Գլխավոր հարցին՝ ի՞նչ քաղաք ենք կառուցում, պատասխան չի տրվել
Երեւանի գլխավոր հատակագիծը, որպես չզեկուցվող հարց, նախօրեին ներկայացվեց ավագանու հաստատմանը։ Երեւանի ավագանին ընդունեց այն 32 կողմ, 13 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ։
Համաձայն քաղաքապետարանի՝ Երեւանի գլխավոր հատակագծի մշակումը տեւել է 8 ամիս, մինչդեռ, համաձայն պայմանագրի, այն մշակվել է 10 օրում։ Երեւանի նոր գլխավոր հատակագծի մշակման համար Երեւանի քաղաքապետարանը պայմանագիրը կնքել էր «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի հետ, ս.թ. հունիսի 20-ին՝ մեկ անձից գնման ընթացակարգով, իսկ աշխատանքների կատարման ժամկետ սահմանվել է ս․թ․ հունիսի 30-ը։ Այսինքն, համաձայն պայմանագրի, Երեւանի գլխավոր հատակագծի մշակման համար նախատեսված է եղել ոչ թե 8 ամիս, այլ՝ 10 օր:
Քաղաքապետարանից մեզ տեղեկացրել էին, որ Երեւանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 990 հազար դրամ: Չտեսնված եւ չլսված մի բան, ու եթե անգամ ֆիքսենք, որ Երեւանի գլխավոր հատակագծի նախագծի արժեքը կազմում է ընդամենը 990 հազար դրամ (որը միայն մասնագետների աշխատավարձը չի կազմում), ապա դրանից տրամաբանական հարցեր են առաջանում, օրինակ՝ նման գումարի շրջանակներում քանի մասնագետ է աշխատել նախագծի վրա եւ քանի ամիս, որքան է կազմում նախագծի Ռազմաէկոլոգիական գնահատման հաշվետվության կազմման արժեքը, որքան է կազմում ՇՄԱԳ-ի (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման) փորձաքննության արժեքը, որքան՝ նախագծի քաղաքաշինական փորձաքննության արժեքը:
Ակնհայտ է, որ սա այն գումարը չէ, որի շրջանակներում պետք է Երեւանի գլխավոր հատակագիծը մշակվեր։ Հատկապես, որ վերջին ամիսների ընթացքում քաղաքապետարանը 2 մեծ փոխանցումներ է արել «Երեւաննախագծին»։ Երեւանի քաղաքապետի մայիսի 3-ի, ապա՝ հունիսի 7-ի հրամաններով «Երեւաննախագիծ» ՓԲ ընկերությանը հատկացվել էր նախ 50 մլն դրամ, ապա՝ 60 մլն: Երկու դեպքում էլ գումարը հատկացվել էր «Երեւաննախագծի» աշխատակիցներին դրամական խրախուսում հատկացնելու անվան տակ։ Ակնհայտ է, որ այս հատկացումները պայմանավորված են Երեւանի գլխավոր հատակագծի վրա իրականացվող աշխատանքներով, որոնք, չգիտես ինչու, թափանցիկ ձեւով չեն տրվել, այլ՝ իբրեւ խրախուսանք աշխատակիցներին։ Ի դեպ, քաղաքային բյուջեով՝ գենպլանի միայն առաջին փուլի համար նախատեսվել է 250 մլն դրամ։ Ըստ այդմ, ոչ մի կերպ համադրելի չեն պայմանագրով նշված 990 հազարը եւ բյուջեով հատկացված 250 միլիոնը:
Համեմատության համար նշենք, որ Թբիլիսիի գլխավոր հատակագծի մշակումը (2015-18թթ․) տեւել է երկու տարի, համաձայնեցումները՝ մեկ տարի, նախագծի արժեքը կազմել է 1․1 մլն դոլար:
Գլխավոր հատակագիծը հաստատելու մասին որոշման նախագիծը Երեւանի ավագանուն ներկայացրել է հենց «Երեւաննախագիծ» ՓԲԸ ընկերության տնօրենի ԺՊ Անդրանիկ Սեդոյանը։ Նա հայտարարել է, թե գեներացրել են մի փաստաթուղթ, որը թեպետ ամբողջությամբ չի լուծում այն խնդիրները, որոնք ունի Երեւանը, բայց կարգավորում է հարցեր, որոնք առնչվում են երեւանցիներին եւ Երեւանի շահերին: Սակայն անգամ ՔՊ-ականներն են ընդունել, որ նախագիծն իրականում թերի է, իսկ ավագանու ընդդիմադիր անդամների պնդմամբ՝ այն ի վնաս երեւանցու է։
Համաձայն «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի, մայրաքաղաքի գլխավոր քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթը հեռու է պատրաստ լինելուց, իսկ դրա ՌԷԳ-ը (ռազմավարական էկոլոգիական գնահատումը) պատշաճ չի իրականացվել: Չնայած բարձրաձայնված խնդիրներին՝ նշված փաստաթղթերը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ստացան դրական եզրակացություն, ընդ որում՝ արագացված կարգով, առանց պատշաճ փորձագիտական ներուժի եւ շահագրգիռ հանրության ներգրավման՝ անտեսելով փաստաթղթերի ակնհայտ թերությունները:
Երեւանի նոր գլխավոր հատակագիծը մշակվել է նախնական 5 տարվա համար եւ կրելու է անցումային ժամանակավոր բնույթ՝ 15 տարվա հեռանկարի փոխարեն:
Հատկանշական է, որ հենց նախագծի բացատրագրում նշված է, որ քաղաքի զարգացման տեսանկյունից հեռանկարային խնդիրներ չեն դրվել գլխավոր հատակագծի առաջ, քանի որ. «Գլխավոր հատակագիծը հանդիսանում է կանխատեսական բնույթի փաստաթուղթ. այն սահմանում է քաղաքի զարգացման ռազմավարությունը հեռանկարով մինչեւ հաջորդ քաղաքաշինական փաստաթղթի մշակումը՝ հիմնված ժամանակակից վիճակի փաստագրման եւ պոտենցիալ տնտեսական հնարավորությունների իրական գնահատման վրա»:
Նախագծի բացատրագրում նշված է, որ գլխավոր հատակագծի իրացման գործընթացը դիտվում է որպես հարատեւ, մոնիթորինգի, տենդենցների գնահատման, պահանջների եւ պահանջարկի կանխատեսման անցկացումով՝ պարբերաբար այն ճշգրտելով:
Չի կատարվել Երեւանի 2006-2020 թթ․ գլխավոր հատակագծի իրականացման վերլուծություն, վեր չեն հանվել այդ ժամանակահատվածում կատարված գործողությունների համապատասխանությունը գլխավոր հատակագծի դրույթներին:
Նոր գլխավոր հատակագծի մշակման համար ելակետային տվյալները եւ նյութերը բավարար եւ սպառիչ չեն, նաեւ բացակայում են տնտեսության տարբեր ոլորտների զարգացման հեռանկարային տվյալները:
Նախագծում քաղաքի զարգացման սոցիալ-տնտեսական ոչ բոլոր ուղղություններն են ներառված, ներկայացվածներն էլ կրում են կարճաժամկետ, թերի, չհիմնավորված, անտրամաբանական տվյալներ եւ լուծումներ (տրանսպորտ, մետրոպոլիտեն, տարհանում, վթարային շենքեր, դպրոց, մանկապարտեզ եւ այլն): Էկոլոգիական գնահատման պետական փորձաքննության մարմինը նախագծի վերաբերյալ ներկայացրել է 82 հարցադրում:
Ինչպես նաեւ բացակայում է եւ բացարձակ հասկանալի չէ մայրաքաղաքի զարգացման նոր գլխավոր հատակագծի քաղաքաշինական դոկտրինը՝ ի՞նչ քաղաք ենք կառուցում, ո՞րն է նրա դերը եւ նշանակությունը հանրապետության, տարածաշրջանի եւ միջազգային շրջանակներում:
Կարծիքներ