Ռաֆիկ Անդրեասյանի որդին կմնա կալանավորված

Ռաֆիկ Անդրեասյանի որդին կմնա կալանավորված

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի որդու գործով նախաքննությունը շարունակվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Երեկ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը՝ խափանմանմ միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ․ Դավիթ Անդրեասյանը կմնա կալանքի տակ։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Ռաֆիկ Անդրեասյանը։

Հարցին, թե կարողանո՞ւմ են տեսակցել որդուն, պատասխանեց, որ նման ցանկություն դեռեւս չի ունեցել․ «Չեմ կարողանում նրան այնտեղ տեսնել»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ հունվարի 15-ին, Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին, դժգոհելով հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ավտոմեքենայի առջևի մասով հարվածել ոստիկանության ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի առջևի մասին, ապա, իջնելով ավտոմեքենայից, սպառնացել էր ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին:

Այս առթիվ գործ էր հարուցվել ու մեղադրանք առաջադրվել Ռաֆիկ Անդրեասյանի որդուն քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Ըստ լուրերի՝ այս միջոցով իշխանությունը փորձում է վրեժխնդիր լինել Անդրեասյանից՝ չենթարկվելու պատճառով։ Անդրեասյանը հրաժարվել էր կատարել Վեդիի համայնքապետի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի հրահանգը՝ համայնքապետի պաշտոնից ազատվելուց հետո չէր հեռացել աշխատավայրից, կնիքը չէր փոխանցել իրեն փոխարինողին: