Արա, բայց ինչ լավ ա կռուտիտ անում

Արա, բայց ինչ լավ ա կռուտիտ անում

Մեր հրապարակումները մոռացած ընթերցողների համար մենք պարբերաբար տպագրում ենք մեր նախկին հոդվածները, որպեսզի հիշեցնենք՝ «Հրապարակը» երբեք չի լռել եւ երբեք չի զբաղվել իշխանությունների գովերգմամբ, ինչը չի անում նաեւ այսօր։ Այս հրապարակումն արվել է 2015 թվականի մայիսի 22-ին․ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն Ազգային ժողովում պատասխանում էր պատգամավորների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հարցերին։

Երկու օր անընդմեջ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն Ազգային ժողովում ներկայացրեց նախորդ տարվա հաշվետվությունն ու պատասխանեց պատգամավորների հարցերին։ Սա բացառիկ դեպք է, քանզի մինչ այդ օրենքը կար, բայց ձեւական էր գործում, եւ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը չէր ներկայանում օրենսդիր մարմնին։ Հիմա օրենքը փոխվել է, դատախազը՝ նույնպես։ Եվ Կոստանյանն արեց դա։ Այն էլ ինչպես արեց։ Ավետիսյանների ողբերգական դեպքից հետո տղամարդու խոստում տված, հետո այդ խոստումը դրժած երիտասարդ դատախազը եկավ ու կանգնեց ԱԺ բարձր ամբիոնի մոտ եւ խոսեց, խոսեց, խոսեց՝ չխուսափելով ոչ մի հարցի պատասխանելուց։ Նա բոլոր հարցերը հերթով նշում էր ու մանրակրկիտ պատասխանում։
Երկու օր շարունակ հետեւելով նրա պատասխաններին ու պատգամավորների դժգոհ, չբավարարված հայացքներին՝ ակամա մի անեկդոտ հիշեցի, երբ հայրը, տեսնելով, թե ինչպես է իր դպրոցական որդին ուսուցչի տված պարզագույն հարցին տալիս տարբեր պատասխաններ, բացի ճիշտ պատասխանից, հպարտության զգացում է ապրում որդու այդ պահվածքից․ «Արա, բայց ինչ լավ ա կռուտիտ անում»։

Հիմա՝ գիտական աստիճան ունեցող, փորձառու, գրագետ ու կրթված Կոստանյանին լսելիս դժվար էր զսպել հիացմունքդ՝ բան չի ասում, բայց ինչ լավ «կռուտիտ» է անում։ Եվ անում էր շատ գրագետ, կիրթ, պրոֆեսիոնալ իրավաբանին հարիր դիրքերից։

Եվ որքան էլ Կոստանյանի պատասխանները «կռուտիտ» թվային, որ նրանք այդպես էլ չստացան սպառիչ պատասխաններ, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ դատախազի պատասխաններում «իրավաբանական բառակույտ» հայտնաբերեր՝ ուղեկցված Կաշպիրովսկու ժեստերով, միեւնույն է, դատախազն իր առաքելությունը կատարեց փայլուն։ Թերեւս հենց դա էլ կարելի է համարել նրա գլխավոր արժանիքը՝ կարողանալ այնպես «կռուտիտ» անել, որ հակադարձելու ոչինչ չունենան, կամ էլ հակադարձումը լինի ընդամենը անորոշ դժգոհության արտահայտությունը։ Ի դեպ, ժեստերի մասին․ Կոստանյանի ժեստիկուլյացիան, հիրավի, ֆանտաստիկ է։ Նրա ժեստերն այնպես խոսուն էին, որ նույնիսկ ամենազգացմունքային ու պրոֆեսիոնալ դերասանը կնախանձեր։

Երեկ Կոստանյանը կրկին փայլեց «տղամարդկության» դրսեւորման կոնտեքստում, օրինակ՝ խոստացավ, որ ինքը դատի կտա ցանկացած Սուրիկ Խաչատրյանի, բայց եթե ապացուցվի նրա մեղքը։ Առաջին հայացքից՝ այս հայտարարությունից հետո նա հզոր ու ազդեցիկ մի տղամարդ-դատախազ է թվում, ով «դուխ է անում» սյունեցիների ահ ու սարսափ Սուրիկ Խաչատրյանին դիտարկել ընդհանուրի մեջ՝ որպես բազմաթիվ սուրիկխաչատրյաններից մեկը։ Բայց այդ «եթե»-ն ամեն ինչ փչացնում է կամ գուցե տեղը գցում։

Ինչ խոսք, «կռուտիտ» անելը քաղաքական գործիչների եւ պաշտոնյաների գլխավոր մասնագիտությունն ու արժանիքը չէ, բայց նա, ում մոտ լավ է ստացվում այդ գործը, կարողանում է առաջընթաց ապահովել իր կարիերայում։

Այս հարցում պատգամավորներից ու նախարարներից շատերը բան ունեն սովորելու երիտասարդ դատախազից։ Եվ ոչինչ, որ մի շարք հարցեր՝ որպես լրջագույն խնդիրներ, շարունակում են մնալ չլուծված, կարեւորը դրանց տրված պատասխաններն են, որոնք դատախազը կարող է ժամերով շարադրել։ Այնպես, որ դրանից ոչ ոք ոչինչ չհասկանա, ոչ մի հարցի ըստ էության պատասխան չտրվի, կարեւորը, որ դրանք հնչում են ու գոհացնում նրանց, ում պետք է։ Դատախազն ինքն էլ դա մատնանշեց, որ բոլորովին պարտադիր չէ, որ հարց տվողն ստանա հենց այն պատասխանը, ինչ սպասում է, կարող է եւ նրանց չգոհացնել այդ պատասխանը, բայց ինքն այդ հարցին տալիս է հենց այդ պատասխանը։