«Կարմիր գծերը» լինեն, թե չլինեն, այդ «պարկովշչիկ» ասվածն իրավունք չունի քաղաքացուց գումար վերցնելու. Սիսակ Գաբրիելյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Ֆեյսբուքում ազդարարել է նոր օրենսդրական նախաձեռնության մասին՝ հայտարարելով․ «Վերջ մոտ 80 տոկոս կարմիր գծերին»։ Նախաձեռնության հեղինակն ինքն ու նույն խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն են։ Ըստ նախագծի՝ Երևանի 12 վարչական շրջաններից «կարմիր գծեր» այս փուլում կմնան միայն Կենտրոնում և Արաբկիր վարչական շրջանում։ Այլ փոփոխություններ ևս նախատեսվում են նախագծով, որը շուրջ մեկուկես տարի մշակել են քաղաքապետարանի հետ համատեղ։ Օրինակ՝ առանց համարանիշների կամ փակած համարներով մեքենաները կտեղափոխվեն հատուկ պահպանվող տարածք, կարգելվի վարձույթով կամ վաճառքի նպատակով մեքենաների երկարաժամկետ կայանումը, գողության կամ հանցագործությունների դեպքում կտրամադրվեն տեսանյութերը և այլն։ Սակագներն էլ կմնան նույնը։ Թեմայի շուրջ Hraparak.am-ը մի քանի հարց է ուղղել նախագծի հեղինակ Սիսակ Գաբրիելյանին, ով կարծում է, որ փոփոխություններով, բնականաբար, փողոցների բեռնաթափման կամ կայանատեղիների հարցը դժվար կլուծվի, բայց որոշակի ազդեցություն, բնականաբար, կունենա։
- Նախ՝ ո՞ւմ նախաձեռնությունն էր նման նախագիծ մշակելը, ո՞ր անհրաժեշտությունից ելնելով, և ե՞րբ է մտցվելու ԱԺ նիստերի օրակարգ ու դրվելու քննարկման։
- Սա, ըստ էության, քաղաքապետարնի և խորհրդարանի համագործակցության արդյունքն է, արդեն կես տարի է՝ համատեղ աշխատում ենք, փորձել ենք վեր հանել այն հիմնական խնդիրները, որ կան այս ոլորտում։ Իսկ թե երբ կգա խորհրդարան, նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ, մեկ ամսից երևի կառավարության ու համապատասխան գերատեսչությունների պատասխանները կգան, ամենայն հավանականությամբ՝ հունիսի սկզբին առաջին ընթերցումը կլինի, եթե չհասցնենք, բնականաբար, երկրորդ ընթերցումը կլինի արդեն աշնանը։
- Հեղափոխությունից առաջ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել արագաչափերն ու ջնջել «կարմիր գծերը»։ Արագաչափերը, սակայն, ավելացան, իսկ «կարմիր գծերի» մասով խոստումը կատարվում է 2 տարի անց միայն և ոչ ամբողջական ծավալով՝ 20 տոկոսով դրանք դեռ պահպանվելու են։ Ինչո՞ւ։
- Եթե նկատի ունեք վեց տարի առաջ ԱԺ ելույթը, այդ ելույթը ես գիտեմ։ Բնականաբար, այդ ելույթում նաև խոսվում է մի շարք պատճառների մասին, թե ինչու վերջնական փուլում, ըստ դեռևս այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, պետք է դրանք հանվեին։ Այդ պատճառների մի մասը մենք այսօր վերացրել ենք, եթե նկատել եք, հեղափոխությունից հետո մի շարք փողոցներում, հատկապես այնտեղ, որտեղ 40 կմ/ժ էր առավելագույն արագությունը, այդ փողոցներից հանվել են, որոշակի փողոցներում նաև նշաններ են տեղադրվել։ Բայց, իմ տեղեկություններով, արագաչափերի թիվը չի ավելացել։ «Կարմիր գծերի» և արագաչափերի մասով ասեմ, որ ո՛չ «Իմ քայլը» խմբակցության ավագանու նախընտրական ծրագրում, ո՛չ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում և ո՛չ էլ կառավարության ծրագրում այդ մասին անդրադարձ չկա։ Այսինքն՝ մենք նման նախընտրական ծրագրով և խոստմամբ հանդես չենք եկել։ Ասեմ ավելին, մի քանի ամիս առաջ, երբ տեղի էր ունեցել ողբերգական ավտովթար, իմ նախաձեռնությամբ հանդիպում կազմակերպվեց վարչապետի մոտ, ներկա էին հասարակական մի քանի կազմակերպության ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, պարզապես վարորդներ, և այդ քննարկման ընթացքում ստեղծվեց աշխատանքային խումբ, որը պետք է մշակի, և արդեն իսկ մշակել ենք մի քանի օրենսդրական նախաձեռնություն, որոնցից երկուսը կյանքի է կոչվել․ խոսքը բալային համակարգի մասին է, խոսքը քաղաքացիների ներգրավվածության մասին է։ Եվ ասեմ, որ այդ հանդիպման ընթացքում էլ մեծամասնությունը պնդում էր, որ արագաչափերը պետք է մնան, նույնիսկ կար տեսակետ, որ պետք է ավելանան հատկապես վտանգավոր փողոցներում։
- Այս նախագծի մշակման շրջանակներում քննարկում ունեցե՞լ եք «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության հետ, իրենք կո՞ղմ են նման փոփոխությանը, պայմանագրով նախատեսվո՞ւմ է նման օրենսդրական փոփոխություն, և հնարավո՞ր է՝ հետո իրավական խնդիրներ առաջանան։
- Ասեմ, որ այս ընկերությունը մի քանի տարի է՝ արդեն ամբողջությամբ Երևան համայնքի սեփականությունն է հանդիսանում։ Ձեր հարցադրումը գուցե ենթադրում էր այն, թե կա՞ պայմանագիր, որ այս փոփոխություններից հետո ընկերությունը կարող է դրամական վնասներ կրել, թե ոչ։ Ասեմ, որ այդ ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Երևան համայնքին, այսինքն՝ քաղաքի սեփականությունն է հանդիսանում, և, հետևաբար, այս մասով խնդիր չկա։ Ընկերության աշխատակիցների հետ հանդիպել ենք և, բնականաբար, քննարկել ենք այդ տեխնիկական խնդիրներն ու հնարավորությունները՝ ինչպես կարելի է կահավորել, վերազինել։ Բայց քանի որ դա Երևան քաղաքի սեփականությունն է, բնականաբար, իրենք են պատասխանատու։
- Շատ վարորդներ, ողջունելով հանդերձ այս նախաձեռնությունը, մտահոգություն են հայտնում, որ սրանով հնարավոր է նորից տվյալ կայանատեղերում վերականգնվի «պարկովշչիկների» ինստիտուտը։ Ինչպե՞ս է երաշխավորվելու այս հարցը, որ «կարմիր գծերի» վերացմամբ՝ քաղաքացիները ստիպված չլինեն այլ «ինստիտուտների» կամ անհատների նորից գումար վճարել։
- Անկեղծ ասած՝ ինձ էլ են հաճախ դիմել այս հարցով։ Տեսեք, ի՞նչ է նշանակում այդ ձևակերպումը՝ «պարկովշչիկների ինստիտուտ»։ Այսինքն՝ «կարմիր գծերը» լինեն, թե չլինեն, փողոցի երթևեկելի հատվածը եթե առանձին վարձակալության պայմանագրով հանձնված չէ որևէ ընկերության, ապա դա բոլորիս սեփականությունն է։ Եվ, հետևաբար, այդտեղ լինի «կարմիր գիծ», թե չլինի, միևնույն է, այդ «պարկովշչիկ» ասվածն իրավունք չունի որևէ քաղաքացուց գումար վերցնելու։ Իհարկե, ես հասկանում եմ, որ շատ ժամանակ վարորդի խղճին է մնում, որ անձրևին կամ արևին կանգնած է մարդը, տալիս են գումարը։ Դա այլ հարց է, դա մարդու խղճի հարց է։
Իսկ օրենքի տեսանկյունից՝ կլինի «կարմիր գիծ» այդ հատվածում, թե չի լինի, դա, միևնույն է, որևէ կերպ, ըստ էության, բան չի փոխվում «պարկովշչիկ» ասվածի հետ կապված։ Այսինքն, եթե վարորդը կտեսնի, որ որևէ փողոցում «կարմիր գծեր» էին, որոնք հանվել են, ու ինչ-որ քաղաքացի կգա և գումար կպահանջի, բնականաբար, դա ապօրինի է, և քաղաքացիները, միանշանակ, այդ ապօրինի պահանջը պետք է չկատարեն և որևէ մեկին գումար չտան։
- Ի՞նչ մեխանիզմով եք վերահսկելու, որ վարձույթի կամ վաճառքի համար նախատեսված մեքենաներն ամիսներով չզբաղեցնեն կայանատեղիները, լինի դա «կարմիր գիծ», թե արդեն ազատ, առաց գծերի կայանատեղի։
- Սա կարևոր հարց է, իհարկե, որովհետև այս կետի վերաբերյալ ամենաերկարն ենք, թերևս, քննարկել ու փորձել տեխնիկապես էլ լուծումները գտնել։ Բոլորս էլ տեսնում ենք, որ այսօր Կենտրոնի ամենաբանուկ հատվածներում կայանված են որևէ ընկերության կամ անհատի 5, 10 կամ 15 մեքենաներ, որոնք տրվում են վարձույթով կամ վաճառքի համար են։ Եվ դրանց հիմնական մասը կայանում են առանց համարների կամ փակ համարներով։ Մենք երկու լուծում ենք այս հարցում փորձում գտնել։ Առաջինը՝ առանց համարների կամ փակ համարներով մեքենաների կայանումը «կարմիր գծերի» տարածքում արգելվելու է։ Կենտրոնական փողոցներում նկատել ենք նաև, որ կցորդի տեսքով ինչ-որ կրպակներ են շարված, որոնք չեն էլ գործում և կարող է տարիներով ժանգոտված, փոշու մեջ կորած կայանված լինեն «կարմիր գծերի» վրա։ Ու դրանք էլ, քանի որ չեն ունենա նույնականացնող համար, պետք է տեղափոխվեն հատուկ պահպանվող տարածք՝ ազատելով բոլորիս սեփականություն հանդիսացող կայանատեղին։ Մենք նաև այլ լուծում ենք առաջարկում՝ հասկանալով, որ ամբողջ աշխարհում էլ կան վարձույթով կամ վաճառքի համար նախատեսված մեքենաներ, ուստի օրենքով ցանկանում ենք տալ Երևանի ավագանուն այդ հնարավորությունը, որ գուցե նպատակահարմար են համարում առանձին հատվածներում նախատեսել նմանատիպ գործունեության համար կայանատեղիներ, ու նաև իրենց համար սահմանվեն առանձին սակագներ։
Կարծիքներ