«Մոնարխ»-ի հյուրանոցին՝ ավտոկայանատեղի, Սասուն Միքայելյանի ղեկավարած կառույցին՝ գույք

«Մոնարխ»-ի հյուրանոցին՝ ավտոկայանատեղի, Սասուն Միքայելյանի ղեկավարած կառույցին՝ գույք

Մայիսի 26-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունենալու ավագանու հերթական նիստը։ Այդ օրվա նիստի օրակարգում ներառված է 5 հարց, որոնցից երկուսը հետաքրքրաշարժ են։

Մեկով նախատեսվում է ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպելու իրավունք տալ «Ալեքսանդր հոթելին», իսկ վերջին հարցով՝  «Երկրապահ կամավորականների միության»-ը անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրել։

Ըստ տեղեկությունների՝ «Ալեքսանդր» հոթելը պատկանում է հեղինակություն համարվող «Մոնարխ» անունով հայտնի ռուսաստանաբնակ Արմեն Գինոսյանին, որին են նաեւ պատկանում Տերյան 91 հասցեում գործող «Մոնարխ» ռեստորանը, «12 ակումբը», նա զբաղվում է պարենային ապրանքների մեծածավալ ներկրմամբ, «Մոնարխ» շինարարական ընկերության սեփականատերն է։

Հիշեցնենք, որ հենց «Մոնարխ» ռեստորանում էր նշվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի ծննդյան 20-ամյակը:

ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ԵԿՄ-ի հետ կապված էլ, ինչպես տեղեկացանք, տրամադրված տարածքների ժամկետներն է ավագանին երկարացնելու։

«Հրապարակ»-ի հետ զրույցում «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը նշեց, որ Երեւանում գործող հյուրանոցների մեծ մասը դիմում են ավտոկայանատեղի կազմակերպելու իրավունք ստանալու համար․ «Մշտապես տրվել է, հիմա վերանայում ենք, կա, որ չենք տրամադրում, օրինակ՝ Շահումյանի հրապարակը։ Այնպիսի նիստ չի եղել, որտեղ ավտոկայանատեղիի հարց չլինի։ Այժմ Ազգային ժողովում օրենսդրական փոփոխություն է սպասվում, հների վերանայում նաեւ, որովհետեւ Երեւանի կենտրոնում եւ ծայրամասերում նույն գինն է, իսկ դա նորմալ չէ»:

Անդրադառնալով ԵԿՄ-ին գույք տրամադրելուն՝ ավագանու անդամը ասաց․ «ԵԿՄ-ինն էլ տարածքներ են, որոնք մենք դժվար օգտագործենք, իսկ ԵԿՄ տարածքայինները թանգարաններ են սարքել ու տարածքային կառույցներն են աշխատում տեղում: Նոր բան չէ, միշտ է տրվել, հիմա երկարացնում ենք»։