Շատ էլ չի անցել

Ի՞նչ կաներ խմբագիր Նիկոլ Փաշինյանը կամ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, եթե կարմիր բերետավորները ժամանակին ծեծեին որեւէ ընդդիմադիր պատգամավորի, պատռեին նրա շորերը, տասնյակներով հարձակվեին մեկ մարդու վրա, բռնեին ու քարշ տալով մտցնեին ոստիկանական մեքենան, որ բերման ենթարկեն ոստիկանություն: Ի՞նչ կաներ նախկին Նիկոլ Փաշինյանը, եթե համացանցում տեսներ, որ ոստիկանի «սապոգի» հետքը մնացել է քաղաքացու ճակատին, այսինքն` մարդկային դեմքը կորցրած մի բերետավոր իր կճղակով ճզմել է քաղաքացու ճակատը: Ի՞նչ կաներ լրագրող, ազատություն քարոզող Նիկոլ Փաշինյանը, եթե խաղաղ անհնազանդության ակցիաներ անողներին հարյուրներով տանեին ոստիկանություն, քրեական գործեր հարուցեին:
Ի՞նչ կաներ, եթե իշխանական պատգամավորին հայհոյած ընդդիմադիրին նստեցնեին ոստիկանական մեքենան, ուղեկցող ոստիկանները ճանապարհին իջնեին` հնարավորություն տալով ինչ-որ հրեշների, որ ծեծեն ու նվաստացնեն երիտասարդին: Կաներ այն, ինչ անում էր ժամանակին, երբ խմբագիր էր, պատգամավոր էր, մարդու իրավունքների ջատագով էր ու պաշտպան. համաշխարհային աղմուկ կբարձրացներ, ելույթներ կունենար` իշխանությանը գամելով անարգանքի սյունին, հոդվածներ կգրեր, կմերկացներ դերակատարներին:
Հիմա ինքը հայտնվել է բարիկադի մյուս կողմում եւ ատում-արհամարհում է բոլոր նրանց, ովքեր այս մարդկանց իրավունքներն են պաշտպանում: Գուցե այս բոլոր հրահանգների հետեւում հենց ինքն է կանգնած, եւ չեն ստում այն մարդիկ, ովքեր ասում են, թե բերետավորներին բարձր աշխատավարձ տալը, առանձնակի դաժանության մղելն ուղղորդվում են հենց իր կաբինետից: Մարդը, որպես կանոն, կարճ հիշողություն ունի եւ վատ բաներն արագ է ընդօրինակում: Իսկ ոմանք ոչ միայն ընդօրինակում են, այլեւ՝ կատարելագործում ու զարգացնում:
Կարծիքներ