Լիտվայում տղամարդը պատվաստվելուց 5 րոպե անց մահացել է

Լիտվայում տղամարդը պատվաստվելուց 5 րոպե անց մահացել է

Լիտվայում տղամարդը մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց մի քանի րոպե անց։ Այս մասին փետրվարի 27-ին հայտարարեց РИА Новости-ն։ Լիտվայի դեղերի վերահսկողության գործակալության ղեկավարի խոսքով՝ տղամարդը երկրի 77-ամյա քաղաքացի է։ Բժիշկների՝ նրան վերակենդանացնելու ջանքերն անցել են ապարդյուն։

«Գործակալությունն ունի տվյալներ, որոնք թույլ են տալիս եզրակացնել, որ մահվան պատճառը պատվաստումը չէ։ Բայց քանի որ մահը վրա էր հասել անմիջապես պատվաստումից հետո, գործակալությունն այս դեպքը արձանագրել է որպես ոչ ցանկալի կողմնակի ազդեցության ևս մեկ վկայություն»,-լրագրողների հետ զրույցում ասել է գործակալության ղեկավար Գիտիս Անդրյունելիսը։

Նա հաղորդել է, որ մահացածը ունեցել է սիրտ-անոթային համակարգի խնդիրներ։

Հաղորդվում է նաև, որ հունվարի վերջին հայտնի էր դարձել, որ լիտվական Մարիամպոլ քաղաքի հիվանդանոցներից մեկում  մի կնոջ սխալմամբ կորոնավիրուսի պատվաստանյութի 5 չափաքանակ են ներարկել։ Պարզվել է, որ կնոջ հետ ոչ մի վատ բան չի կատարվել։