Ո՞վ էր մեզ փրկող քարահունջցի տղան

Ո՞վ էր մեզ փրկող քարահունջցի տղան

Առանձին դրվագներ բնորոշում են արցախցուն։ Մի քանի օր առաջ անվճար սիգ էին բաժանում, հետո՝ կարտոֆիլ, հաց։ Արցախում միմյանց օգնելու, հասնելու անուշ բույր է տարածվել։ Հավատացած եմ, որ կհաղթահարեն այս դժվարությունը ևս։ Առանց վերամբարձ խոսքերի, առանց «Արցախը կդիմանա» բառերի, հավատացնում եմ, որ դժվար պահերին համախմբվող ժողովուրդը միշտ հաղթահարում է փորձությունը։ 

Շրջափակումը մարդասպանության, պատերազմի նման մի բան է՝ խաղաղ բնակչության, երեխաների, տարեցների հանդեպ։ Այն ազգը, որը փակում է 120․ 000 մարդու կենսական գոյության միակ ճանապարհը, քաղաքակիրթ աշխարհում պիտի ջնջվի ազգերի ցուցակից։ Սա հարցի մի կողմն է․ ուշադիր հետևում եմ, թե ինչպես է դիմակայում արցախցին՝ իր բարությամբ, ողորմությամբ, մեծահոգությամբ ու ոգեղեն ուժով ու համոզվում եմ, որ Արցախը գոյատևելու է։ Մի փոքրիկ դեպք եմ պատմելու, որը շատ համահունչ է այս օրերի հետ։  

Ձմռան ամիսներին Գորիս- Երևան ճանապարհի որոշ հատվածներ՝ հատկապես Սիսիանի մասում,  վտանգավոր ու փակ են լինում։ Այդպիսի մի օր, երբ տաքսով երեխաների հետ Երևան էի գալիս, «լռվեցինք» ու մնացինք ձյունի տակ։ Տասնյակ տարիներ առաջ էր։ Փոթորիկ էր, քամի, ձյունը համարյա մեքենան ծածկել էր։ Մոտ երկու ժամ հետո կիլոմետրերով մեքենաներ էին «լռվել»։ Քամին ձյունը քշում, բերում էր ու փոքր մեքենաները համարյա թաղվել էին ձյան տակ։ Վարորդն անասելի վիճակում էր։ Ոչ մի կապ, այն ժամանակ հազվադեպ մարդիկ ունեին ձեռքի հեռախոս։ Շատ ցուրտ էր, վարորդը մի քանի ժամ բենզինով տաքացնում է մեքենան, հետո դա էլ վերջացավ։ Սառել, կպել էինք իրար։ Մեզ հետ Երևան էր գալիս  նաև Գորիսի Քարահունջ գյուղից 17- 18 տարեկան մի տղա։

Նա ասաց՝ չվախենաք, դիմանալ է պետք, մեզ կգտնեն, կհանեն։ Ընդամենը պետք է դիմանալ։ Երևի շատերիդ է հայտնի Գորիսի Քարահունջի օղին։ Այդ տղան 20 լիտր օղի, մեկ էլ մի պարկ ընկույզ  էր տանում Երևան, որ վաճառի։ Երեխաներս ուսանող էին, նոր- նոր էին ընդունվել։ Նա մի բաժականման բան գտավ ու օղի լցրեց՝ խմեք,- հրամանի պես էր։ Մենք սառել, կապտել էինք, ոչինչ չէինք զգում, սուսուփուս ենթարկվեցինք հրամանին։ Զգացինք, որ տաքանում ենք։ Վարորդն էլ իր տեղից եկել էր մեզ մոտ ու միմյանց գրկել, փորձում էինք մեր մարմնի ջերմությամբ իրար տաքացնել։

Դեպքը մեծ աղմուկ էր հանել։ Մենք չգիտեինք, որ Գորիսի, Սիսիանի, Կապանի  ղեկավարները, ողջ Հայաստանը  իրար են խառնվել, ինքնաթիռներ են օդ բարձրացել, որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում՝  օգնեն, փրկեն ձյան տակ հայտնված մեքենաներին։ Մի օրից ավել ձյան տակ էինք ու էլ ուժ չունեինք, բայց չէինք հանձնվում։ Քարահունջ գյուղի այդ փոքրիկ տղան ժամանակ առ ժամանակ մեզ օղի էր լցնում ու ասում՝ խմեք, կսառեք, չեք իմանա։ Թույլ չէր տալիս, որ քնեինք, մեզ արթնացնում էր՝ չքնեք։ Մինչև հիմա հիշում եմ վարորդն իր կրակայրիչը միացնում ու մոտեցնում էր մեր կապտած մատներին՝ դիմացեք։ 

Թե ինչպես կարողացան պետական հզոր լծակներով մեզ դուրս բերել ձյան պաշարումից, չհասկացա։ Նույնիսկ առ այսօր չգիտեմ, թե ո՞վ էր քարահունջցի  այդ տղան, որ փրկեց մեր կյանքը։ Միայն հիշում եմ, որ իջնելուց ասաց՝ «բաչոկներս տիրտակվեց»։  Նա օղին լցնում էր մեր բուռը և ասում՝ շփեք ձեզ, տաքացեք ու դիմացեք։ 

Ինչևէ, ասելիքս նույնն է՝ մեր մի մատ երեխան էլ տեղն ընկած տեղը աննկուն հերոս է, կազմակերպիչ։ Դա լավ է հասկացել թշնամին ու ազգը պառակտելու միջոցով է կամենում ջլատել մեր ուժը։ Բոլորն էլ դա լավ գիտեն, գուցե դա է պատճառը, երբ ասում են՝ մենք չենք պարտվել, մեզ տարել են պարտության։