Փնթի ու անկազմակերպ կառավարություն, որը կառավարել այդպես էլ չի սովորում

Փնթի ու անկազմակերպ կառավարություն, որը կառավարել այդպես էլ չի սովորում

Կառավարության երեկվա նիստում ուշագրավ խոսակցություն է ծավալվել կառավարության անդամների միջեւ՝ կապված «Էրեբունի-Երեւան» տոնակատարության հետ։ Այդ խոսակցությունը թերեւս շարքային ունկնդրին աննշան կթվա, բայց շատ խորհրդանշական է՝ կառավարության աշխատաոճը եւ պրոֆեսիոնալիզմի աստիճանը պատկերացնելու առումով։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երեւանի հիմնադրման 2801-ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնական միջոցառումները կազմակերպել եւ իրականացնել 2019 թվականի հոկտեմբերի 19-ին։ Նա նշել է, որ կառավարության որոշմամբ տոնը հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրն է նշվում եւ այս տարի պետք է հոկտեմբերի 12-ին նշվեր, սակայն, քանի որ բազմաթիվ զբոսաշրջիկներ, օտարերկրացի հյուրեր էին եկել Հայաստան, ուստի հետաձգել են։ Թվում է՝ պետք է հակառակն արվեր, հենց զբոսաշրջիկների ու հյուրերի համար Երեւանն ավելի գրավիչ դարձնելու համար արժեր տոնը համապատասխանեցնել նրանց այցելություններին, եւ ճիշտ հոկտեմբերի12-ին էլ նշեին այն։ Բայց գնանք առաջ՝ սա համարելով մանր թերություն։ Հետո խոսում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի գիգանտ նախարարը՝ Արայիկ Հարությունյանը։ Նկատում է, որ բերված նախագծում կա մի կետ՝ ուղղված ԿԳՄՍ նախարարին, Երեւանի քաղաքապետի կողմից կազմակերպվող տոնական միջոցառումներին աջակցելու վերաբերյալ, եւ ասում. «Ո՛չ տոնական միջոցառումների ցանկ ենք տեսել, ո՛չ քաղաքապետարանն է մեզ դիմել․ ո՞նց ենք պարզելու՝ մենք համապատասխան ծրագրին աջակցե՞նք, թե՞ ոչ»:

Ուրեմն, տոնին մնացել է մեկ շաբաթ, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ են անելու, ով ում է աջակցելու, ինչով, ինչպես եւ այլն։ Հիմա լսենք տարածքային կառավարման նախարար, համատեղության կարգով «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին։ Ինչ է ասել նա ի պատասխան Արայիկ Հարությունյանի անտեղյակությանը։ Ասել է, որ «Էրեբունի-Երեւան» տոնական միջոցառումներին «աջակցելն իրենց յուրաքանչյուրի պարտքն է», եւ, ուշադրություն․ «Կամա թե ակամա, մենք մեր նպաստն ունենում ենք»:

Ահա՝ այս «կամա թե ակամա»-ի մեջ է ամբողջ մեխը։ Այդպես՝ կամա թե ակամա էլ երկիրն են կառավարում։ Կամա թե ակամա, սոցիալական ու բնապահպանական կարեւոր հարցերն են լուծում։ Կամա թե ակամա, շփվում են արտաքին աշխարհի հետ ու գերտերությունների հետ հարաբերություններ կառուցում։ Կամա թե ակամա, կրթական ու առողջապահական քաղաքականություն են իրականացնում։ Կամա թե ակամա, ապրում են։ Փաստորեն, միայն բարձր աշխատավարձ եւ պարգեւատրումներ ստանալիս են շատ կողմնորոշված ու կենտրոնացած։
Մենք տեղեկացանք, որ ոչ միայն «Էրեբունի-Երեւանի», այլեւ մյուս բոլոր հարցերն են այսպես՝ վերջին րոպեին լուծվում։

Օրինակ, համակարգի հին աշխատողներից մեկը պատմեց, որ ամեն տարի Ուսուցչի օրվան իրենք սկսում էին նախապատրաստվել մոտ 5-6 ամիս առաջ՝ սցենար էր մշակվում, գործողությունների պլան, աշխատանքի բաշխում էր կատարվում, մրցանակներ ու տոնական միջոցառումներ էին ծրագրվում, հանձնարարականներ իջեցվում, բոլոր գերատեսչություններին նամակներ էին ուղարկվում, ժամանակացույց էր կազմվում եւ այլն։ Այս տարի տոնի մասին «հիշել» են հոկտեմբերի 5-ից մի 10 օր առաջ եւ հապճեպ ինչ-որ բաներ ձեռնարկել։ Դեռ հասկանալի է, որ տարբեր խնդիրների իրավիճակային լուծումներ են տալիս, այսպես ասած՝ օպերատիվ կարգավորումներ, բայց երբ տարվա մեջ անխախտ տոն կա, եւ այդ տոնին սպասում է ողջ համակարգը, ինչպե՞ս կարելի է դրա մասին մոռանալ, նախապես չծրագրել։ Լավ, ինչքա՞ն ժամանակ է հարկավոր, որ այս երիտասարդ կառավարիչները մի քիչ փորձ ձեռք բերեն եւ կառավարման ունակություններ յուրացնեն։

Մի քիչ էլ լսենք կառավարության հրաշագեղ անդամների նույնքան հրաշագեղ խոսակցությունը երեկվա նիստում։ Կառավարության նիստում վարչապետը, որն ավելի ու ավելի հաճախ է հիշեցնում Կիկոսի պատմության ամենախելացի աղջկան, որն ասում է՝ եկեք գնանք քելեխ կազմակերպենք՝ լացելուց բան դուրս չի գա, ասում է․ «Այդ պրոբլեմն ինչո՞ւ չի լուծվում, որ ամեն անգամ պարզվում է, թե ինչ-որ տեղ չի գնացել նախագիծը»: Խոսքը դարձյալ այն մասին է, որ կառավարության, նախարարությունների աշխատակազմերը չեն կատարում իրենց պարտականությունները՝ նախագծերը կորչում են տարբեր կաբինետներում, հանձնարարականների կատարումը մշտապես ուշանում է, հանձնարարականներն են ուշանում, ժամկետներ են խախտվում։ Այնպիսի տպավորություն է, կարծես ոչ միայն համակարգերի առաջին դեմքերն են փոխվել, այլեւ հին ապարատներից ու հին աշխատողներից ոչ մեկը չի մնացել, որ իմանա՝ ինչն ինչպես անել։ Ի՞նչ է պատասխանել կառավարության աշխատակազմի դիջեյ ղեկավարն իր ղեկավարին․ Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ միջոցառման օրը փոխվել է՝ պայմանավորված մրցութային ընթացակարգերի թերի լինելու հետ․ «Քաղաքապետարանից նախագիծն ստացել ենք ուշ, եւ քանի որ ժամկետների խնդիր կա, նախագիծը միանգամից ներառվել է կառավարության նիստի օրակարգ»:

Այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանում էլ է աշխատանքային կարգուկանոնը խաթարված։ Այստեղ ավելի շատ զբաղված են տարբեր ինտրիգներով, օրինակ՝ «Սանիթեքից» բիզնես խլելով, «Էրեբունի-Երեւան» տոնն «ի՞նչ մեղքս է»։ Հավանաբար՝ այս տոնն էլ են սեւերի տոնը համարում եւ չեն կարծում, որ դրա կազմակերպման վրա պետք է առանձնահատուկ ջանքեր գործադրեն։
Ահա, այսպես փնթի, անկազմակերպ, անգործունակ ու ապաշնորհ կառավարում է իրականացվում հեղափոխական իշխանությունների կողմից, որոնք մեկուկես տարի է՝ դեռ շարունակում են հիանալ իրենց կատարած հեղափոխությամբ, շարունակում են կռիվ տալ նախկին իշխանությունների դեմ եւ թշնամիներ փնտրել ամենուր։