Ինչո՞ւ նախագահը դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել չի տալիս

Ինչո՞ւ նախագահը դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել չի տալիս

Նախօրեին հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկը։ Այդուհանդերձ, նախագահն այդ ակտը չի ուղարկել Սահմանադրական դատարան, այլ բարձր դատարան դիմել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականությունը վիճարկելու հարցով։ Մայր օրենքի համաձայն՝ նախագահը եռօրյա ժամկետ ուներ՝ կա՛մ պետք է ստորագրեր Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը, կա՛մ դիմեր Սահմանադրական դատարան։ Սրա վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ եղան, եւ հիմա շատերի համար հասկանալի չէ՝ ի վերջո ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատվո՞ւմ է պաշտոնից, թե՞ ոչ։

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանի մեկնաբանմամբ՝ Օնիկ Գասպարյանն օրենքի ուժով ազատված չի համարվում․ «Նախ՝ դեռ ժակետը չի լրացել, երկրորդն էլ՝ Սահմանադրությունը շատ հստակ է ասում այդ մասին․ նրան ազատելու միջնորդություն Նիկոլ Փաշինյանը չունի։ Այդ թեմայով տարբեր մեկնաբանությունները ճշտելու համար կա մարմին՝ ո՛չ ես եմ դրա հասցեատերը, ո՛չ էլ պատգամավորները»։

- Պարոն Բալայան, տեսեք, նախագահը ակտը չի ուղարկել ՍԴ, պարզապես դիմել է բարձր դատարան՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականությունը վիճարկելու հարցով։ Սա ինչի՞ կարող է հանգեցնել։

- Նախ՝ նախագահն ի՞նչ հիմնավորումներով է դիմել, ես գրությունը չունեմ, որ տեսնեմ։ Ինքը կարող է դիմել, եթե առնչվում է խնդիրը, հիմա որ մասով է դիմել, ինչի է դիմել՝ չեմ կարող ասել։ Բայց միանշանակ է, որ հանրապետության նախագահը մի կոպիտ սխալ արել է․ ԶՈՒ շտաբի պետի առաջին տեղակալի ազատումն ամբողջությամբ անօրինական էր, որովհետեւ նրան ազատել են այն բանի համար, որ ասել է՝ չի կարող պատահի, որ «Իսկանդերն» աշխատի 10 տոկոսով։ Հետագայում վարչապետ կոչեցյալն ասել է, որ իրեն սխալ են զեկուցել, հետեւապես այն հիմքը, որի համար ազատվել է, վերացել է, հետեւապես նա պետք է վերականգնվեր աշխատանքի, դա էլ չի կատարվում։ Իրավական ճանապարհով ոչ մեկը չի շարժվում, ուղղակի զարմանում եմ ես։

- Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկության լիազորություն Սահմանադրությամբ նախատեսված չէ՞։

- Նախատեսված չէ, դա այդպես է։ Ավելին՝ հանրապետության նախագահը շատ կրավորական կեցվածք է ընդունել։ Ի վերջո, սահմանադրական կարգի պահպանմանը հետեւողը նախագահն է։ Ի՞նչն է պատճառը, որ նախագահն անգործություն է ցուցաբերում եւ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել չի տալիս ու պաշտոնանկ չի անում վարչապետին, ակնհայտորեն երեւում է, որ իր գործունեությամբ չհավասարակշռված եւ հոգեկան խնդիրներ ունեցող մարդ է, ո՞նց կարելի է նրան վստահել մեր պետության ղեկը։ Նա իր կրավորական կեցվածքով նպաստում է, որպեսզի քաղաքացիական հասարակության մեջ բախումներ լինեն, իսկ եթե օրենքի դաշտով գնան, ոչ մի բախումներ էլ չեն լինի։

- Իշխանականները մեկնաբանում են, որ Գլխավոր շտաբի կողմից Փաշինյանի հրաժարականը պահանջելը քաղաքականությանը խառնվել է, որի իրավունքն օրենքով չունեն։

- Գիտեք ինչ,  մենք պետք է հավասար իրավական դաշտում խնդիրները նայենք, ուրեմն Նիկոլ Փաշինյանը ցանկացած անօրինականություն անի, նրան պատասխան չտա՞ն։ Ակնհայտ է, չէ՞, որ առաջին տեղակալի ազատումն ամբողջությամբ անհիմն էր, չէ՞ որ ինքն էլ ընդունեց, որ սխալ են իրեն զեկուցել, եւ չի կարող պատահել, որ «Իսկանդերը» 10 տոկոսով գործի։ Բա դրանից հետո ինչի՞ չեն վերականգնում այդ մարդու իրավունքը, որի պատճառով էլ սկսվեց այս բոլորը։ Օնիկ Գասպարյանի համար՝ որպես գլխավոր շտաբի պետ, ակնհայտ էր, որ անօրինական ձեւով է առաջին տեղակալն ազատվում, ի՞նչ պետք է ասվեր, պետք է ասվեր՝ ո՞ւր եք տանում երկիրը։