ՀՀ հպարտ քաղաքացիները դիմում են ՀՀԿ գրասենյակ՝ օգնության համար

ՀՀ հպարտ քաղաքացիները դիմում են ՀՀԿ գրասենյակ՝ օգնության համար

Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած ՀՀ հպարտ քաղաքացիներից շատերը, պարզվում է, իրենց հույսը դեռ կապում են նախկին իշխանությունների հետ, որոնց երկու տարի առաջ մերժելով՝ հեռացրին իշխանությունից։ Հատկապես կարանտինային այս օրերին, երբ մարդկանց սոցիալական խնդիրներն էլ ավելի են գլուխ բարձրացրել, բազմաթիվ քաղաքացիներ ամենատարբեր հարցերով նախընտրում են ավելի շատ դիմել ոչ թե իշխանություններին, այլ ընդդիմությանը, այդ թվում՝ արտախորհրդարանական ընդդիմությանը, ի մասնավորի՝ ՀՀԿ-ին։ Փետրվար ամսից ՀՀԿ-ում գործում է «Հանրային ընդունարան», որտեղ դիմում են քաղաքացիները՝ խնդրելով իրենց օգնել այս կամ այն հարցով։ ՀՀԿ իրավաբանական խմբի պատասխանատու Աննա Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե «Հանրային ընդունարանի» գրասենյակը տեղեկացրել էր, որ ֆինանսական աջակցություն չի տրամադրելու։

«Մեր աջակցությունը բացառապես ոլորտային խորհրդատվություններով օգնելն է։ Եվ պետք է ասեմ, որ այս կորոնավիրուսով պայմանավորված՝ դիմումների քանակն աճել է։ Բայց ֆինանսական օգնության ակնկալիքով էլ են դիմում, աշխատանքի ակնկալիքով են դիմում, նաև այս կամ այն պաշտոնյայի կողմից, մինչև կորոնավիրուսը, համարժեք վերաբերմունքի չարժանանալու պատճառով, անարդարացի աշխատանքից ազատվելու հարցերով, դիմումներ են գրում պետական մարմիններն, սակայն սահմանված ժամկետում չեն պատասխանում, և ստիպված մեզ են դիմում և այսպես շարունակ»,-ասաց Աննա Մկրտչյանը։

-Իսկ այդ քաղաքացիները գիտե՞ն, որ դուք այլևս իշխանության չեք։

-Մենք, իհարկե, նրանց դա բացատրում ենք ամեն անգամ, եթե նույնիսկ չգիտեն, մենք հաստատ ասում ենք դրա մասին։

-Իսկ ի՞նչ են ասում նրանք, երբ իմանում են, որ իշխանության չեք այլևս։

-Ասում են, որ մենք ուզում ենք՝ դուք խնդիրը բարձրաձայնեք, մարդիկ կան, որ ասում են՝ իրենք ուզում են իրենց իրավունքներն իմանալ։

-Ուզում եմ հասկանալ՝ ՀՀ հպարտ քաղաքացին, որը երկու տարի է՝ նոր իշխանություն ունի, ի՞նչ է ուզում նախկին իշխանություններից, որին նա մերժել է երկու տարի առաջ։ Դուք տալի՞ս եք, օրինակ, այդ հարցը իրենց։

-Ոչ, բացարձակապես նման հարցեր մենք չենք տալիս, որովհետև «Հանրային ընդունարանի» ֆունկցիան այդ մարդու խնդրին ծանոթանալն է, հասկանալն է ու իրեն սատար կանգնելն է։ Այս ընթացքում, եթե կոնկրետ առարկայական օգնության մասին խոսենք, ապա մի քանի քաղաքացիներ հաշմանդամության կենսաթոշակից զրկվել էին, որովհետև համապատասխան փաստաթղթեր չէին ներկայացրել, մի քանիսինն էլ սոցապահովության ծառայության աշխատակիցների կողմից սխալ գրառում էր կատարվել գրանցամատյանում, մենք զբաղվեցինք այդ հարցերով, և հիմա այդ մարդկանց թոշակներն արդեն վերականգնվել են։ Քաղաքացիներ էլ կան, որ իրենց դատական ակտերն են բերում, դրանց պարզաբանմամբ ենք զբաղվում։ Նաև քաղաքացիների ցանկությամբ բարձաձայնում ենք իրենց խնդիրները մեր հրապարակային ելույթներում։

-Իսկ ֆինանսական օժանդակություն չեք տրամադրում, որովհետև չունե՞ք  ֆինանս, թե՞ չեք նախատեսել նման աջակցություն։

-Ի սկզբանե «Հանրային ընդունարանի» ստեղծման պահից որդեգրված են որոշակի նպատակներ և գործառույթներ։ Դրա համար ասված է, որ դրանցից դուրս ֆինանսական աջակցություն չի տրամադրվելու։

-Օրական միջինը քանի՞ դիմում եք ստանում և վերջին մեկ ամսում քանի՞ քաղաքացու խնդիր է լուծում ստացել ձեր գրասենյակի միջոցով։

-Դիմումներն՝ էլեկտրոնային փոստի և ֆեյսբուքի միջոցով այս պահին կորոնավիրուսի հետ կապված հարցերով օրական տասից ավելի են, իսկ քաղաքացիների այցելությունները մեր կուսակցության գրասենյակ, որտեղ «Հանրային ընդունարանը» սենյակ ունի կամ տարածքային գրասենյակներ տարբեր են լինում։