Վազգեն Մանուկյանի ակումբում գերկոնսպիրատիվ մթնոլորտ է

Վազգեն Մանուկյանի ակումբում գերկոնսպիրատիվ մթնոլորտ է

Երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կողմից երկրորդ անգամ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում նշանակված Վազգեն Մանուկյանի, այսպես կոչված, «մտահոգների» ակումբի հերթական նիստը։ Տեղեկացանք, որ ակումբի անդամների թիվն այս ընթացքում ավելացել է՝ նոր մարդիկ են ընդգրկվել, եւ ամեն անգամ նաեւ նոր հյուրեր են ներկա լինում։ Տեղյակ ենք նաեւ, որ վերջին նիստին ներկա է եղել էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով նաեւ զեկույցով է հանդես եկել, ենթադրաբար՝ տնտեսական հարցերի հետ կապված։ 

«Հրապարակի» հետ զրույցում նա հաստատեց, որ ներկա է եղել, բայց ասաց, որ որեւէ զեկույց չի կարդացել։ Նշեց, որ իրեն հրավիրել էին, գնացել է։ Նշենք, որ ստեղծման օրվանից ակումբի մշտական անդամներն են՝ Անդրանիկ Թեւանյանը, Երվանդ Բոզոյանը, Ստեփան Դանիելյանը, Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Շահնազարյանը, Սաթիկ Սեյրանյանը, Վահե Հովհաննիսյանը, Վարդան Բոստանջյանը, Աղվան Վարդանյանը եւ ուրիշներ։

Հայտնի է, որ մյուս բոլոր ակումբներն ու կլոր սեղանները բաց են լրագրողների համար, ավելին՝ ակումբի նախաձեռնողներն իրենք են շահագրգիռ, որ այդ քննարկումները լուսաբանվեն, հասնեն հանրությանը․ ի վերջո, ի՞նչ իմաստ ունի ինչ-որ բան քննարկելն ու նախաձեռնելը, եթե դա հանրությանը հասանելի չի լինելու։ Բայց Վազգեն Մանուկյանը եւ նրա ակումբի մասնակիցները որոշել են գերգաղտնի մթնոլորտում կազմակերպել իրենց քննարկումները․ քննարկումների թեմաների, մասնակիցների, նոր հրավիրյալների, առհասարակ՝ ակումբին վերաբերող յուրաքանչյուր հարցի շուրջ անսովոր կոնսպիրատիվ մթնոլորտ են պահպանում՝ հրաժարվելով պատասխանել տարրական հարցերի։

Երեկ մենք կապվեցինք ակումբի մեծ թվով անդամների հետ եւ լսեցինք բոլորի մերժումը, անգամ մեր գործընկեր Սաթիկ Սեյրանյանից․ ասում էին, որ կա պայմանավորվածություն՝ չհրապարակայնացնել ակումբի հանդիպումները։ Ահա թե ինչպիսի պատասխաններ լսեցինք․ «Կներես, ո՛չ օֆիցիալ, ո՛չ այնպես չեմ կարող պատասխանել»։ «Ես երեկ առաջին անգամ եմ եղել՝ էնտեղ էնքան մարդ կա․ 5 ամիս է՝ մասնակցում են, զանգեք ուրիշների»։ «Զանգիր Մանուկյան Վազգենին»։ Վազգեն Մանուկյանն էլ խորհրդակցությունների մեջ էր։ Մենք հասկանում ենք, որ ակումբի քննարկումները կարող են փակ լինել, առանց լրագրողների, որ անկաշկանդ ու ազատ արտահայտվեն մասնակիցները։ Բայց եթե քննարկումներից հետո էլ ինֆորմացիա չեն տալիս եւ անգամ քննարկումների թեման չեն ասում, կնշանակի՝ սա ոչ թե քննարկումների ակումբ է, այլ դավադիրների խումբ, որն առնվազն զինված հեղաշրջում է ծրագրում եւ այդ մասին չի ուզում ոչ մի բառ ասել։