Պահեստարանների գազը կբավականացնի՞ Եվրոպային՝ հաղթահարելու ձմեռվա սեզոնը 

Պահեստարանների գազը կբավականացնի՞ Եվրոպային՝ հաղթահարելու ձմեռվա սեզոնը 

Չնայած պաշտոնապես հայտարարվեց, որ Գերմանիայում գազապահեստարանները 99 տոկոսով լցված են, սակայն մասնագետները կարծում են, որ այդ պաշարները կբավականացնեն այդ երկրին միայն ձմեռային սեզոնի երկու ամիսների համար։ Եվրոպական մյուս երկրներում էլ նմանատիպ հուսադրող հայտարարություններ հնչել են, սակայն շատ մասնագետներ ձմեռվա սեզոնի համար Եվրոպայում գազի բավարար պահեստավորման մասին հայտարարություններին վերաբերվում են կասկածամտորեն։

Բանն այն է, որ եվրոպական երկրները գազի պահեստավորման տարբեր հնարավորություններ ունեն եւ եթե Գերմանիան, օրինակ, կարող է պահեստավորել այնքան գազ, որը համարժեք կլինի 245,6 տերավատ/ժամ էներգիայի, ապա Բուլղարիայի հզորությունները ընդամենը 5,8 տերավատ/ժամ է, Պորտուգալիայինը՝ 3,7 տերավատ/ժամ, ինչը նշանակվում է, որ այն երկրները, որոնք մեծ հզորություններ ունեն, ուզեն թե չուզեն, եվրոպական համերաշխության սկզբունքից ելնելով, իրենց պաշարներով կիսվելու են փոքր հզորություններ ունեցողների հետ, անկախ իրենց պահանջարկից։

Հաշվարկները ցույց են տալիս, որ Եվրամիության հինգ երկրներում՝ Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում եւ Ավստրիայում պահեստավորված է ԵՄ ունեցած գազապահեստարանների ծավալները ԵՄ գազապահեստարանների ծավալի 2/3-րդն են կազմում։ Այսինքն՝ մնացած երկրներին բաժին է ընկնում ԵՄ ունեցած գազապահեստարանների ընդհանուր ծավալի 1/3-րդը։ Որոշ մասնագետներ էլ արդեն այսօրվանից են ահազանգում, որ նույնիսկ եթե այս տարվա ձմեռային սեզոնը Եվրոպան կարողացավ քիչ թե շատ բարեհաջող անցկացնել առանց ռուսական գազի մատակարարումների, 2023 թվականին կանգնելու է գազի լուրջ դեֆիցիտի առաջ եւ ստիպված է լինելու վերագործարկել էներգիա արտադրող այլ հզորություններ՝ պահանջարկով պայմանավորված էներգետիկ դեֆիցիտը ծածկելու համար։