Չգիտեի, որ խորհրդավոր մարդը  Սերժ Սարգսյանի հայրն է․․․

Չգիտեի, որ խորհրդավոր մարդը  Սերժ Սարգսյանի հայրն է․․․

Արցախյան առաջին պատերազմից հետո հետախույզ մահապարտ Հրաչ Աբրահամյանի հետ որոշել էինք համատեղ ուժերով հրատարակել «Գոյամարտ» փաստագրական գիրքը։ Այդ առիթով Ստեփանակերտ էի գնացել՝ պատերազմին մասնակցած որոշ հրամանատարների հետ հանդիպելու։ Օրվա ավարտին, երբ ուզում էի  հյուրանոցում տեղավորվել՝ հաջորդ օրերին գործս  շարունակելու, պարզվեց, որ Արցախում նման բան ընդունված չի։ Պատերազմի մասնակցածները զարմացան՝ բա մենք սատկա՞ծ ենք, վեր տյու հյուրանոց քինաս։ Տենց պյան չկա։ 

Նրանցից մեկի տունը գնացի։ Վաղո էր անունը։ Մինչև տուն հասնելն արդեն զանգել, զգուշացրել էր տնեցիներին։ Երբ տեղ հասանք, խորովածի հոտն արդեն տարածվել էր։ Մեծ, ավանդական  ընտանիք էր։ Մեծ թվով ազատամարտիկներ էին հավաքվել ու հայրենասիրական երգեր էին երգում։ Իրենց կորցրած ընկերների կենացներն էին խմում։ Մինչև սեղան նստելը տանտերն ասաց՝ մեր ամենամեծ ազատամարտիկը պիտի գա, որ սեղանը բացենք։ Տեսնես՝ ո՞վ կլինի,- մտածում էի։ Ո՞վ է,- հարցրի։ Ասաց՝ մի մարդ է, ում բոլորը սիրում են։ 

Վերջը եկավ։ Պատկառելի տարիքով, լուրջ դեմքով մի մարդ էր։ 

- Սեղանը պացի դե, մեծ մարդ,- այդպես դիմեցին։ 

Խոսակցությունից հասկացա, որ շատ ընդունված, հարգված, Արցախի ցավով ապրող պապիկ է։ Բարի, շփվող անձնավորություն էր։ Միասին նարդի խաղացինք։ Երկուսս էլ պարտվելուց տաքանում էինք։ Խաղալուց առաջ կատակում էր՝ հիմա բմբուլներդ քամուն կտամ։ Ես որ հաղթում էի, ինձ ասում էր՝ դաղալ ես։ Ես էլ իրեն էի ասում՝ դաղալը (նախանձը)  տյու ես։

Երեկոյան բոլորը գնացին իրենց տները։ Ինձ մի արքայական սենյակ էին տվել։ Դրսում պայծառ լույսեր էին վառվում։ Վաղոյի կինն ասում էր՝ մեր զինվորներն են ստեղ։ Երևի իմ կյանքի ամենահանգիստ գիշերն էր։ Հենց քթիս տակ՝ հայոց բանակն էր ,,ինձ հսկում,,։ 
Հաջորդ օրը նույն ձևով բոլորը գալիս ու մեծ սեղան էր բացվում։ Սպասում էին, ինչպես իրենք էին ասում, Տան Մեծին։ 

Ինչևէ,  գնալուս օրն էր արդեն, ասացին՝ մեր ղոնաղին մենք ենք  ճընապա տինիլու, հինչ ավտոբու՞ս։ Պարզվեց, որ ինձ ճանապարհելու է ինձ հետ նարդի խաղացող պատկառելի տարիքով պապիկը։ Ինչ որ վարորդ էր նրան սպասարկում։ Հասարակ, դարն անցած  մի ժիգուլի էր։ Այդ ժամանակ ես իմացա, որ այդ պարզ ու անմիջական մարդը Սերժ Սարգսյանի հայրն է։ Սեղանի վրա ոչ մի անգամ նման բան չէր ասվել։ Վաղոյի խոսելուց հասկացա՝  Ազատ, բա Սերժը գյուդու՞մա։ Գույնս գցեցի։ Ուրեմն ես Սերժ Սարգսյանի հորն էի «դաղալ» ասում ու հետը «բայեվիկի նման բոյ մտնում»։ Մի կարճ բառ ասաց՝ չէ։ Գյուղացի մարդ էր, ազատություն էր ուզում, որ ոչ մեկը իրեն չհետևի։ 

Էդ հասարակ ժիգուլիով բերեցին ինձ Գորիս՝ մեր տուն, իսկ ես ողջ ճանապարհին մտածում էի՝ էդքան Սերժին ասում են լափեց հա լափեց, էս ժիգուլի՞ն է նրա լափելը։ Տուն անգամ չմտան, ինչքան խնդրեցին տնեցիք, ասացին՝ մեր ղոնաղը սալամաթ ձեզ ենք հասցրել։ 

Հիմա նայեք, տեսեք, Նիկոլի տնեցիքը քանի թիկնապահներով ու մեքենաներով են շրջում, մեզ նման հասարակ մահկանացուներիս հետ ոնց են շփվում ու համեմատեք։ Զուտ փաստ եմ ներկայացրել։