Ով ինչ հարց ուզում է լուծի, դիմի «Պուծին ձյաձյային»

Ով ինչ հարց ուզում է լուծի, դիմի «Պուծին ձյաձյային»

Կաթից չկտրված մանկիկների պես են , որ ինչ ուզում ես արա, մեկ է նրանց ուշքն ու միտքը մայրական կաթն է։ Լուրջ քաղաքական գնահատական տալ ՔՊ-ականներին, առնվազն անլրջություն է։ Մեկ- մեկ զարմանում եմ՝ էս Պուտինը Հայաստանում  քանի հարյուր փեշից կախված մանուկ ունի՝ գերագույն մանուկի գլխավորությամբ։ Ինչքան փորձում եմ նրանց մեջ գտնել թեկուզ մեկին, որ «տակը չի թրջում կամ պամպերս չի օգտագործում» , չեմ կարողանում  գտնել։ Ժամանակ է գալու, ու արդեն հեռու չէ այդ ժամանակը, որ Հայաստանի հարցը Պուտինը քննարկելու է առանց Հայաստանի իշխանության ներկայացուցչի։ Կարծեմ հենց այսօր նման մի հանդիպում ընթանում է՝ Սերգեյ Լավրովի եւ Ջեյհուն Բայրամովի միջև։

Ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերի վերաբերյալ։ Կասեն, կխոսեն, իրենց ուզած ձևով կկարգավորեն։ Ինչների՞ն է պետք «մի տունը լիքը մանուկներ» , որոնք միայն բաց բերանով սպասում են, թե երբ են իրենց կերակրելու։ Նմանատիպ մեկը՝ Հովիկ Աղազարյանը,  որը դեռ մայրական կաթից չի կտրվել․  լսենք նրա այսօրվա զրույցից մի հատված լրագրողների հետ․ «Երկու կողմն էլ, եւ Արցախի մեր հայրենակիցները, եւ Ադրբեջանի քաղաքացիները եթե խնդիրներ ունեն, դրանք պետք է լուծվեն ռուս խաղաղապահների միջնորդությամբ եւ միջոցով»: Այս հայտարարությունը  ողջ ազգին մանկացնելու փորձ է։ Ով ինչ հարց ուզում է լուծի, դիմեք «Պուծին ձյաձյային»։

Այս իշխանությունը մոռացել է, որ մեր երկրի կառավարման  ղեկը ինքը վերցրել է իր ձեռքը։ Կառավարումը միայն ֆինանսները չեն ու Հայաստանի անարատ կաթը, կառավարումը նաև պատասխանատվություն է երկրի անվտանգության համար, ու իրենք պատասխանատու են հայ ազգի, երկրի անվտանգության համար։ Բախտի բերմամբ կաթի ծծակն առել են բերաններն ու բաց թողնել չեն ուզում։ Այդպես լավ է, հանգիստ՝ պառկած կաթ են ուտում ու մանկան պես իրենց թվում է, թե բոլոր հարցերը պիտի լուծեն «Պուծին ու Մակրոն ձյաձյաները»։  Խոսքը ադրբեջանցիների կողմից Գորիս – Ստեփանակերտ ճանապարհի փակման ու ռուսների կողմից ճանապարհի բացման մասին է։ Աղազարյանի կարծիքով Լաչինի միջանցքի փակելու մեջ արտառոց բան չկա ու որպես աչքալուսանք ասում է , որ նման դեպքեր էլի են լինելու։ Բարուրի մեջ քնած երեխան ի՞նչ կարող է իմանալ, թե որն է արտառոց, որը՝ ոչ։ Թեկուզ մի հարյուր անգամ փակեն, ճոճքի մեջ քնածի համար դա ի՞նչ մի արտառոց բան է։ Թող ռուսը մտածի։ Պուտինի բան ու գործը ո՞րն է, թող էդ հարցերով զբաղվի, մենք մեզ համար վայելում են մեր չվայելած մանկությունը։