումասյանը՝ ցավով արձանագրելով․

«Հիմա մի ցավալի փաստ էլ կա․ տնակներում այլևս բազմազավակ, շատ երեխաներ ունեցող ընտանիքներ չկան, կան միայն հաշմանդամություն ունեցող մարդիկ, քայքայված ընտանիքներ, հյուծված ծերեր։ Այնքան կռռացինք՝ բազմազավակ ընտանիքներն էլ գլխներիցս կտրվեցին, գոնե այդ ընտանիքներում շնորհալի երեխաներ էին մեծանում։ Ու եթե տարիներ առաջ հույսս այդ տնակներում ապրող մարդիկ էին, որ կարող են աշխատել, ստեղծել, արարել որևէ բան փոխել, այսօր նրանք էլ ծերացել, հյուծվել են, այլևս ոչինչ փոխել չեն կարող։Միակ բանը հրաշքն է, որին չեմ դադարում չհավատալ, հակառակ դեպքում՝ աշխատելը, ապրելը իմաստ չունի» ։

Նշենք, որ այս տարի՝ երկաշարժի տարելիցին, բարձրաստիճան պաշտոնյաներից Գյումրի այցելեց միայն փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը։ «Շիրակ» կենտրոնի նախագահը այս առիթով նկատում է․ «Սրանք ջահել են, չեն ապրել․․․,նախկինները գոնե ապրել էին, քարը քարին էին դրել, պատերազմ էին տեսել, դրա համար էլ գալիս էին, հիշում, հարգանքի տուրք մատուցում, իսկ սրանք․․․․, կյանքի փորձ է պետք, մարդկային տեսակ․․․․»։