Լրջացեք, պարոնայք, լրջացեք

Դասական ձեւակերպմամբ՝ քաղաքականության մեջ հիմնական շարժիչ ուժը հանրությունն է։ Որ Հայաստանի հանրության մի ստվար հատված քաղաքականապես վատառողջ է՝ ապացուցման կարիք չունի։ Փաստենք միայն քաղաքացիական կեցվածքի, իրավագիտակցության, պետական մտածելակերպի հանդեպ դրսեւորած անտարբերությունը։ Դժվար չէ նկատել, որ հայաստանյան հանրությանը խորթ է իշխանությունների, ընդդիմության ուշադրությունը գրավելու ցանկությունը, ուր մնաց քաղաքական օրակարգ թելադրելը։ Իսկ գործող իշխանության համար հանրության խորացող ընկճախտը նպաստավոր է այնքանով, որքանով պետական ոչ պակաս կարեւոր ծրագրերը (մանկապարտեզի, դպրոցի շենքերի վերանորոգում, նորերի կառուցում, ասֆալտի փռում, տիեզերքում հայկական արբանյակների քանակի ավելացում․․․) հանրությանը մատուցվում են որպես անկախ պետականության, սուբյեկտայնության վկայություն՝ ի նպաստ քաղաքական դաշտի առողջացման, տնտեսության եւ անվտանգության աշխուժացման, Հայաստանի միջազգային հեղինակության զարգացման։ Իշխանությունները հույս են տածում, որ իրենց կհաջողվի նաեւ հանրային վայրիվերումների պայմաններում ճեղքել ընդդիմացողների շղթան եւ գործող Սահմանադրությունը «սրբագրելու» պատվիրված գործը գլուխ բերել։
Հավանաբար, իշխանությունները մտածում են, թե «գլուխը կորցրած» ՀՀ քաղաքացին չի ընկալի գերառաջնային եւ առաջնային խճճված խնդիրների միջեւ առկա բովանդակային տարբերությունները եւ «կողջունի» իշխանությունների արտաքին եւ ներքին քաղաքական քայլերը՝ որպես հեռանկարային իրողություն։
Բազում սուր քննարկումներից հետո անգամ համոզվում ես, որ, այսպես կոչված, «ակադեմիական քաղաքի» գաղափարը ո՛չ ժամանակաշրջանին, ո՛չ միջավայրին պատշաճ իշխանական «խաղիկներից» է։ Երեւանի բոլոր բուհերը Երեւանից «աքսորելու» միտքը՝ Երեւանի ճակատագիրը մեծահարուստ ներդրող-շահատերերի կամայականություններին տրամադրելը, հանրության ուշադրությունն ավելի լուրջ՝ քաղաքական խնդիրներից շեղելու ազգակործան ծրագրերից է եւ ոչ վերջինը, եթե․․․
Դե ինչ, եկավ ընդհանրացնելու 25-ամյա անկումի ճիշտ գահավիժումի հետեւանքները։ Իսկ վերջերս, աղետալի վիճակն առավել դիպուկ է ընդհանրացված մարտի 19-ի մի կարեւոր, անչափ կարեւոր հայտարարության մեջ։ Մեզ իրավունք ենք վերապահում հանրությանը եւս մեկ անգամ ներկայացնելու որոշ շեշտադրումներ այդ հայտարարությունից։
1. Վերջին շրջանում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ վտանգավոր աստիճանի ահագնացող հակամարտությունը սպառնում է համաշխարհային եւ տարածաշրջանային անվտանգությանը, խարխլում է առանց այդ էլ հակամարտությունների կարգավորման համար անբավարար ուժ ունեցող միջազգային իրավունքը եւ նրա համաշխարհային ինստիտուտների արդյունավետությունը, ինչը, գումարած Հայաստանի իշխանությունների անխոհեմ քաղաքականությանը, առաջացրել է աննախադեպ սպառնալիքներ մեր երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար։
2. Աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային փոթորկալից հակամարտությունների միջավայրում, որոնց վերջնական հանգուցալուծման արդյունքները հնարավոր չէ ճշգրտորեն կանխատեսել, Հայաստանի կենսական շահերից է բխում հավասարակշռված քաղաքականություն վարելը, ինչը թույլ կտա, մի կողմից՝ հեռու պահել մեր երկիրը գերտերությունների միջեւ կռվադաշտի վերածելու աղետալի վտանգից, մյուս կողմից՝ բարելավել հարաբերությունները բոլոր ուղղություններով եւ դառնալ խաղաղ ու կայուն համագործակցության ու ներդրումների հանգույց։
ՀԳ․ Այս ամենն ամփոփենք․ մենք չենք կարող մի կողմի հաշվին մյուսի օգտին գործել, առավել եւս՝ թշնամական քայլեր անել։ Ո՛չ մեր կարողությունները եւ ո՛չ էլ հեռուն տանող քայլերը չեն կարող դրդել նման անխոհեմության։
Լրջացեք, պարոնայք, լրջացեք․․․
Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ
Կարծիքներ